«Դատապարտյալին կարող ես փոխել գեղեցիկի միջոցով, այլ ոչ թե Քրեական օրենսգրքով»

Դեկտեմբերի 19-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս և կին դատապարտյալների համար նախատոնական միջոցառում էր կազմակերպել: Անազատության մեջ գտնվող 5 անչափահաս և 20 կին այցելեցին Հենրիկ Մալյանի անվան թատրոն ու դիտեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը:

«Բոլորս էլ այսօր այստեղ մի փոքր կտրվեցինք մեր առօրյայից, եկանք ուրիշ իրականություն՝ հենց սկսած ավտոբուսից մինչև այստեղ, որովհետև այսօր ավտոբուսն էլ մեզ համար խնդիր է: Թեկուզ միայն այն փոքրիկ հաճույքը՝ նորից տեսնել Երևանը, հրապարակի տոնածառը, դա արդեն իսկ մեծ բան է մեզ համար: Իսկ թատրոնը շատ լավն էր, անկեղծ եմ ասում, դերասանական խումբը մեզ փոխանցեց Լոռվա ողջ կոլորիտը»,- անկեղծացավ կին դատապարտյալներից մեկը, ում անունը, իր ցանկությամբ, չենք նշում։

Թատերական ներկայացումից հետո դատապարտյալները անակնկալ էին պատրաստել դերասանների համար: Դատապարտյալ կանանցից մեկը՝ Աննա Ղազարյանը մի քանի երգ կատարեց՝ նվիրելով թատրոնի անձնակազմին:

«Վերջին անգամ թատրոնում եղել էի, երբ դպրոցական էի. մեզ էքսկուրսիա էին տարել: Շատ եմ սիրում, ինքս էլ արվեստով զբաղվում եմ՝ երգում եմ, ուղղակի ազատության մեջ եղած ժամանակ չէի հասցնում թատրոն այցելել: Ինձ համար շատ հաճելի էր այսօր այստեղ լինելը, քանի որ տարիներով փակված լինել ու գալ այսպիսի մի տեղ, որտեղ ցուցադրում են գեղեցիկ բան, հատկապես՝ Թումանյանի հեքիաթները, կարծես մի պահ մոռանայինք, որտեղ ենք գտնվում, շատ տպավորիչ էր»,- իր տպավորություններն այսպես ներկայացրեց Աննան:

Իսկ, «Տրտու» ՀԿ նախագահ Թեմիկ Խալափյանը, ով աջակցել էր միջոցառման կազմակերպմանը, կարծում է, որ նման միջոցներն օգնում են դատապարտյալին փոխվելու, հիմք են պատրաստում նրա համար հետագայում հասարակությունում ամբողջովին ինտեգրվելու համար:

«Ես վստահ եմ, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց և անչափահասների մեծ մասը թատրոն, թանգարան կամ մշակութային նմանատիպ այլ տեղեր չեն հաճախել: Մեր խնդիրն է այս մարդկանց օգնել, որ ճանաչեն իրենք իրենց՝ բացահայտեն»,- ասում է նա:

«Տրտու» ՀԿ նախաձեռնությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում տարիներ շարունակ իրականացվում են մշակութային ծրագրեր, գործում են խեցեգործության, փայտի փորագրության խմբակներ և կան պատանիներ ու երիտասարդներ, ովքեր իրենց սովորածը հետագայում՝ ազատության մեջ, օգտագործում են իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար: 

«Նման միջոցառումներով մենք փորձում ենք օգնել իրենց, որպեսզի իրենց կյանքում կարողանան ինչ–որ բան փոխել: ՀՀ քրեական օրենսգրքում չկա մի օրենք, որ կնպաստեր նրանց ուղղմանը: Ի վերջո, որն է մեր խնդիրը՝ նրանց ՔԿՀ-ում պահե՞լը, թե՞ նրանց օգնելը, որ վերափոխվեն: Սա մի յուրօրինակ արտթերապիա է: Երբեք ուշ չէ մարդուն ցույց տալ, թե ինչ բան է արվեստը, ինչ բան է գեղեցիկը, որովհետև միայն գեղեցիկի միջոցով կարող ես մարդուն փոխել, Քրեական օրենսգրքով չես կարող փոխել, դրա համար ես ուզում եմ, որ դատապարտյալները հաճախ շփվեն գեղեցիկի հետ»,- ասում է Թեմիկ Խալափյանը:

Միջոցառումը կազմակերպվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ 

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան