Ի պաշտպանություն իրավապաշտպան Նաբիլ Ռաջաբի

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Հայաստանում նրա անդամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն, միանալով միջազգային քարոզարշավին, կոչ են անում ազատ արձակել FIDH գլխավոր քարտուղարի տեղակալ Նաբիլ Ռաջաբին և դադարեցնել հետապնդումները իրավապաշտպանների նկատմամբ։

FIDH-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նաբիլ Ռաջաբը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Բահրեյնում ընդդիմության անցկացրած խաղաղ հավաքներին սատարելու համար։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան փետրվարի 14-ին հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Ռաջաբի։

«Սատարելով Նաբիլ Ռաջաբին և Բահրեյնի ժողովրդին, մենք նաև սատարում ենք Բելառուսում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ուզբեկստանում բանտարկված մեր մյուս իրավապաշտպան գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են հալածանքների՝ մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելու պատճառով»,– ասում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։