ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ–ին կոչ է անում զերծ մնալ բռնությունն արդարացնող և խրախուսող հայտարարություններից ու դիրքորոշումներից
Մայիսի 8-ին հրկիզվել
է Երևանի Փարպեցի 14/11 հասցեում գործող
DIY ակումբը։ Երկու երիտասարդ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական
օրենսգրքի 185 հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով` դիտավորությամբ գույքի ոչնչացում առանձնապես
խոշոր չափերի վնասով։ ԱԺ ՀՅԴ խմբակցության
պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հրայր Կարապետյանի երաշխավորությամբ գրավի և բնակության
վայրից չբացակայելու մասին ստորագրության հիման վրա երիտասարդներն ազատ են արձակվել։
Արծվիկ Մինասյանը հիմնավորել է իրենց գործողությունները
նրանով, որ «Ծոմակի [DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան] տեսակը ոչնչացնում է հայ
հասարակությունը։ Այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության
համատեքստում, ճիշտ ձևով [1]»։
Ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ,
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել
է. «Միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը
մեր երկրում այլասերության որջ ստեղծած և հասարակությունն իր բարոյական արժեքներից
հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ [2]»։
«Քաղաքական գործիչների
կողմից նմանատիպ հայտարարությունները խրախուսում և արդարացնում են այսօրինակ հանցագործությունները,
որոնք հիմնված են խտրականության և ատելության վրա։ Նրանք, նման դիրքորոշումներ արտահայտելով,
դառնում են հանցակից, նպաստում են այս տեսակի հանցագործությունների տարածմանը»,–նշում
է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։
Քաղաքացիական հասարակության
ինստիտուտը կոչ է անում զերծ մնալ բռնությունն արդարացնող և խրախուսող հայտարարություններից
և դիրքորոշումներից։ Որպես համամարդկային
և ազգային արժեք ընդունել մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը, ցանկացած խտրականության
դրևսորման արգելքը՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները։
Պահանջում ենք ՀՀ
քրեական վարույթ իրականացնող մարմնից նշված դեպքով 185 հոդվածից բացի գործի մեջ ընդգրկել
նաև 143–րդ հոդվածը՝ «Քաղաքացիների իրավահավասարություն խախտելը [3]»։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
[1]
http://www.panorama.am/am/interviews/2012/05/15/minasyan-about-comak/
[2]
http://www.armenianow.com/hy/society/38168/diy_gay_lesbian_club_bomb_attack_yerevan_reactions
[3]
ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված
143. Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը
1. Մարդու և քաղաքացու իրավունքներն
ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը՝ կախված անձի ազգությունից,
ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական
ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի օրինական
շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից
չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից
հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝
որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից
զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով: