Պրոբացիայի ծառայությունը պետք է նպաստի կրկնահանցագործության նվազմանը և դատապարտյալի վերասոցիալականացմանը

Նոյեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկումը: Այն կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության հետ համատեղ: Մանրամասները՝ «Պրոբացիայի ծառայության կայացման համար կարևոր է շահագրգիռ կողմերի համագործակցությունը» հրապարակման մեջ:

Հանդիպմանը ներկա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ չնայած պրոբացիայի ծառայությունը դեռևս չի աշխատում իր ամբողջ կարողությամբ և ուժով, քանի որ դեռ չեն ընդունվել Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, այնուամենայնիվ, վերջին ամիսներին կատարված աշխատանքն արդեն ունի իր արդյունքները: Ծառայությունը հնարավորություն է տալիս կիրառել նոր մեթոդներ, անհատական աշխատանք տանել յուրաքանչյուր շահառուի հետ, ինչը նպաստելու է դատապարտյալների վերասոցիալականացմանը, վերաինտեգրմանը:

«Պետք է անենք ամեն ինչ, որ ծառայության ներդրաման արդյունքում կրկնահանցագործության վիճակագրական տվյալները էապես նվազեն,- նշեց Ս. Քրմոյանը: - Վերջնական նպատակը դա է, որպեսզի աշխատենք դատապարտյալների հետ, և նրանք պատժի ավարտից հետո հասարակության լիարժեք անդամ լինեն: Պետք է նաև հնարավորինս լուծենք նրանց առողջապահական, սոցիալական, կրթական և զբաղվածության խնդիրները, որպեսզի այդ պատճառներով կրկնահանցագործություն չլինի»:

Քրմոյանը հույս հայտնեց, որ պրոբացիայի ծառայության հաջող գործունեության արդյունքում էապես կբարելավվի քրեական արդարադատության ոլորտը:

Պրոբացիայի պետական ծառայության պետ Լևոն Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս ծառայությունում հաշվառված է 2798 շահառու, ովքեր հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած անձինք են: Նրանց հետ պետք է տարվի անհատական աշխատանք: Այդ պատճառով էլ վերջինս կարևորեց Ծառայության համագործակցությունը թե՛ պետական մարմինների, թե՛ տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

«Պրոբացիայի ծառայության աշխատանքի արդյունավեությունը կախված է լինելու այլ մարմինների հետ համագործակցությունից: Այն գտնվում է մի օղակի մեջտեղում, որը կապելու է բոլոր գերատեսչությունները, և հասարակական հսկողության հիման վրա մենք փորձելու ենք իրագործել կրկնահանցագործության դեմ պայքարի գաղափարը»,- նշեց Լ. Ավետիսյանը:

Պրոբացիայի պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Նավասարդյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց նորաստեղծ ծառայության գործունեությունն ու օրենսդրական կարգավորումները:

«Պատժի մասին խոսելիս ակամայից տալիս ենք մեկ հարց՝ արդյո՞ք ազատազրկումը մի՞շտ է լավագույն լուծումը: Եվ գալիս ենք այն եզրահանգման, որ,իհարկե, ազատազրկումը ոչ միշտ է լավագույն լուծումը, և պատժի նպատակներին կարելի է հասնել առանց անձին հասարակությունից մեկուսացնելու»,- հավելեց Ա. Նավասարդյանը:

Քննարկմանը ներկա էր նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի
ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Դավիթ Բալայանը: Վերջինս նշեց, որ գործող Քրեական օրենսգիրքը դատարանին հնարավորություն է տալիս անչափահասների նկատմամբ նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ: Իրենք դեպքեր են ունեցել, երբ այդ հսկողությունը հանձնել են Այլընտրանքային պատիժների կատարման բաժնին (ԱՊԿԲ, որի հենքի վրա ստեղծվել է Պրոբացիայի պետական ծառայությունը): Սակայն, այստեղ, դատավորի խոսքով՝ առկա օրենքին զուգահեռ բացակայում են կիրառելի մեխանիզմները: Օրինակ՝ եթե դատապարտյալին արգելվում է 3 ամիս շարունակ ժամը 20:00-ից հետո բացակայել բնակության վայրից, ապա հարց է առաջանում, թե ո՞վ պետք է իրականացնի այդ վերահսկողությունը՝ ոչ աշխատանքային ժամերին:

Արձագանքելով դատավորի բարձրաձայնած խնդրին՝ Լևոն Ավետիսյանը նշեց, որ այժմ այդ խնդիրը կարգավորվելու է դատապարտված անձին ամրակցված էլեկտրոնային սարքերի միջոցով: Արդեն Հայաստան են բերվել նմանատիպ 50 սարքեր, որոնք դեռևս չեն գործարկվել: Նախատեսվում է առաջիկայում ոլորտի մասնագետներին ներկայացնել դրանց գործարկման մեխանիզմները, այնուհետև կիրառել նաև գործնականում:

Քննարկման մասնակից Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնցից կարող են օգտվել նաև Պրոբացիայի ծառայության շահառուները: Սակայն, երբեմն, խնդիր է առաջանում շահառուների փաստաթղթերի հետ կապված: Սրա արդյունքում շահառուն հնարավորություն չի ստանում հաշվառվել, ստանալ գործազուրկի կարգավիճակ և օգտվել համապատասխան ծառայություններից: Չնայած, շահառուն կարող է դիմել համապատասխան փաստաթուղթը ստանալու համար, սակայն այս գործընթացը հաճախ երկարաձգվում է վերջինիս բնակության և հաշվառման վայրի բացակայության պատճառով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն էլ նշեց, որ թե՛ զբաղվածության, թե՛ այլ խնդիրների կարգավորման հարցում մեծ դեր ունեն հոգեբանները, որոնք պետք է աշխատեն դատապարտյալների հետ:

«Սա ամենապահանջված, բայց ամենաքիչ մատուցվող ծառայությունն է այս ոլորտում»,- նշեց նա: Շարունակելով մասնագետների և կադրերի հարցը, Ա. Մինասյանը հավելեց, որ այս ոլորտում նաև սոցիալական աշխատողների մեծ կարիք կա, իսկ դա դեռևս երիտասարդ մասնագիտություն է Հայաստանում:

Քննարկման ընթացքում բոլոր զեկուցողներն ու ելույթ ունեցողները կարևորեցին ծառայության գործունեության արդյունքում կրկնահանցագործության նվազումը, ինչպես նաև՝ դատապարտյալի վերասոցիալականացումը, ինչին պետք է հասնել համատեղ ջանքերով:

Հանդիպման վերջում «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի տնօրեն Աննա Մելիքյանը ներկայացրեց պրոբացիայի շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, որը քննարկումների և փորձարկումների երկար փուլ է անցել:

«Այս գործիքը պատասխանում է 2 հարցի՝ որքանով է այս անձը վտանգավոր հասարակության համար, եթե մնա ազատության մեջ և ինչ գործոնների վրա պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկայնությունը»,- նշեց Ա. Մելիքյանը:

Կլորսեղանը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում,Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ) աջակցությամբ: