Պրոբացիայի մասին նոր օրենքում ներառված է հաշտեցման ինստիտուտը

2016թ. հունիսի 6-ին ուժի մեջ մտան Պրոբացիայի մասին և Պրոբացիայի ծառայության մասին ՀՀ օրենքները: Սա կարևոր քայլ էր Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեփոխման տեսանկյունից: Պատժողական քաղաքականության սկզբունքներն անցած 25 տարիներին գրեթե անփոփոխ են մնացել և բազմիցս քննադատվել են թե՛ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների, և թե՛ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Հրատապ անհրաժեշտություն է դարձել ներկայիս քրեական արդարադատության մշակույթի փոփոխությունն այնպիսի այլընտրանքով, որն ուղղված կլինի իրավախախտ անձանց վերականգնմանն ու վերաինտեգրմանը և տուժողի շահերի պաշտպանությանը:

Որպես այդպիսի այլընտրանք է ընկալվում Հայաստանում լիովին նոր Պրոբացիայի ծառայության հիմնումը, որը տեսականորեն պետք է կենտրոնանա տուժողների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և իրավախախտների ուղղման համար վերականգնման և վերաինտեգրման անհատական ծրագրերի մշակման վրա:

Ի լրումն այն գործիքակազմի, որով պետք է աշխատել իրավախախտի վերականգնման համար, օրենքը ներառում է նաև իրավախախտի և տուժողի հաշտեցման դրույթներ, որը, ըստ էության, հանդիսանում է վերականգնողական արդարադատության անկյունաքարը: Վերականգնողական արդարադատության ոլորտի միջազգային զարգացումները և, հատկապես, Կանադայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում իրավախախտ-տուժող հաշտեցման ծրագրերի առաջացումը ոգեշնչեցին Հայաստանում նմանատիպ փորձի ներդրմանը:

Պրոբացիայի ծառայության մասին օրենքի առաջին նախագիծը հաշտեցման գործառույթ չէր նախատեսում, այլ միայն մակերեսորեն անդրադառնում էր իրավախախտի և տուժողի միջև հաշտեցման կարևորությանը: Օրենքի նախագծի վերջնական տարբերակում նախագծի հեղինակը՝ ՀՀ արդարադատության նախարարությունն, այնուամենայնիվ, համարձակվեց ներդնել հաշտեցման գործառույթ և սխեմաներ, որոնք պետք է իրականացվեն պրոբացիայի ծառայողների կողմից:

Սա արվեց՝ չնայած համապատասխան ենթակառուցվածքների և անձնակազմի համապատասխան կարողությունների և Հայաստանում հաշտարարների պարբերական վերապատրաստման մեխանիզմների բացակայությանը: Ցավոք, մինչ օրենքի ընդունումը չկային նաև իրավախախտի և տուժողի հաշտեցման փորձնական ծրագրեր: Մտահոգության տեղիք էր տալիս նաև այն փաստը, որ ըստ օրենքի՝ հաշտեցումը իրականացվելու է ոչ թե անկախ մասնավոր կամ հանրային ծառայության կողմից, այլ պրոբացիայի ծառայողների, ում պետք է նշանակի Պրոբացիայի ծառայության ղեկավարը:

Միաժամանակ, ի պաշտպանություն նոր օրենքի պետք է նշել, որ Հայաստանում քրեական արդարադատության համակարգը խստիվ կարգավորվում է օրենքներով և ճկուն չէ, որպեսզի հնարավորություն լինի գոյություն ունեցող իրավական ակտերով չկարգավորվող նախաձեռնություններով հանդես հալ: Իսկ ինչ վերաբերում է անկախ հաշտարարական ծառայություններին՝ առայժմ Հայաստանում կան միայն մի քանի առանձին գործակալություններ, որոնք պրոֆեսիոնալ միջնորդության և այլ ծառայություններ են մատուցում քաղաքացիական գործերով վեճերի այլընտրանքային կարգավորման ոլորտում:

Այնուամենայնիվ, դեռ շատ վաղ է ասելու, արդյո՞ք միջազգային լավագույն փորձի հիման վրա հայաստանյան իրականություն ներդրված այս ինստիտուտը կընդունվի թե՞ կմերժվի: Ինչևէ, որպեսզի հաշտեցման ինստիտուտը իրապես դառնա համակարգի մի մասնիկը մեջ և ընդունվի հասարակության կողմից, հարկավոր է իրական քաղաքական կամք և լուրջ ջանքեր՝ խթանելու, որպեսզի բարեփոխումների միջոցով կայանա արդար և անաչառ համակարգը:

Երբ հարկ է լինում համոզվելու, թե արդյոք «արդարությունը հաստատված է», պետք է ուսումնասիրել յուրաքանչյուր հնարավորություն, և քրեական արդարադատության գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք պետք է ձգտի գտնել հաշտարարության մեջ կարևորագույն հարցի պատասխանը՝ «ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ճիշտ լինի»: Շատ կարևոր է նաև, որ այն լավ կարգավորված լինի՝ կախված արդարադատության գործընթացի փուլերից, իսկ աշխատակազմը վերապատրաստված լինի տուժողների, հատկապես՝ առավել խոցելի խմբերի հետ աշխատելու համար:

Հուսանք, որ նոր գործիքը կհամապատասխանի քրեական պատմության մեջ հայտնված և իրավիճակի զոհ դարձած մարդկանց առաջնահերթ և հրատապ կարիքներին, որովհետև նույնիսկ ամենալավ նախաձեռնությունը կյանք չի ունենա, քանի դեռ տուժողները համոզված չեն, որ իրենց ձայնը լսելի է և հաշվի է առնվում:

Հեղինակ՝ Եվգենիա Իվանովա