Պետությունը պետք է աջակցի դատապարտյալներին մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում

Դատապարտյալների վերականգնման և վերաինտեգրման գործում կարևոր դեր են խաղում կրթությունը և զբաղվածությունը, սակայն քրեակատարողական հիմնարկներում մասնագիտություն ձեռքբերելու և աշխատելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալները, ովքեր ազատության մեջ են և, թվում է, թե ավելի լայն հնարավորություններ ունեն, նույնպես բախվում են այս խնդրին: Պատճառը պետական աջակցության համակարգի բացակայությունն է, որը հանգեցնում է ավելի լուրջ խնդիրների, քան զուտ գործազրկությունն է:

Սեպտեմբերի 14-ին շահագրգիռ պետական և հասարակական մարմինների մասնակցությամբ Երևանում կայացավ «Դատապարտյալների վերասոցիալականացումը. զբաղվածության և կրթության ոլորտում առկա հնարավորությունները» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ կողմից Հայաստանում պրոբացիայի ծառայության հիմնադրման համատեքստում:

Այս տարվա մայիսին ընդունվեց «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը՝ հարակից փաթեթով, իսկ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը: Ծառայությունը ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հետքի վրա: 2015-ից պրոբացիայի երկու պիլոտային գրասենյակներ սկսեցին գործել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:

Պրոբացիայի պետական ծառայության պետ Լևոն Ավետիսյանի համոզմամբ՝ դատապարտյալների վերականգնման և վերաինտեգրման գործում խիստ կարևոր դեր են խաղում կրթությունը և զբաղվածությունը: «Պրոբացիայի պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել Զբաղվածության պետական գործակալության հետ, որի արդյունքում մի քանի շահառու կարողացան աշխատանք գտնել կամ ձեռք բերել մասնագիտություն: Սակայն համակարգում դեռևս առկա են խնդիրներ, որոնք խոչընդոտում են արդյունավետ աշխատանքին: Կրթության և գիտության նախարարության հետ դեռևս համագործակցություն չի հաստատվել: Շատ անելիքներ կան դեռ այս ոլորտում»,- ասում է Լևոն Ավետիսյանը:

«Նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության առջև օրենքով բավականին շատ խնդիրներ են դրվել, սակայն առկա չեն այն գործիքները և մեխանիզմները, այդ թվում՝ համագործակցությունը տարբեր շահագրգիռ մարմինների հետ, որ պետք է ծառայությանն աջակցեն իր առջև դրված խնդիրները լավագույնս կատարելուն»,- իր խոսքում նշեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) տնօրեն Աննա Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղհասարակության աջակցությամբ ծառայությունը կկարողանա արդյունավետորեն գործել:

ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրկնահանցագործություն կատարած և ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց մեծ մասը չունի մասնագիտություն (կրթությունը միջնակարգ կամ թերի միջնակարգ է) և մինչև առաջին հանցագործություն կատարելը չի ունեցել աշխատանք:

Աննա Մելիքյանի խոսքերով՝ քրեակատարողական հիմնարկներում զբաղվածության հնարավորությունները խիստ սահմանափակ են, աշխատատեղերը՝ սակավաթիվ (աշխատանք հիմնարկի տնտեսական մասում, ստեղծագործական աշխատանք «Դատապարտյալների աջակցություն հիմնադրամի» միջոցով), կա նաև չվճարվող աշխատանք կատարելու հնարավորություն, որը շատերի համար գայթակղիչ չէ:

«Կարելի է ասել, որ ազատազրկման վայրերում հիմնականում մարդիկ տարիներ շարունակ պարապության են մատնված, ինչը ոչ միայն բանտի ներսում խնդիրներ է ստեղծում, այլև հետագայում էլ ավելի է դժվարացնում ազատվելուց հետո օրինական զբաղվածություն և եկամուտ ունենալու հավանականությունը, մեծացնում է նոր հանցագործություն կատարելու ռիսկը»,- հավելում է նա:

Նույն խնդիրն ունեն նաև այլընտանքային պատիժ կրող անձինք, ովքեր թեև ազատության մեջ են և, թվում է, թե ավելի մեծ հնարավորություններ ունեն, սակայն պետական աջակցության համակարգի բացակայության պատճառով չեն կարողանում իրենց զբաղվածության խնդիրը լուծել:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Թիվ 6 արհեստագործական ուսումնարանի հետ համագործակցությամբ վերականգնողական ծրագիր իրականացրեց «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալների համար: Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ բանտի ուսումնական մասում վերանորոգվեց և կահավորվեց վարսավիրական սենյակ, որտեղ ազատվելու նախապատրաստվող 10 կին դատապարտյալ սովորեցին վարսավիրի հիմնական հմտություններ և ստացան վկայական: Դասընթացի նպատակն էր կանանց օգնել, որպեսզի ձեռքբերեն մասնագիտություն և հետագայում ունենան աշխատանք և եկամուտ:

ՔՀԻ տնօրենի գնահատմամբ՝ դասընթացը մեծ պահանջարկ ուներ և մասնակից կանայք միայն դրական են արձագանքել, սակայն ծրագրի հետագա ֆինանսավորման հետ կապված խնդիրը դեռ չի լուծվել: Կահավորված դասասենյակը կա, առաջիկա մեկ-երկու դասընթացի համար անհրաժեշտ նյութեր կան, հարկավոր է միայն դասընթացավարի աշխատավարձի հարցը հոգալ:

Օրենսդրական սահմանափակումների պատճառով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը բանտերում չի աշխատում, և, առհասարակ, զբաղվածության խթանմանն ուղղված առկա պետական ծրագրերը ազատազրկված անձանց համար հասանելի չեն:

Հասարակական կազմակերպությունների աջակցությամբ քրեակատարողական հիմնարկներում տարբեր դասընթացներ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են, սակայն միշտ խնդիր է դառնում դրանց շարունակականությունն ապահովելը, քանի որ պետությունը, այդպիսի ծրագրերը գնահատելով և կարևորելով հանդերձ, ռեսուրսներ չեն գտնում դրանց հետագա ֆինանսավորումը ստանձնելու համար:

Ակնկալվում է, որ նորաստեղծ Պրոբացիայի ծառայությունն, ի թիվս այլ վերականգնողական ծրագրերի, նաև պետք է աջակցի մասնագիտական ուսուցում և վերապատրաստում ստանալու հարցում: Սակայն, Պրոբացիայի պետական ծառայության պետ Լևոն Ավետիսյանի կարծիքով, ծառայությունն ինքնուրույն դա անել չի կարող, քանի որ չունի դասավանդողի հաստիքներ: Նա խնդրի լուծումը տեսնում է Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության միջոցով: Նախարարության ենթակայությամբ գործում են ուսումնարաններ և քոլեջներ, որոնց վրա պետությունը կարող է պարտավորություն դնել մասնագիտական կրթություն և ուսուցում կազմակերպել նաև դատապարտված անձանց համար՝ քրեակատարողական հիմնարկներում կամ դրանցից դուրս: Պրոբացիայի պիլոտային գրասենյակներն իրենց նախաձեռնությամբ և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ վերականգնողական մի շարք ծրագրեր են իրականացրել պրոբացիայի տակ գտնվող կին և անչափահաս դատապարտյալների համար, սակայն դրանց ընդլայնման կարիք կա:

Խնդրահարույց է նաև այն, որ քրեակատարողական հիմնարկներում կան մարդիկ, ովքեր չունեն միջնակարգ կամ հիմնական կրթություն: Փակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ԿԳՆ ենթակայությամբ գործող Թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը: Այն բանտում գործող միակ ուսումնական հաստատությունն էր: Փակման պատճառը հավանաբար անչափահաս դատապարտյալների քիչ թիվն է (այսօր «Աբովյան» ՔԿՀ-ում կա 9 անչափահաս), սակայն, ըստ արդարադատության ոլորտի աշխատակիցների, դա չի կարող արդարացում համարվել. նույնիսկ մեկ երեխային չի կարելի զրկել կրթության իրավունքից:

Այդ անչափահասները, ինչպես և ՔԿՀ-ներում գտնվող այն մարդիկ, ովքեր չունեն միջնակարգ/հիմնական կրթության վկայական, հետագայում չեն կարողանալու օգտվել ֆորմալ կրթության համակարգից:

«Համակարգը պետք է այնքան ճկուն գործի, որ սովորելու և մասնագիտություն ձեռբերելու հնարավորություն տա նաև այս անձանց»,- կարծում է ՔՀԻ տնօրեն Աննա Մելիքյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նկատում է, որ դատապարտյալների զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքը էական արդյունքներ չի տալիս, և միայն հասարակական կազմակերպություններ-պետություն համագործակցության շնորհիվ է, որ այս ոլորտում դրական շարժ է տեղի ունենում:

Դատապարտված անձինք, հատկապես ազատազրկված, թեև աշխատաշուկայում խոցելի խումբ են, սակայն դեռևս պաշտոնապես ընդգրկված չեն Զբաղվածության պետական գործակալության շահառուների թվում:

Մոտ երկու տարի առաջ ԶՊԳ-ն նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու և խորհրդատվություն մատուցելու փորձնական ծրագիր: «Հետաքրքիր փորձ էր: Շատ խնդիրներ բացահայտվեցին, և մեր մասնագետներն էլ վերապատրաստված չէին, բայց հասկացանք, որ հնարավոր է, պարզապես այս շահառուների խմբի հետ առանձնահատուկ աշխատանք է պահանջվում»,- ասում է նա:

Դրանից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի դատապարտված անձինք, որպես աշխատաշուկայում խոցելի խումբ, ընդգրկվեն ԶՊԾ շահառուների թվում և ծառայությունն օրենքով ունենա այս խմբին աջակցելու գործառույթ, սակայն օրենսդրական փոփոխությունները դեռևս չեն ընդունվել:

Իսկ Պրոբացիայի ծառայության շահառուներին աջակցելու հարցում, ըստ Ցողիկ Բեժանյանի, օրենդրական խոչընդոտներ կարծես չկան: ԶՊԳ-ն ունի երեք տիպի ծրագրեր (երկարատև զբաղվածություն ապահովող, ինքնազբաղվածություն ապահովող և աջակցող), որոնցում հնարավոր է, ընդհանուր հիմունքներով, ընդգրկել պրոբացիայի տակ գտնվող անձանց: Սակայն այստեղ էլ լուրջ խնդիր կա գործատուի վերաբերմունքի առումով: «Հաշմանդամություն ունեցողների դեպքում կարծրատիպը վերջին տարիներին կոտրվել է, ավելի հեշտ են համաձայնում աշխատանքի վերցնել, բայց այս խմբի հետ կապված դեռևս լուրջ կարծրատիպեր կան»,- ասում է ԶՊԾ ներկայացուցիչը:

Աշխատաժողովի մասնակիցները նշեցին նաև, որ դեռևս չի իրականացվել դատապարտյալների կարիքների գնահատում, որը թույլ կտար հասկանալ իրավիճակը և նպատակային ծրագրեր մշակել:

«Դատապարտյալների վերասոցիալականացումը. զբաղվածության և կրթության ոլորտում առկա հնարավորությունները» թեմայով աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովին մասնակցում էին Արդարադատության նախարարության, ԱՆ քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկների, Պրոբացիայի ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, Մանսագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի, Կրթության և գիտության նախարարության, կրթական միջին մասնագիտական կրթթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման նպատակն էր քննարկման դաշտ ստեղծել շահագրգիռ մարմինների համար՝ փոխանակելու իրենց տեսակետները Պրոբացիայի ծառայության շահառուների վերականգնման և վերասոցիալականացման հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան