Ի՞նչ է պրոբացիան

Պրոբացիան (թարգմանաբար՝ փորձաշրջան) այլընտրանք է ազատազրկմանը, որը կիրառվում է քրեական արդարադատության իրականացման տարբեր փուլերում:

Պրոբացիան կարող է կիրառվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց համար, որոնք գնահատվել են ցածր ռիսկայնության և վտանգ չեն ներկայացնում հասարակության համար:

Փորձաշրջանի ընթացքում իրավախախտում կատարած անձը ազատության մեջ է, սակայն գտնվում է Պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ և ենթարկվում է որոշակի կանոնների և պահանջների: Այս սահմանափակումների նպատակն է մի կողմից ապահովել հասարակության/համայնքի անվտանգությունը, մյուս կողմից՝ իրավախախտում կատարած անձին չկտրել իր առօրյա կյանքից և հարազատ միջավայրից, ինչը նպաստում է հետագայում նա ավելի արագ վերականգնմանը:

Պրոբացիայի ծառայության հատուկ վերապատրաստված աշխատակիցները պետք է կարողանան երկխոսություն հաստատել յուրաքանչյուր շահառուի հետ՝ նրանց խրախուսել մասնակցելու տարբեր կրթական, մշակութային, մարզական միջոցառումների և, ընդհանուր առմամբ, նպաստել նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ:

Պրոբացիա տերմինի իրավական բացատրությունը տրվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ԵԽ անդամ պետություններին ուղղված 2010/1 առաջարկությամբ: Համաձայն այդ առաջարկության` «Պրոբացիան վերաբերում է հասարակության մեջ օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարմանը: Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն...»:

Կայացած և արդյունավետ գործող Պրոբացիայի ծառայությունը.

  • կնպաստի ազատազրկմանը դատապարտված անձանց ավելի լավ վերաինտեգրմանը հասարակության մեջ,
  • կկանխի կրկնահանցագործությունը,
  • կբեռնաթափի բանտերը և, արդյունքում, կկրճատի պետական ծախսերն այս ոլորտում:

Ահա թե ինչու է կարևոր պրոբացիայի ծառայություն ունենալը:

Պրոբացիայի ոլորտում ամենամեծ փորձն ունի Մեծ Բրիտանիան, որը առաջինն է ստեղծել պրոբացիայի ծառայությունը: Հետագայում պրոբացիան մեծ տարածում է գտել մի շարք եվրոպական երկրներում, իսկ վերջին տասնամյակի ընթացքում Պրոբացիայի ծառայություն է ստեղծվել նաև նախկին խորհրդային հանրապետություններում` Լատվիայում, Էստոնիայում, Մոլդովայում և Վրաստանում:

Պրոբացիայի ծառայության ներդրման Հայաստանյան փորձը

Ներկայումս արդարադատության ոլորտի ընթացիկ բարեփոխումների կարգախոսերից մեկն այն է, որ Հայաստանը պատժողական քաղաքականությունից անցում է կատարում դեպի վերականգնողական արդարադատության: Դա ենթադրում է, որ քրեակատարողական համակարգի աշխատանքի կարևորագույն արդյունքը պիտի լինի իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ: Այս խնդիրը լավագույնս իրականացնում է արդյունավետ գործող Պրոբացիայի ծառայությունը:

ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված է «ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում ստեղծել քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին պրոբացիայի ծառայություն»:

2014-ին հաստատվեց Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը: Իսկ 2015թ. հունիսին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա սկսեցին գործել պրոբացիայի երկու պիլոտային գրասենյակներ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:

Ի դեպ, մարզերի ընտրությունը պատահական չէր, այլ հիմնված էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից իրականացված՝ Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների վերաբերյալ հետազոտության արդյունքների վրա, որի գնահատմամբ, նշված շրջանները ամենախնդրահարույցն էին քրեածին իրավիճակի առումով:

Ի վերջո, 2016 թվականի մայիսին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Պրոբացիայի մասին օրենքը հարակից փաթեթով: