ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային մոնիթորինգ. այլընտրանք ազատազրկմանը

Քրեադատավարական ոլորտի բարեփոխումների ճանապարհին ՀՀ արդարադատության նախարարությունը որդեգրել է նոր մոտեցում, ըստ որի՝ պատժողական քաղաքականությունից անցում է կատարում վերականգնողական քաղաքականության: Դա ենթադրում է, որ անձին ազատությունից զրկելը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, և ազատազրկման հետ չկապված միջոցները կարող են ավելի արդյունավետ լինել թե՛ ազատազրկման վայրերում անձանց պահելու համար պետության կողմից կատարվող ծախսերի կրճատման, թե՛ հետագայում այդ անձանց վերականգնման հնարավորության տեսանկյունից:
Հունիսի 6-ից ուժի մեջ մտավ «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ Հայաստանում Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հենքի վրա պետք է ստեղծվի Պրոբացիայի պետական ծառայություն: Այն գործելու է քրեակատարողական համակարգից անկախ և ծառայության աշխատակիցները համարվելու են քաղաքացիական ծառայողներ:
Պրոբացիան (թարգմանաբար՝ փորձաշրջան) այլընտրանք է ազատազրկմանը, որը կիրառվում է քրեական արդարադատության իրականացման տարբեր փուլերում:
Պրոբացիան կարող է կիրառվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց համար, որոնք գնահատվել են ցածր ռիսկայնության և վտանգ չեն ներկայացնում հասարակության համար:
Փորձաշրջանի ընթացքում իրավախախտում կատարած անձը ազատության մեջ է, սակայն գտնվում է Պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ և ենթարկվում է որոշակի կանոնների և պահանջների: Նա գրեթե չի կտրվում իր առօրյա կյանքից և միջավայրից, ինչը նպաստում է հետագայում նա ավելի արագ վերականգնմանը:
Ազատության մեջ գտնվող իրավախախտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ձևերից մեկն էլեկտրոնային մոնիթորինգն է, որի կիրառման ձևերը և պայմանները ներկայացված են «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլխում:
Ինչ է էլեկտրոնային մոնիթորինգը
«Էլեկտրոնային մոնիթորինգը» ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների միջոցով հսկողությունն է քրեական արդարադատության գործընթացում ներգրավված անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ:
Մոնիթորինգը սովորաբար իրականացվում է անձին ամրակցված կամ վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում տեղադրված հեռակառավարվող սարքավորման միջոցով:
ՀՀ օրենսդրությամբ ավելացվել են նոր այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը, որոնք պետք է իրականացվեն և վերահսկվեն էլեկտրոնային մոնիթրինգի միջոցով:
Երբ է կիրառվում
«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքով էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է.
- քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոց և անվտանգության միջոց,
- պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց,
- հետպատժյա (պոստպենիտենցիար) փուլում:
Ո՞ւմ կողմից է կիրառվում
Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ համակցված էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (Հոդված 134-136) սահմանված դեպքերում և կարգով:
Էլեկտրոնային մոնիթորինգ կիրառելու միջնորդությամբ դատարանին կարող են դիմել նաև այլ իրավասու մարմիններ:
- Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատական ակտով` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ:
- Պատժի կատարման փուլում` էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է Պրոբացիայի ծառայության միջնորդությամբ:
Էլեկտրոնային մոնիթորինգ կիրառելիս դատարանը հաշվի է առնում հետևյալ գործոնները՝ անձը բնութագրող հատկանիշները, տարիքը, առողջական վիճակը, զբաղվածությունը, բնակության մշտական վայրի առկայությունը, ընտանեկան դրությունը, արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
Ո՞ր մարմինն է ղեկավարում
Տարբեր երկրներում, իրավական համակարգով պայմանավորված, էլեկտրոնային մոնիթորինգը ղեկավարվում է տարբեր մարմինների կողմից՝ պրոբացիոն գործակալությունների, ուղղակիորեն բանտերի, ոստիկանության կամ իրավասու պետական այլ մարմնի կողմից և այլն: Որոշ երկրներում էլ այն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից՝ պետության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:
Հայաստանում Էլեկտրոնային հսկողության իրականացման և վերահսկման գործառույթը դրված է նորաստեղծ Պրոբացիայի ծառայության վրա: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ էլեկտրոնային հսկողության սարքեր Հայաստան կներմուծվեն մինչև տարեվերջ, որից հետո հնարավոր կլինի գործարկել դրանք:
Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը
Որոշ երկրներում էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, մյուսներում՝ սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է ծառայության համար (մասամբ կամ ամբողջությամբ):
ՀՀ օրենսդրությամբ՝ էլեկտրոնային հսկողության ծառայությունները կարող են իրականացվել թե՛ պետական բյուջեի, թե՛ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին: Այդ հարցը քննարկելու և որոշելու է դատարանը՝ հաշվի առնելով տվյալ անձի գույքային դրությունը:
Օրենքը, սակայն, ընդգծում է, որ ֆինանսական խնդիրը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողության կիրառումը մերժելու համար:
Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի՝ Հայաստանում էլեկտրոնային հսկողության ծառայության արժեքը կկազմի մոտավորապես օրական 1000 դրամ, այն դեպքում, երբ եվրոպական երկրներում այն շուրջ 5 եվրո է կազմում: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկում մեկ անձին պահելու համար պետական բյուջեից ծախսվում է օրական 5000-6000 դրամ: Բացի այդ, ազատազրկման վայրերը, չնայած որ ուղղիչ նպատակ ունեն, խիստ բացասական ազդեցություն են ունենում իրավախախտում կատարած անձի վրա՝ հետագայում դժվարացնելով անձի վերականգնումը և վերաինտեգրումը հասարակության մեջ: