ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց բռնի մեթոդներով լռեցնելու փորձերը կշարունակվեն, քանի դեռ պատվիրատուները չեն պատժվել
Երեկ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան մուտքի մոտ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչ, Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ՀԱԿ ներկայացուցիչների փոխանցմամբ՝ գլխարկով, միջին տարիքի անհայտ անձը, առանց որևէ բան ասելու, հարվածներ է հասցրել պատգամավորի դեմքին: Շքամուտքի մոտ տեղադրված տեսախցիկը արձանագրել է դեպքը, իսկ ավելի ուշ ժամանած իրավապահները Արամ Մանուկյանից բացատրություն են վերցրել, իսկ տեսանյութն ուղարկել են փորձաքննության։
ՀԱԿ կուսակցության այլ անդամները լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում միջադեպը կապեցին Արամ Մանուկյանի ընդդիմադիր գործունեության և համարձակ ելույթների հետ՝ կատարվածը համարելով վերջին շրջանում տեղի ունեցող բռնությունների շղթայի շարունակություն:
Դեկտեմբերի 9-ին և 10–ին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանին, Ռազմիկ Պետրոսյանին, Մանվել Եղիազարյանին: Ավելի վաղ՝ նոյեմբերի 27-ին, Երևանի Խանջյան փողոցում ծեծել էին «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին։ Դրան նախորդող երկու օրերին Երևանում հրկիզման եղանակով վնասվել էր վեց մեքենա։ Դրանցից մեկը պատկանում էր քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանին, իսկ մյուսները՝ «Նախախորհրդարանի» անդամներին և համակիրներին (Սուսաննա Մելքոնյան, Վարդան Հակոբյան, Կարո Եղնուկյան, Սամվել Սարգսյան, Լուսինե Գալստյան), ովքեր մասնակցում են «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությանը:
Ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել կամ նյութեր է նախապատրաստում, բացատրություններ է վերցնում տուժողներից, ոստիկանապետը հայտարարում է, որ այսուհետև «զոռբայությամբ և քյոխվայությամբ» հարց չի լուծվելու, ոչ մի հանցագործ անպատիժ չի մնալու... Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, նմանատիպ բռնություններից հետո հասարակական բողոքի ալիք է բարձրանում, իրավապահ մարմինները հայտարարում են, որ նախաքննություն է ընթանում, գնալով աղմուկը մարում է, գործերը հիմնականում կարճվում են, պատվիրատուները՝ մնում չբացահայտված։
Նույն գործելաոճով անցած տարի ծեծի ենթարկվեցին քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող նստացույցերին մասնակցած մի խումբ ակտիվիստներ: Մաշտոցի պողոտայի վրա հարձակման ենթարկված Արման Ալեքսանյանի դեպքում մի քանի տեսախցիկներ էին ֆիքսել կատարվածը, սակայն քրեական գործը կասեցվեց հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու հիմքով:
Ինչպե՞ս կարելի է որակել այս ամենը, եթե ոչ՝ անպատժելիություն։ Ինչպե՞ս կարող է հասարակությունը վստահել իրավապահ մարմիններին կամ հավատալ, որ արդար քննություն է կատարվում, բռնությունները կատարողները և, որ ամենակարևորն է, պատվիրատուները հայտնաբերվելու և պատժվելու են, եթե փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, մեկնաբանելով այն վարկածը, որ ազատամարտիկներին իր հրահանգով են ծեծի ենթարկել, հայտարարում է. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։
Քանի դեռ ոստիկանությունը չի բացահայտել և պատժել բռնությունների կազմակերպիչներին և կատարողներին, ծեծի և ահաբեկման միջոցով մարդկանց լռեցնելու կամ հնազանդեցնելու փորձերը կշարունակվեն: