ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ-ն ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխման մոդել
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն (ՔՀԻ) շահագրգիռ պետական կառույցների քննարկմանն է ներկայացրել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխման՝ իր կողմից առաջարկվող մոդելը։
Ներկայումս Հայաստանում գործող պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգն, ըստ մասնագետների, արդյունավետ չի գործում (քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողով–անկախ հանձնաժողով–դատարան)։ 2013թ.–ին ազատվել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալների ընդամենը 5 տոկոսը։ Համակարգը ազատման հստակ չափանիշներ չունի և անկանխատեսելի է դատապարտյալների համար։ Անկախ հանձնաժողովի մերժման որոշումները չեն հիմնավորվում և բողոքարկման ենթակա չեն։
ՔՀԻ առջարկած մոդելի համաձայն՝ Անկախ հանձնաժողով, որպես այդպիսին, չպետք է գործի։ Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները պետք է գնահատեն վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալի անցյալը և ներկան և տրամադրեն եզրակացություն։ Իսկ ՔԿՀ–ից անկախ մարմինը (ապագայում ստեղծվելիք ապորբացիոն ծառայությունը կամ նմանատիպ գործառույթ իրականացնող այլ մարմին, օրինակ՝ ներկայումս գործող Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը) պետք է գնահատի ապագայի հետ կապված գործոնները, առաջարկի պայմաններ, որոնք պետք է առաջադրվեն վաղաժամկետ ազատվողին, ինչպես նաև՝ գնահատի նրա կարիքները և առաջարկի աջակցության, վերականգնողական ծրագրեր։
Այս երկու, պատճառաբանված եզրակացությունների հիման վրա կգնահատվի պայմանական վաղաժամկետ ազատվողի կողմից կրկնահանցագործության կատարման ռիսկը, որի արդյունքները կտրամադրվեն դատապարտյալին և կուղարկվեն դատախազություն։ Վաղաժամկետ ազատման ենթակա անձը, հաշվի առնելով ստացված եզրակացությունների արդյունքները, օրինակ, տասնօրյա ժամկետում պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, որ իր ՊՎԱ հարցը քննարկվի դատարանում, որովհետև դիմելու և մերժվելու դեպքում նա 6 ամիս հնարավորություն չի ունենալու այդ հարցով դիմել դատարան։
ՔՀԻ կարծիքով՝ պետք է պայմանական վաղաժամկետ ազատման հստակ և իրագործելի չափանիշներ լինեն, որոնց միջոցով կիրականացվի կրկնահանցագործության ռիսկի և կարիքների գնահատում, որպեսզի դատապարտյալը ՔԿՀ–ում հայտնվելուն պես արդեն իմանա՝ ինչ պետք է անի, որպեսզի կարողանա վաղաժամկետ ազատվել։ Կազմակերպությունը, ՊՎԱ բարեփոխման մոդելին կից ներկայացրել է նաև կրկնահանցագործության ռիսկի գնահատման գործիքի նախագիծ։
Հիշեցնենք, որ առաջարկվող մոդելը ներկայացվեց և շահագրգիռ պետական մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ քննարկվեց նաև հոկտեմբերի 23-ին կազմակերպված «ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողովի ժամանակ։