ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Պրոբացիոն ծառայության ներդրմամբ առնվազն կրկնակի տնտեսում կունենանք». Ս.Քրմոյան

Պրոբացիոն ծառայության ներդրումը կլուծի քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության հարցը և տնտեսումներ կապահովի բյուջեում, iravaban.am –ի հետ հարցազրույցում վստահեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նա ասել է, որ պրոբացիոն ծառայության ներդրման համար մոտ 840 մլն դրամ է պետք ներդնել, բայց գործարկումից հետո, ազատազրկման մեջ գտնվող անձանց թվի կրճատման շնորհիվ, առնվազն կրկնակի տնտեսում կունենանք պետբյուջեում։
«Մենք ուսումնասիրություն ենք կատարել, և պարզվել է, որ ներկայումս պատիժը կրող դատապարտյալների և կալանավորված անձանց (մոտ 4000 հոգի) շուրջ 30 տոկոսը հնարավորություն ունեն պատիժը կրել ոչ ազատազրկման վայրերում»,– տեսակետ է հայտնել արդարադատության նախարարի տեղակալը։
Նրա խոսքերով՝ պրոբացիոն ծառայության ստեղծման հայեցակարգն արդեն մշակվել է և քննարկվել է արդարադատության նախարարին կից հանրային խորհրդում։ Ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ հայեցակարգը կդրվի շրջանառության մեջ և հոկտեմբերին կընդունվի:
Սուրեն Քրմոյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է 2015թ. հունվար ամսից պրոբացիոն ծառայության պիլոտային փորձարկում իրականացնել, մեկը՝ Երևանում, մյուսը՝ մարզերից մեկում: Այդ նպատակով հայեցակարգի մշակմանը զուգահեռ իրավական ակտերի նախագծեր են մշակվել, սկսել են կրթական մոդուլ մշակել պրոբացիոն ծառայության մասնագետներ պատրաստելու համար:
Իսկ այն հարցին, թե պրոբացիոն ծառայության ո՞ր մոդելն է ներդվելու Հայաստանում, արդարադատության փոխնախարարը պատասխանել է՝ դասական մոդելը:
«Այն ենթադրում է, որ պրոբացիոն ծառայությունը գործելու է չորս փուլերով՝ մինչդատական, այսինքն` մինչև անձի խափանման միջոցի ընտրությունը ծառայությունը պետք է իր համապատասխան հաշվետվությունը տա տվյալ անձի վերաբերյալ, դատական փուլում հաշվետվություն կպատրաստի դատարանի համար՝ հստակեցնելով, թե արդյոք պետք է, որ տվյալ անձը պատժվի ազատազրկման ձևով: Պատժի կատարման և պատժի կատարումից հետո ծառայության կողմից հսկողություն կիրականացվի: Կարևոր խնդիր է, որ պրոբացիոն ծառայությունը աշխատանք տանի դատապարտյալի ազատվելուց հետո, այսինքն` աշխատանքի տեղավորման հետ կապված և այլն»,– նշել է Սուրեն Քրմոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս սկզբնաղբյուր կայքում՝ iravaban.net–ում։
