ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոչ են անում վերականգնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը բաց նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ հիշեցնելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար դեռևս լիարժեք մատչելի չէ թանգարաններ այցելելը և մշակութային կյանքին հաղորդակցվելը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին կայացավ թանգարանային գիշեր նախաձեռնությունը, որն այս անգամ անց էր կացվում «Թանգարանները միավորում են մեզ» կարգախոսի ներքո։
«Եթե Հայաստանի և Արցախի 100 թանգարաններից առնվազն 5-ը կարող են իրենց դռները բացել նաև հաշմանդամություն ունեցող թանգարանասերների համար, ապա ինչպե՞ս կարող եք համարել, որ թանգարանները միավորում են մեզ, թե՞ «մեզ» ասելով ամենևին էլ նկատի չունեք այն 190.000 քաղաքացիներին, որոնց կարիքներին չեն համապատասխանում մշակութային օջախները»,– ասված է նամակում:
Դաշինքը նաև մեջբերում է Թանգարանների միջազգային խորհրդի (ով միջոցառման հովանավորներից է) էթիկայի կոդեքսը, որում անդրադարձ կա հասանելիության խնդրին. «Ղեկավար մարմինը պետք է այնպես անի, որ պարբերաբար և օրվա համապատասխան ժամերի թանգարանը և դրա հավաքածուները հասանելի լինեն բոլորին: Առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացվի մասնավորապես հատուկ կարիքներ ունեցող անձանց»:
«Հասկանալի է, որ ո´չ թանգարանները և ո´չ էլ պետական բյուջեն չունեն բավարար միջոցներ բոլոր կառույցները միանգամից հարմարեցնելու համար, սակայն տարիներ շարունակ այս ուղղությամբ գրեթե ոչինչ չձեռնարկելը ուրիշ բանի մասին է վկայում: Միջոցները գուցե իսկապես սուղ են, բայց եթե հարցը առաջնայնություն է, միջոցներ, հովանավորներ, ծրագրեր ու աջակիցներ հնարավոր է գտնել` գոնե աստիճանաբար խնդիրը լուծելու համար: Ի վերջո, հատուկ կարիքներ ունեցող մարդիկ միայն հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չեն. այդ խմբին են պատկանում նաև տարեցները, ովքեր ողջ աշխարհում զբոսաշրջիկների և թանգարաններ այցելողների ամենամեծ մասն են կազմում»,– նշում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցելու ոտնահարված իրավունքը վերականգնելու և ՀՀ տարածքում գործող թանգարանները հնարավորինս հասանելի դարձնելու համար:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 22-ին Հայաստանի հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան, որի Հոդված 30-ը վերաբերում է մշակութային կյանքին, հանգստին, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցությանը: Այն ամրագրում է՝
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը և ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու, որ նրանց համար.
ա) մատչելի լինեն մշակութային գործերը` ընդունելի ձևաչափերով.
բ) մատչելի լինեն հեռուստահաղորդումները, ֆիլմերը, թատրոնը և մշակութային գործունեության այլ ձևերը` ընդունելի ձևաչափերով.
գ) մատչելի լինեն մշակութային ներկայացումների ու ծառայությունների համար նախատեսված վայրերը, ինչպես, օրինակ, թատրոնները, թանգարանները, կինոթատրոնները և այլն:
