ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկվում է բարոյական վնասի հատուցման ինստիտուտ ներդնելու օրենսդրական առաջարկը
Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով փորձ է արվում Հայաստանում ներդնել ոչ նյութական վնասի փոխհատուցման ինտիտուտը։
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից և անցել քննարկումների փուլ։ Առաջարկվում է այն ուժի մեջ մտցնել 2014թ. նոյեմբերի 1-ից։
Մինչ օրս ոչ նյութական՝ բարոյական վնասի դրամական հատուցման մեխանիզմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ։ 2010թ. օրենսգրքով նախատեսվեց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հնարավորություն (հոդված 1087.1), որը, սակայն, մասամբ է արտացոլում «ոչ նյութական վնաս» հասկացությունը:
Նախատեսվում է սահմանել, որ եթե պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգման արգելք) կամ 5-րդ (ազատության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում, ապա այդ անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Բացի դրանից, հատուցման իրավունք ունի նաև այն դատապարտյալը, ով արդարացվել է Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածում նախատեսված պայմաններում:
Մասնավորապես, առաջարկվող օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել հետևյալ դեպքերի վրա`
1) իրավասու պետական մարմինների կողմից քաղաքացուն խոշտանգման ենթարկելը կամ անիրավաչափորեն կյանքից զրկելը,
2) կյանքից զրկված անձի մահվան կամ ենթադրյալ խոշտանգման փաստի առթիվ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց որոշման, գործողության կամ անգործության արդյունքում պատշաճ քննություն չիրականացնելը,
3) անձին ազատությունից անիրավաչափորեն զրկելը,
4) նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով դատապարտյալի արդարացումը (բացառությամբ` եթե դատապարտումը ամբողջովին կամ մասնակիորեն տեղի է ունեցել դատապարտյալի մեղքով, օրինակ` ինքնախոստովանական ցուցմունքի հետեւանքով):
Նախագծով սահմանվում է, որ «ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա գույքային իրավունքները կամ անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ»։
Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը և այլ հանգամանքներ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման մեխանիզմի օրենսդրական սահմանումը կարևոր է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման առումով, և դրա անհրաժեշտության մասին է նշվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացված վճիռներում:
Մասնավորապես, «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճռում (2012թ.) Եվրոպական դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների բացակայությունը, որի հետևանքով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-4-րդ կետերով սահմանված երաշխիքների խախտման արդյունքում տառապանք կրած անձը զրկվում է նման փոխհատուցում ստանալու հնարավորությունից, ինքնին, 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Հետևաբար, ներպետական օրենսդրությամբ պետք է նախատեսվի նման հնարավորություն։
Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում (2012թ.) ՄԻԵԴ–ը եզրահանգել է, որ «դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար: Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման հատուցում չի նախատեսում, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից։ Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում»։
Արդարադատության նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է նաև, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, ապահովել Եվրոպական կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը, Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարումը և նման վճիռների թվի նվազումը։
Նշենք, որ ավելի վաղ՝ 2013թ. նոյեմբերին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ այն չի սահմանում ոչ նյութական վնասը և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն։