Ո՞ւմ իրավագիտակցությունն է ցածր և ո՞վ պետք է լուծի ՍԴ որոշման թնջուկը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի
վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից
է։ Մարդկանց առաջին տպավորությունը և արձագանքը դրական էր. մտածեցին, որ պարտադիր բաղադրիչը
հանվելու է, ոգևորվեցին, բայց... մեկ օր չանցած՝ սկսվեց հերթական քաոսը։

Ինչպես ՍԴ հունվարի 24-ի հայտնի աշխատակարգային
որոշումից հետո, այնպես էլ՝ ապրիլի 2-ին կայացված որոշումից հետո աշխատողներն ու գործատուները
փորձում են լուծել կուտակային վճարները պահել–չպահելու գլուխկոտրուկը։ Սահմանադրական
դատարանը կրկին հաջողել է գրելու 64 էջանոց մի որոշում, որից ոչ ոք գլուխ չի հանում՝
անկախ այն բանից՝ իրավունքի մասնագե՞տ է, թե իրավական կրթություն չունեցող շարքային
քաղաքացի։

Հատկանշական է, որ որոշումը ճիշտ չի ընկալել
նաև ՍԴ անդամներից առնվազն մեկը՝ Ֆելիքս Թոխյանը։ Սեպտեմբերի 2-ի երեկոյան երկու տարբեր
հեռուստատեսությամբ տված նրա երկու հարցազրույցները հակասել են իրար։ «Արմնյուզի» եթերում
ՍԴ անդամն ասում է, որ հակասահմանադրական ճանաչված նորմերը որոշման հրապարակման պահից
անվավեր են և չեն գործում, ու գործատուները, թեև կարող են մինչև սեպտեմբերի 30-ը պահել
կուտակային վճարները, բայց իմաստ չունի, որովհետև, մեկ է, հետո վերադարձնելու են։ Իսկ
մեկ ժամ չանցած՝ «Շանթի» եթերում նույն Ֆելիքս Թոխյանն ասում է, որ գործատուները պարտավոր
են մինչև սեպտեմբերի 30-ը մուծել կուտակային վճարները, քանի որ օրենքը շարունակում
է ուժի մեջ մնալ, իսկ հետո կարվի վերահաշվարկ (պահված գումարների վերադարձի մասին խոսք
չկա)։  

Եվ հանկարծ, սեպտեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերության
եթերից Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «ամեն ինչ իր տեղն է գցում»։
Տարաբնույթ մեկնաբանությունները նա պատճառաբանում է «իրավագիտակցության ցածր մակարդակով»
և կարծիք հայտնում, որ ամեն ոք, իր շահերից ելնելով, տարբեր կերպ է մեկնաբանում որոշումը։

Նման որակում տալուց առաջ Գագիկ Հարությունյանը
հիշո՞ւմ էր արդյոք, որ մեկ օր առաջ իր իսկ գործընկեր Ֆելիքս Թոխյանը, ով հավանաբար
մասնակցել է ՍԴ որոշման կայացմանը, նույնպես սխալ մեկնաբանեց ՍԴ որոշումը։ Գուցե նա՞
էլ ուներ ցածր իրավագիտակցության մակարդակ, թե՞ իր սեփական շահերից ելնելով էր այդ
կերպ մեկնաբանում։

Հասարակական դժգոհության և բողոքի նոր ալիք
է բարձրանալու, եթե իրավասու մարմինները շուտափույթ պարզաբանումներ չտան և չկարգավորեն
մի քանի սկզբունքային խնդիր՝ կամավոր կերպով ֆոնդ չընտրած քաղաքացիները և նրանց գործատուները
պետք է հնարավորություն ունենան շարունակել չվճարել պարտադիր կուտակային վճարները,
ինչպես դա անում էին 2014թ. հունվար-մարտ ամիսներին։

Քաոտիկ իրավիճակ չստեղծելու համար գուցե հենց
Սահմանադրական դատարա՞նն ընդունի ևս մեկ աշխատակարգային որոշում, որով մինչև 2014թ.
սեպտեմբերի 30-ը կկասեցնի պարտադիր վճարները չփոխանցելու համար գանձվող տույժ ու տուգանքները,
մինչև որ խնդրահարույց նորմերը կհամապատասխանեցվեն ՀՀ սահմանադրությանը։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան