Մեծ լրատվամիջոցների կողմից փոքրերի կլանումն անխուսափելի է. փորձագետ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր տեսակետ է հայտնել, որ լրատվամիջոցների հանդեպ հասարակության վստահության աստիճանը ցածր է, ինչի հիմնական պատճառը քաղաքական ազդեցությունն է ԶԼՄ-ների վրա: Այս մասին հաղորդում է Մեդիամաքսը։

Ներկայացնելով «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքները՝ փորձագետը նշել է, որ նոր մեդիայի շնորհիվ հասարակության հետաքրքրությունը հեռուստատեսությունից հեռանում է` գալով դեպի այլընտրանքային մեդիա։ «Սակայն սոցիալական ցանցերը հադես չեն գալիս որպես ինֆորմացիայի հիմնական աղբյուր և, այս առումով, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների դերը շարունակում է բարձր մնալ»,– ասել է Բորիս Նավասարդյանը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի մեդիա շուկան բավական հագեցած է, ինչը լուրջ և բացասական կերպով ազդում է մեդիա ոլորտի վրա:

Փորձագետների կանխատեսմամբ՝ ապագայում անխուսափելի է հոլդինգների ձևավորումն և մեծ լրատվամիջոցների կողմից փոքրերի կլանումը: Նրանք խոստումնալից ապագա չեն տեսնում նաև տպագիր մամուլի համար, քանի որ հետաքրքրությունը թղթային տարբերակից անցում է կատարում դեպի համացանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր նյութում։

Հետազոտությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և «Ինտերնյուս Նեթուորքի» հետ համատեղ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: