Human Rights Watch-ի տարեկան զեկույցն անդրադարձել է Հայաստանին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, գրում է civilnet.am-ը։

Զեկույցում առանձին ոլորտներով ներկայացված է նաև իրավիճակը Հայաստանում (նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, հավաքների ազատություն, ակտիվիստների վրա հարձակումներ, բանակում չարաշահումներ, խոսքի ազատություն, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներ:

Նախագահական և ՏԻՄ ընտրություններ

Թեև երկու ընտրություններն էլ ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, այնուամենայնիվ, երկուսն էլ ստվերվեցին ընտրողների հանդեպ գործադրված ճնշումների, ընտրակաշառքի, գործող թեկնածուների օգտին վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքացիների բողոքների նկատմամբ ոստիկանության արձագանքի բացակայության մասին հայտարարություններով:

Հավաքների ազատություն և հարձակումներ ակտիվիստների վրա

Oգոստոսին, ոստիկանությունը ուժ է կիրառել` ցրելու Երևանի կենտրոնում հավաքված մի խումբ քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների, ովքեր պահանջում էին դադարեցնել բարձրահարկ շենքի կառուցումը քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը կարճ ժամկետներում բերման է ենթարկել շուրջ 26 ցուցարարների` նրանցից առնվազն մեկին ծեծի ենթարկելով ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին:

Սեպտեմբերին Երևանի խաղաղ ցուցարարների հանդեպ տեղի է ունեցել հարձակումների տարափ, որն ըստ երևույթին, ձեռնարկվել է բնակչությանը հուսալքելու և նրանց մասնակցությունը երկու խաղաղ բողոքի ակցիաներին կանխելու նպատակով:

Խոշտանգում և վատ վերաբերմունք

Ըստ տեղական իրավապաշտպանների` ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ շարունակվում են խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի դեպքերը, և խոշտանգման սահմանումը Հայաստանի օրենքում չի համապատասխանում միջազգային չափանիշներին, քանզի այն չի ներառում պետական պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Իշխանությունները հաճախ հրաժարվում են քննության առնել վատ վերաբերմունքի մասին վկայող հայտարարությունները կամ ստիպում են քաղաքացիներին ետ վերցնել իրենց բողոքները: Ոստիկանությունը խոշտանգումներ է կիրառում` կասկածյալներից և ականատեսներից խոստովանական ցուցմունքներ և մեղադրական հայտարարություններ կորզելու նպատակով:

Չարաշահումները բանակում

Իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել բանակում մտահոգիչ քանակությամբ ոչ մարտական մահացության դեպքերի վերաբերյալ:

Կառավարությունը դեռևս չի առաջարկել որևէ իրական քաղաքացիական այլընտրանք այն զինապարտների համար, որոնք կրոնական շարժառիթներով պայմանավորված, հրաժարվում են զինվորական ծառայությունից:

Խոսքի ազատություն

Հեռարձակվող ԶԼՄ-ների շրջանում առկա է բազմակարծության պակաս, և տարվա ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնության և ոտնձգության մի քանի միջադեպեր են պատահել:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Լուրջ խնդիր են սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված ճնշումները և խտրականությունը ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական գործիչների կողմից:

Պալիատիվ խնամք

Բյուրոկրատական սահմանափակումները խոչընդոտում են ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիությունն անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար:

Human Rights Watch-ի զեկույցի` Հայաստանի վերաբերյալ հատվածն ավելի մասնրամասն կարող եք կարդալ Civilnet-ի կայքում։