Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Հայաստանում 2013-ին

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ապրում է մոտ 190.000 հաշմանդամություն ունեցող անձ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և դրանց ապահովման հարցում պետության պարտավորություններն օրենսդրական դաշտում ամրագրված են: Խնդիրը շարունակում է մնալ այդ օրենքների կիրարկումը:

Մինչ օրս լուծված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարևորագույն խնդիրներից մեկը՝ տրանսպորտի հարցը։ Դեռևս 2010թ.–ին Երևանի քաղաքապետարանը խոստացել էր, որ կներկրվեն հենաշարժական խնդիրներ ունեցող հաշմանդամների համար հարմարեցված ավտոբուսներ։ Ավելի ուշ մեկնաբանեցին, որ ավտոբուսները կհարմարեցվեն ներկրվելուց հետո։ Այնուհետև պարզվեց, որ դրանք կարող են ձևափոխվել միայն երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո։ Այդ ժամկետները վաղուց ավարտվել են, սակայն խոստացված ավտոբուսները չկան։

2013թ. դեկտեմբերի 3-ին «Մատչելի միջավայր բոլորին» քայլարշավի ժամանակ Երևանի քաղաքապետի օգնականը հերթական խոստումը տվեց՝ հայտնելով, որ 2014-ին Երևանում անպայման կլինեն հարմարեցված ավտոբուսներ։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն առաջընթաց են արձանագրել Երևան քաղաքի ֆիզիկական մատչելիության տեսանկյունից։

«Քաղաքի հարմարավետության տեսանկյունից բավականին փոփոխություն կա. մեր առաջարկով փողոցներում, անցումներում և շենքերի մուտքերում կառուցվել են բավականին լավ թեքահարթակներ՝ նորմատիվներին համապատասխան։ Բայց շենքերի ու շինությունների մատչելիությունը դեռ ցածր մակարդակի վրա է»,– hra.am –ին ասաց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։

Նրա կարծիքով՝ առաջընթաց կա գործատուների վերաբերմունքի փոփոխության առումով։ Տարբեր կազմակերպություններ պատրաստ են հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի վերցնել։ Նման դրական օրինակ ցույց տվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ ընթացքի մեջ են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ նոր՝ միջազգային նորմերին համապատասխան հայեցակարգի քննարկումները, որը դրական փոփոխություն կբերի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման ոլորտում.

«Շուտով քվոտավորում է մտցվելու, 2015թ.–ից պետական մարմինները, իսկ 2016թ.–ից նաև մասնավոր կազմակերպությունները պետք է որոշակի տոկոս աշխատատեղեր հատկացնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,– նշում է «Ունիսոն» ՀԿ նախագահը։

2013-ը ընտրական առումով թեժ տարի էր: «Փարոս» ՀԿ–ն, որը տարիներ շարունակ զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցով, արձանագրել է, որ հաշմանդամների ընտրական իրավունքի իրացման ոլորտում էական փոփոխություն չի գրանցվել. մատչելիությունը շարունակում է մնալ որպես գերխնդիր հաշմանդամ մարդկանց ընտրական իրավունքը իրականացնելու համար: Կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը www.hra.am –ին հայտնեց, որ ընտրատեղամասերի միայն 20%-ն են հարմարեցված հենաշարժական և այլ խնդիրներ ունեցող մարդկանց համար, իսկ 80 տոկոսը դեռ շարունակում են մնալ անմատչելի։ Շարունակում է չլուծված մնալ նախընտրական քարոզարշավը խուլ մարդկանց համար մատչելի դարձնելու խնդիրը։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը հիմնականում հասարակական կազմակերպությունների անմիջական աշխատանքի կամ շահերի պաշտպանության արդյունքն է։ Ընթացիկ տարում պետական քաղաքականության ոլորտում որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվել: