ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ դատարանը բողոքների ընդունումը կամ մերժումը չի պատճառաբանում. ՄԻՊ զեկույց

ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի համաձայն՝ ՀՀ բարձրագույն դատական ատյանը Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ ՎԴ գործառույթն է նաև ընդհանուր և մասնագիտացված ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելը։
Վճռաբեկ բողոք բերելու համար հիմքերից մեկը դատական սխալն է, այսինքն՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
«Վճռաբեկ դատարանի կողմից հիմնական խախտումները, երկակի ստանդարտները և իրավական կամայականությունները կատարվում են բողոքները վարույթ ընդունելու փուլում։ Դա էլ իր հերթին հնարավոր է դառնում, քանի որ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում խախտում է բողոքը վերադարձնելու մասին որոշումները պատճառաբանելու՝ օրենքի հստակ պահանջը (ՀՀ դատական օրենսգիրք, 50-րդ հոդված, 4-րդ մաս)»,– նշված է Մարդու իրավունքների պաշտպանի՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցում։
| Վճռաբեկ բողոքների ճնշող մեծամասնությունը ՎԴ կողմից վարույթ չեն ընդունվում։ 2012թ.–ին ՎԴ քաղաքացիական և վարչական պալատը ստացել է 2928 վճռաբեկ բողոք, մակագրված 2733 բողոքներից 2474–ը (90.5%–ը) վերադարձվել է։ ՎԴ քրեական պալատը վերադարձրել է ստացված բողոքներից 1007-ը (88.1%), վարույթ է ընդունել միայն 76 բողոք (6.6%-ը)։ |
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՎԴ–ն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումները հիմնականում պատճառաբանում է «բողոքի ընդունելիության հիմքերը բացակայում են» ձևական, տիպային պատճառաբանությամբ, ինչը չի ապահովում ՀՀ դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ պատճառաբանման պահանջը։
Պատշաճ չեն պատճառաբանվում նաև բողոքները վարույթ ընդունելու որոշումները, հստակեցված չեն բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, չափանիշները։ Այս մասին նշված է նաև ՀՀ կառավարության հեղինակած՝ ՀՀ դատական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի հիմնավորման մասում (18.06.2013թ):
«Վճռաբեկ դատարանը, գործելով իր սահմանադրական գործառույթների շրջանակում, պարտավոր է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ մեկնաբանել «էական նշանակություն», «ծանր հետևանք», «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված ակտ» հասկացությունների օրենսդրական բովանդակությունը՝ հնարավորություն տալով իրավունքի սուբյեկտներին կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետևանքները»,– ասվում է Սահմանադրական դատարանի՝ 28.07.2009թ. ՍԴՈ-818 որոշման մեջ։
Ըստ զեկույցի՝ մինչ օրս բացահայտված չէ «ծանր հետևանքներ» հասկացության բովանդակությունը և այդ հիմքով ներկայացված և վարույթ ընդունված բողոքների ընտրության չափանիշները։
«Ծանր հետևանքներ» հասկացությունը պատճառաբանելու առաջարկ է ներկայացվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 2012թ. նոյեմբերի 29-ի՝ ՀՀ ՎԴ–ին ներկայացված եզրակացությամբ։
ՎԴ կողմից վարույթ ընդունված մի շարք բողոքներում որպես «ծանր հետևանք» նշվում է մի դեպքում սեփականության իրավունքի զրկման կամ սահմանափակման վտանգը, դատական սխալի հետևանքով անօթևան մնալու վտանգը, մյուս դեպքում՝ անձի ազատության անհիմն սահմանափակումը, անհիմն դատապարտումը։
«Ծանր հետևանք» հասկացությունը մինչ օրս անորոշ է և կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, ինչը պարարտ հող է ստեղծում ՎԴ լիազորությունների կամայական իրականացման համար, եզրակացնում են զեկույցի հեղինակները և հավելում. «Նման պայմաններում լիովին արդարացված է հանրության շրջանում առկա անվստահությունը ՎԴ գործունեության նկատմամբ»։
ՀՀ ՎԴ քաղաքացիական գործերով պալատի որոշումներում հաճախ հանդիպում է հետևյալ ձևակերպումը «Վերլուծելով բողոքի փաստարկները՝ ՎԴ գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ գործի ելքի վրա ազդած դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում։ Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ»։
Նույնաբնույթ ձևակերպումներ հաճախ հանդիպում են նաև ՎԴ քրեական պալատի՝ բողոքը վերադարձնելու մասին որոշումներում. «Վերլուծելով բողոքի փաստարկները՝ ՎԴ գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ գործի ելքի վրա ազդած դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող էր առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանք։ Հետևաբար բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ»։
Վճռաբեկ բողոք բերելու հիմք հանդիսանում է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, մինչդեռ վերոնշյալ ձևակերպումներից երևում է, որ ՎԴ–ը բողոքը վարույթ ընդունելու փուլում է գնահատում դատական սխալի առկայությունն ազդե՞լ է գործի ելքի վրա թե ոչ, ինչը պետք է աներ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ դատաքննության փուլում։
Վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանը հաճախ բողոքը վերադարձնելու մասին որոշումներում բողոքը վարույթ չընդունելը պատճառաբանում է բողոքի ընդունելության հիմքերը բավարար հիմնավորված չլինելու հանգամանքով, հետևյալ տիպային պատճառաբանությամբ. «Վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները՝ ՎԴ գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ ՎԴ որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Հետևաբար, բերված բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.8 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ»։
Մինչդեռ, ի տարբերություն Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում բողոք բերող կողմի համար սահմանված չէ բողոքի ընդունելիության հիմքերի վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու պարտականությունը։ Այս դեպքում բավարար է նշել միայն նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման կամ սխալ կիրառման հիմնավորումները։
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2012-2013թթ. վարույթ ընդունված բոլոր բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարույթ ընդունված բողոքներից 9-ը ընդհանրապես չեն պարունակել վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի վերաբերյալ որևէ հղում կամ հիմնավորում, այսինքն՝ դրանք ՎԴ կողմից վարույթ են ընդունվել ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերի պահանջների ակնհայտ խախտմամբ։ Այս փաստն ապացուցում է նաև ՎԴ կողմից երկակի ստանդարտների ակնհայտ կիրառումը, քանի որ այլ դեպքերում դատարանը վարույթ չի ընդունել բողոքի ընդունելիության հիմքերից որևէ մեկի հիմնավորում չպարունակող բողոքները, իսկ նշված 9 գործի դեպքում բացառություն է արել։
Սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշումը հստակ սահմանում է. «ՎԴ–ը պարտավոր է վերադարձնել վճռաբեկ բողոքը, եթե այն չի համապատասխանում օրենքով նախանշված բովանդակային պահանջներին կամ չի պարունակում վճռաբեկ բողոքի ընդունելիության որևէ հիմնավորում»։ Այսինքն՝ վճռաբեկ բողոքը պարտադիր պետք է պարունակի հիմնավորում այն մասին, թե դատական սխալն ինչպիսի ծանր հետևանքներ է առաջացրել կամ կարող է առաջացնել, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ ՎԴ որոշումն ինչպես կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես է վերանայվող դատական ակտը աներևույթ հակասում ՎԴ նախկինում ընդունված որոշումներին։
Վարույթ ընդունված և վերադարձված վճռաբեկ բողոքների ուսումնասիրության արդյունքում հիմնականում հնարավոր չէ բացահայտել, թե ինչ չափանիշներով են վճռաբեկ բողոքներն ընդունվում վարույթ կամ վերադարձվում ՎԴ կողմից։
ՎԴ կողմից վարույթ ընդունված մի շարք բողոքներ պարունակել են ընդամենը ձևական հղումներ վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերին՝ առանց ըստ էության հիմնավորելու դրանց առկայությունը։ Օրինակ՝ բողոքում նշվել է, որ վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է ՎԴ նախկինում ընդունված որոշումներին՝ առանց կոնկրետ որոշում նշելու, կամ նշվել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ ՎԴ որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ առանց հստակեցնելու, թե որ օրենքի նորմերի մասին է խոսքը։
Ուսումնասիրությունը արձանագրել է նաև հակառակ պատկերը, երբ բավականին մանրամասն պատճառաբանված վճռաբեկ բողոքի վարույթ չի ընդունվել և վերադարձվել է։ Օրինակ՝ թիվ ԿԴ/0399/02/10 քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքը, որտեղ հիմնավորված է դատական սխալի առկայությունը, ներկայացված է առանձին հիմնավորում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ, նշված է թե ՎԴ նախկինում ընդունած կոնկրետ որ որոշումներին է հակասում։ ՎԴ–ը բողոքը վերադարձրել է ընդունված տիպային պատճառաբանությամբ՝ վարույթ ընդունելու ժամանակ գնահատելով դատական սխալի ազդեցությունը, մինչդեռ դա իրավասու էր պարզելու և գնահատելու միայն բողոքը վարույթ ընդունելուց հետ՝ գործի ըստ էության քննության արդյունքում։
Նույն պատճառաբանությամբ վերադարձվել են մանրամասն հիմնավորված թիվ ԵԿԴ/0196/06/13 գործով և ԵԿԴ/0099/11/12 գործով վճռաբեկ բողոքները։
Զեկույցում ընդգծվում է, որ մի շարք դեպքերում Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձված գործերը հետագայում հիմնավոր են համարվում և վարույթ են ընդունվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՎԴ–ն, ըստ էության, չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումների պահանջները։
ՎԴ կողմից բողոքը վարույթ ընդունելու հիմքերից մեկը նոր երևան եկած կամ նոր հանգամանքների առկայությունն է։
Սահմանադրական դատարանը Դատական դեպարտամենտից պահանջել է նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի՝ 2006թ.–ից հետո քննության առած և ընդունած որոշումները։ ՍԴ կողմից վերջին տարիների ընդունված շուրջ 150 որոշումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քննված գործերի 92.3%–ի դեպքում մերժվել է նոր հանգամանքների հիմքով գործի քննությունը, միայն 7.7%–ի դեպքում է գործը քննվել, սակայն ոչ մի գործով վերջնական դատական ակտը չի վերանայվել (18.09.2013թ. ՍԴՈ-1114 որոշում)։
Զեկույցում արձանագրվում է, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա՝ նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքերում նույնպես ՎԴ կողմից ցուցաբերվում է ձևական մոտեցում. «Հայտնի չեն դեպքեր, երբ Եվրոպական դատարանի վճիռը դիմումատուի համար հանգեցրել է գործի ելքի փոփոխության, և դատական ակտի վերանայման արդյունքում այն փոփոխվել է»։
