Կոռուպցիան և երկակի ստանդարտները դատական համակարգում

ՄԻՊ զեկույցը
պարզել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող կաշառքի չափերը
և տրման մեխանիզմները։

Մարդու իրավունքների միջազգային
օրվան ընդառաջ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դեկտեմբերի 9-ին ներկայացրեց
արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցը։ «Մեր կարծիքով՝ այս զեկույցը պետք է կարևոր կանխարգելիչ
դերակատարություն ունենա Վճռաբեկ դատարանի և Արդարադատության խորհրդի կողմից կիրառվող
խախտումների և երկակի ստանդարտների վերացման առումով»
,– իր խոսքում նշեց ՄԻՊ տեղական
Գենյա Պետրոսյանը՝ հավելելով, որ մանրամասն և կոնկրետ դեպքերով հիմնավորված ուսումնասիրություն
մինչ օրս չի արվել պաշտպանի կողմից։ Սա առաջինն զեկույցն է և լինելու է պարբերական։

Նրա խոսքերով՝ զեկույցում
նկարագրված են այն խնդիրները և խախտումները, որոնք  վտանգում են Հայաստանում արդար դատաքննության իրավունքի
ապահովումը։ Ընտրվել է արդար դատաքննության իրավունքը, որովհետև մյուս բոլոր իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է այս իրավունքի
իրացման միջոցով։ Իսկ ընտրված երկու մարմիններն այն օղակներն են, որոնք պետք է սրբագրեն
դատական սխալները և կարգապահական պատասխանատվության ենթարկեն օրինախախտ դատավորներին։

Զեկույցը պատրաստելու
համար անանուն հարցազրույցներ են անցկացվել շուրջ 120 մասնագետների հետ, այդ թվում՝
փաստաբանների, դատավորների, դատախազների, իրավաբանների և այլն։ Ուսումնասիրվել են ՀՀ
արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունված բոլոր որոշումները, ՀՀ Վճռաբեկ դատարան
(ՎԴ) ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները (2007-2013թթ.),
ՎԴ–ի վերադարձրած բողոքները, փաստաբանների կողմից տրամադրված շուրջ 35 դատական գործեր։

«Այս ամենի արդյունքում
մենք կարողացել ենք բացահայտել կոնկրետ դեպքեր, օրինակներ, երբ թե՛ Վճռաբեկ դատարանի,
թե՛ Արդարադատության խորհրդի կողմից կիրառվել են ակնհայտ երկակի ստանդարտներ և եղել
են դեպքեր, երբ դրանք զուգորդված են եղել օրենքի խախտումներով»,– նշեց Գենյա Պետրոսյանը։

Հարցազրույցների ժամանակ
ձեռքբերված տեղեկատվությունն օգտագործվել է ընդհանրացված տեսքով, և պաշտպանն անձամբ
է երաշխավորել տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը, այլապես, ըստ պաշտպանի տեղակալի,
հնարավոր չէր լինի այդ  

Կոռուպցիոն մեխանիզմներ

Ըստ զեկույցի՝ Հայաստանի
դատական համակարգում գործում են կոռուպցիոն մի քանի մեխանիզմներ։ Խնդիրը կարող է «կարգավորվել»
առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում կամ միանգամից Վճռաբեկ դատարանում։ Եթե դատավորը
իր կայացրած վճիռը պետք է «պահի» վերադաս դատական ատյաններում, այսինքն՝ երաշխավորի,
որ այն չի բեկանվի, ապա ավելի մեծ գումար է պահանջում։

Հարցման արդյունքներից
ելնելով՝ առաջին ատյանում կաշառքը կազմում է 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ ատյանում՝
2000-15.000, իսկ վճռաբեկ ատյանում 10.000-50.000 դոլար՝ կախված հայցագնից։

Որոշ հարցվածների պնդմամբ՝
առանձին դատավորներ ունեն իրենց հետ համագործակցող փաստաբանական գրասենյակներ, որոնց
միջոցով իրականացնում են կոռուպցիոն գործարքները։

Հիշեցնենք, որ Թրանսփարենսի
ինթերնեշնլ հակակոռուպցիոն շարժման «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցման
արդյունքներով՝ Հայաստանում հարցվածների 69%–ը կարծում է, որ դատական համակարգը կոռումպացված
է կամ ծայրահեղ կոռումպացված է։

Վճռաբեկ դատարան

Գենյա Պետրոսյանը վերահաստատեց
Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ բողոքող փաստաբանների տեսակետը, որ պրակտիկորեն
հնարավոր չէ որոշել, թե ինչ չափանիշներով է ՎԴ–ն որոշում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել
կամ վերադարձնել, քանի որ այդ որոշումներն, ըստ էության, պատճառաբանված չեն։ Ընդ որում,
վերադարձված բողոքների մի մասը հետագայում վարույթ է ընդունվում Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի կողմից և համարվում է հիմնավոր։ Մյուս խնդիրն այն է, որ ՎԴ կողմից
կիրառվում են երկակի ստանդարտներ և կիրառվում է միմյանց տրամագծորեն հակասող որոշումներ։
 

Հարցազրույցների ընթացքում
փորձ է արվել վերհանել դատական համակարգում առկա կոռուպցիայի մեխանիզմները։

«Մեր հարցումները վկայում
են, որ ՎԴ–ում ներկայումս ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի
համակարգ. գործում է, այսպես կոչված, «զոնալ դատավորների» ինստիտուտը, այսինքն՝ ՎԴ
առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորներ,
որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն դատական վճիռները»
,– զեկույցի ներկայացման ժամանակ
նշեց ՄԻՊ տեղակալը։

Բացի այդ, նրա խոսքերով,
գոյություն ունեն որոշ տեսակի գործեր, որոնցով կայացվելիք վճիռները նախապես պետք է
համաձայնեցվեն «զոնալ դատավորների» հետ։ Հարցումների ժամանակ այդպիսի գործերի շարքին
են դասվել հանրային հնչեղություն ունեցող գործերը, ԶԼՄ–ներին վերաբերող զրպարտության
և վիրավորանքի վերաբերյալ գործերը, պատիժը պայմանականորեն չկիրառելու, նվազագույնից
ցածր պատիժ նշանակելու գործերը, խոշոր կազմակերպություններին վերաբերող գործերը։

Արդարադատության խորհուրդ

ԱԽ գործունեության ուսումնասիրությունը
ցույց է տվել, որ գործում են երկակի ստանդարտներ կարգապահական վարույթի հարուցման,
կարգապահական պատասխանատվության ենթարկելու և պատժի ընտրության փուլերում։ Գենյա Պետրոսյանի
խոսքերով՝ նույնաբովանդակ խախտում կատարած դատավորներից մեկի դեմ կարգապահական վարույթ
է հարուցվում և խիստ պատիժ կիրառվում, մյուսի դեպքում՝ նույնիսկ վարույթ չի հարուցվում
կամ նույն խախտման համար կիրառվում են շատ տարբեր կարգապահական պատիժներ։ 

Նա հիշեցնում է դատավոր Սամվել Մնացականյանի դեպքը, երբ կալանավորումը գրավով փոխարինելու
չհիմնավորված որոշման համար նրա նկատմամբ կիրառվեց ամենախիստ պատիժը՝ դատավորի գործունեությունը
դադարեցվեց։ «Մենք ուսումնասիրել ենք ԱԽ որոշումներ, երբ նույն խախտման համար դատավորին
տրվել է նկատողությունը, որը թեթև պատիժ է»,– ասում է մարդու իրավունքների պաշտպանի
տեղակալը։

Զեկույցում նաև անդրադարձ
է կատարվել դատական համակարգին առնչվող օրենսդրական խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ
առաջարկներ են արվել։