ՄԻՊ գրասենյակը խախտումներ է հայտնաբերել մահացած զինծառայողի քրեական գործում

ՄԻՊ գրասենյակը խախտումներ է հայտնաբերել մահացած զինծառայողի քրեական գործում

«ՀՀ զինված ուժերում ծեծի, այլ բռնի գործողությունների ենթարկված և հետագայում մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի քրեական գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նախաքննական մարմնի կողմից անհապաղ չեն ձեռնակվել միջոցներ անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու ուղղությամբ և դատաբժշկական ու դատահոգեբուժական լիարժեք փորձաքննությունները իրականացվել են բավական ուշացումով:

Բացի այդ, նախաքննական մարմինը չի ապահովել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում Ժորա Մկրտչյանին ապօրինի կերպով մարտական հերթապահության ուղարկած պաշտոնատար անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հարցում»,– մահացած զինծառայողի քրեական գործի ուսումնասիրության արդյունքում այս եզրակացությանն է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Արդյունքում ՄԻՊ–ը «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու, խախտումը վերացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում է կայացրել։

Պաշտպանը Զինվորական դատախազությանն առաջարկվել է ուժեղացնել վերահսկողությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ` մինչդատական վարույթի ընթացքում էական խախտումները բացառելու նպատակով։ Դատախազությունից հայտնել են, որ առաջարկը քննարկվել է և ընդունվել ի գիտություն:

Դատախազությանն ու Առողջապահության նախարարությանն առաջարկվել է հնարավորինս սեղմ ժամկետում շրջանառության մեջ դնել «Առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որին ի պատասխան հայտնել են, որ այն քննարկման փուլում է գտնվում: Առաջարկվել է նաև սահմանել դատաբժշկական փորձաքննությունների միասնական և հստակ չափորոշիչներ:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությանը ՄԻՊ–ն առաջարկել է խիստ վերահսկողություն սահմանել սահմանափակումով զորակոչված զինծառայողների (համապատասխան արգելքով) մարտական հերթափոխին մասնակցությունը բացառելու ուղղությամբ, ինչպես նաև՝ այլ սահմանափակումներով զորակոչված զինծառայողների զինվորական ծառայության պայմանների նկատմամբ: ՊՆ-ից տեղեկացրել են, որ քննարկում է կազմակերպվել և ուշադրություն է հրավիրվել քննչական և այլ դատավարական գործողություններն առավել օպերատիվ կատարելու և նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու խնդրի վրա։

Հիշեցնենք, որ Ժորա Մկրտչյանը զինվորական ծառայության է զորակոչվել 2010թ. դեկտեմբերին: 2011թ. սեպտեմբերի 27-ին նա սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երևան է տեղափոխվել, նրա վրա եղել են բռնության հետքեր՝ կապտուկներ, վերքեր, ծխախոտի վառած տեղեր։ Մի քանի ամիս բուժումից հետո Ժորան դուրս է գրվել հիվանդանոցից և զորացրվել է, սակայն կատարվածը նրա մոտ լուրջ հետևանքներ է ունեցել։ Հոր խոսքերով՝ տղան առողջական խնդիրներ է ունեցել նաև մինչև բանակ գնալը և զորակոչման ենթակա չի եղել, իսկ միջադեպից հետո նրա վիճակը գնալով ավելի է ծանրացել։ 2012թ.-ի նոյեմբերի 9-ին Ժորա Մկրտչյանը մահացել է:

Քննությամբ պարզվել է, որ Ժորա Մկրտչյանը բռնությունների և նվաստացումների է ենթարկվել երեք համածառայակիցների՝ սերժանտ Վաչիկ Գրիգորյանի, շարքայիններ Ալբերտ Առաքելյանի և Մովսես Բադալյանի կողմից։ Հարուցված քրեական գործով նրանք մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքներում (ՀՀ ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մաս և 359-րդ հոդվածի 1-ին մաս), սակայն, դատարանի որոշմամբ, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամկետով:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան