Հեղինակային իրավունքի խախտման փաստով ԶԼՄ-ների դեմ հայցեր չկան

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս, հայտնի չեն դեպքեր, երբ զանգվածային լրատվամիջոցը դիմել է դատարան՝ այլ ԶԼՄ–ի կողմից իր հեղինակային իրավունքի խախտումը վերականգնելու կամ փոխհատուցման պահանջով։

«Դատարան դիմելու ընթացակարգերը ժամանակատար են և բարդ, հետևաբար միշտ չէ, որ լրատվամիջոցները ցանկություն կունենան իրենց խախտված իրավունքը վերականգնել դատարանի միջոցով»,– ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Փոխարենը շարունակում է ակտիվ գործել Ֆեյսբուք սոցիալական ցանցում դեռևս 2012–ին ստեղծված «Հանուն բարեխիղճ լրագրության» խումբը, որի նպատակը լրատվական դաշտում գրագողության դեմ պայքարն է և հեղինակային խախտված իրավունքի վերականգնումը։ Սովորաբար, այս խմբում էլ սկսվում և ավարտվում է լրագրողների կամ լրատվամիջոցների «պայքարը»։

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ մոտ մեկուսկես տարի գործող ֆեյսբուքյան խումբն իր «բարոյական ազդեցությունն ունեցավ լրատվական դաշտում», սակայն այդ ազդեցությունն այնքան մեծ չէր, որ չեզոքացներ օրենքում որոշակի հստակեցումներ մտցնելու անհրաժեշտությունը։

«Իմ գործընկերները նշում են, որ օրենքի փոփոխությունից հետո ավելի զգուշավոր սկսեցին գործել լրագրողները, և գրագողության դեպքերը կրճատվել են, քանի որ հասկանում են, որ օրենքը կարող է կիրառվել իրենց դեմ»,– նշում է Նավասարդյանը։ Սակայն, նրա կարծիքով, միայն օրենքով նման խնդիրները չեն կարգավորվում։

«Օրենսդրական կարգավորումներից բացի, պետք է գործեն նաև ինքնակարգավորման մեխանիզմներ, և լրատվական դաշտում բոլորը ղեկավարվեն ինքնագիտակցությամբ, լրագրողական էթիկայի և լրատվամիջոցների ինքնակարգավորման սկզբունքով»,– ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի՝ սա է խնդրի լուծման ամենագործուն տարբերակը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն ձեռնամուխ եղավ հեղինակային իրավունքների մասին օրենքում լրացումներ և հստակեցումներ կատարելուն այն բանից հետո, երբ 2013թ մայիսի 23-ին մի քանի տպագիր լրատվամիջոցների խմբագիրներ հրապարակայնորեն մտահոգություն հայտնեցին լրատվամիջոցներում տարածված գրագողության երևույթի վերաբերյալ։ Նրանց պնդմամբ՝ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածներն առանց պատշաճ հղումի կամ սկզբնաղբյուրը նշելու արագ հայտնվում և տարածվում են համացանցում, ինչը ոչ միայն հեղինակային իրավունքի ոտնահարում է, այլև՝ ֆինանսական կորուստների պատճառ է դառնում թերթերի համար։

Մոտ մեկ ամիս անց նման հայտարարություն տարածեցին նաև էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարները՝ սահմանելով համագործակցության կանոններ լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտի և հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների դեմ պայքարելու նպատակով։

Օրենքում կատարված փոփոխությունները

2006 թվականին ընդունված «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, որոնք սահմանում են լրատվական միջոցների մտավոր սեփականություն հանդիսացող հրապարակումներն օգտագործելու կարգը։ Փոփոխություններն ընդունվեցին ԱԺ կողմից և նոյեմբերի 9-ից ուժի մեջ մտան։

Լրատվական նյութի օգտագործման պայմանները (Հոդված 22.1.) բաժնում նշվում է, որ կայքերը, առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, կարող են քաղվածքներ անել այլ լրատվամիջոցներից միայն «մեջբերման նպատակն արդարացնող ծավալով»: Օրենքը սահմանում է, որ լրատվական նյութի մեջբերումը «չպետք է բացահայտի դրա ողջ բովանդակությունը» և պարտադիր պետք է պարունակի հղում նյութի սկզբնաղբյուրին:

Վերարտադրումը չպետք է բացասաբար անդրադառնա լրատվական նյութի սկզբնաղբյուրի վրա, այսինքն՝ չպետք է սկզբնաղբյուրին զրկի հնարավոր ընթերցողներից։

Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության դեպքում: Ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով։

Օրենքը սահմանում է, որ տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին:

Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվամիջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, եթե քաղվածքն իրենից ներկայացնում է միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրություն։

Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաև քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը պարտադիր են, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է:

Օրենքի դրույթները տարածվում են նաև հեռարձակող ԶԼՄ–ների այն հաղորդումների վրա, որոնք իրենց բնույթով ուղղված են մամուլի տեսության ներկայացմանը։

Մյուս փոփոխության համաձայն՝ օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե «օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է»:

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի հոդված 22.1–ի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այսինքն՝ 100 հազարից 200 հազար դրամ:

Օրենքում կան ոչ հստակ ձևակերպումներ

Օրենքում առկա մի քանի ոչ հստակ ձևակերպումների վերաբերյալ բուռն քննարկումներ ծավալվեցին։

Օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արփինե Աբրահամյանը մեկնաբանեց, որ, օրինակ, «նպատակն արդարացնող ծավալ» եզրույթն ընդունված է միջազգային պրակտիկայում և գնահատական է ստանում դատարանի կողմից։ Այն ուղիղ կապ չունի բուն ծավալի հետ և նշանակում է, որ նյութի վերարտադրությունը «չպետք է բացահայտի լրատվական նյութի բուն էությունը և պետք է շարունակի պահպանվել այն անհրաժեշտությունը, որ դու անդրադառնաս սկզբնաղբյուր նյութին»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարադյանի կարծիքով՝ եթե դատարանի կողմից լինի պրոֆեսիոնալ մոտեցում, անորոշ ձևակերպումների խնդիրը կկարգավորվի։

«Հասկանալի է, որ օրենքում դժվար է մանրամասն, հստակ մեկնաբանություններ տալ ամեն ինչին։ Ամեն դեպքում, կլինեն որոշակի դատական նախադեպեր, որոնք կարևոր կլինեն՝ որոշ ոչ հստակ սահմանումների մեկնաբանման տեսանկյունից։ Հույս ունենանք, որ մեր դատավորներն առաջատար երկրների պրակտիկայից կփորձեն օգտվել»,– ասում է նա՝ հավելելով, որ առցանց ԶԼՄ–ներում հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրը շատ ավելի լուրջ է և այս հարցում խնդիրներ ունեն նաև առաջատար երկրները։