ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պահանջում են մատչելի միջավայր բոլորի համար (ֆոտոշարք)
Նոյեմբերի 15-ին մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության միամսյակը։ Այն նպատակ ունի հանրության և քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել առանց խոչընդոտների և բոլորին հարմարեցված միջավայրի ստեղծմանը:
Միամսյակը մեկնարկեց «Մատչելի միջավայր բոլորին» խորագիրը կրող քայլարշավով, որի մասնակիցները Կարապի լճից հասան մինչև Երևանի քաղաքապետարանի շենք։ Քայլարշավին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, նրանց ընտանիքի անդամները, ընկերները, խնդրով մտահոգ մարդիկ։
«Այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, համար է բոլորին։ Դարձնե՛նք մեր քաղաքը մատչելի»,– սա քայլարշավի կարգախոսներից մեկն էր։
«Եթե մեր շրջապատում չենք տեսնում հաշմանդամություն ունեցող մարդկանց, դա չի նշանակում, որ նրանք չկան, այլ նշանակում է, որ նրանք հնարավորություն չունեն դուրս գալու իրենց տնից, մեկուսացած են»,– ասում է «Հույսի կամուրջ» կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը, ով նույնպես ամեն օր բախվում է քաղաքի անմատչելիության խնդիրներին։
Նրա խոսքերով՝ նույնիսկ ուղեկցորդի հետ է դժվար քաղաքում շրջելը։ Դա հաստատվեց նաև քայլարշավի ընթացքում. սայլակի օգնությամբ տեղաշարժվող անձինք Երևանի կենտրոնական փողոցներում բազմաթիվ դժվարությունների հանդիպեցին՝ սխալ կառուցված թեքահարթակների կամ դրանց բացակայության պատճառով։
«Քաղաքապետարանում ասում ենք՝ ձեր թեքահարթակները չեն համապատասխանում ստանդարտին, հնար չկա ապացուցելու։ Ցույց տվեք հեռուստացույցով, թո՛ղ տեսնեն։ Եթե մենակ լինի, ինչպե՞ս պիտի անցնի»,– հերթական սխալ կառուցված թեքահարթակի վրայով անցնելիս արձագանքեց քայլերթի մասնակից, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։
Քաղաքապետարանի առջև երթի կազմակերպիչները դիմում–բողոք հանձնեցին քաղաքապետին, որը վերաբերում էր նոր կառուցվող և վերանորոգվող շենքերի մատչելիության նորմերի խախտմանը՝ կից ներկայացված լուսանկարներով։
Քայլարշավի մասնակիցներին քաղաքապետարանի առջև դիմավորեց Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։ Նա նշեց, որ բարձրաձայնվող խնդիրների ուղղությամբ իրենք աշխատում են. «Երևան քաղաքի պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքն առավել մատչելի դարձնելու նպատակով, 2013թ. բյուջեում առանձին տողով թեքահարթակներ կառուցելու նպատակով հատկացվել է 20 մլն դրամ»,– նշեց քաղաքապետի օգնականը՝ հավելելով, որ շուտով կունենանք վերանորոգված շուրջ 80 թեքահարթակ, ևս 190 թեքահարթակ արդեն կառուցված է։
«Մենք բացի նոր կառուցվող մի քանի թեքահարթակներից այլ զգալի փոփոխություն չեն տեսնում»,– քաղաքապետի օգնականին պատասխանեց Զարուհի Բաթոյանը՝ թվարկելով առկա խնդիրները և հիշեցնելով, որ քաղաքապետի խոստացած հարմարեցված տրանսպորտը այդպես էլ խոստում մնաց։ «Մյուս տարի անպայման կլինի»,– կրկին խոստացավ քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում ապրում է մոտ 190.000 հաշմանդամություն ունեցող մարդ, որոնց մի մասը զրկված է ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքի իրացումից։
Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, գործում է Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը, 2007թ. հունվարին ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին հրամանը։ Չնայած օրենսդրական պահանջներին՝ մայրաքաղաքը դեռևս անմատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
