Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշումն անհիմն է. փաստաբան

«Վարդան Պետրոսյանի գործի նախաքննությունն ընթանում է բազմաթիվ խախտումներով: Մենք պատրաստվում ենք բողոքարկել կալանավորման որոշումը»,- այս մասին www.hra.am -ին ասաց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանը` փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հոկտեմբերի 20-ին ավտովթարի ենթարկված հայտնի դերասանը կալանավորված է և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»։

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով՝ դատարանը Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, քանի որ վթարի հետևանքով կյանքի ծաղկուն հասակում կյանքից զրկվել է երկու երիտասարդ, այսինքն՝ հաշվի առնելով կատարվածի բարոյական, զգայական կողմը:

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի համաձայն՝ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կալանքը կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով արգելված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից եւ նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

«Իսկ այն հիմնավորումը, որ Վարդան Պետրոսյանը կարող է խուսափել դատաքննությունից, անհիմն է, քանի որ իմ պաշտպանյալը դատարանում նախաքննական մարմնին հանձնեց իր անձնագիրը»,- ասում է փաստաբանը:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ անհիմն կալանավորումը միակ խախտումը չէ, որ առկա է գործում։ Նրա խոսքերով՝ քննիչը փորձել է Վարդան Պետրոսյանին հարցաքննել առանց պաշտպանի, կալանավորման մասին որոշումը կայացվել է միակողմանի հարցաքննության արդյունքում, այսինքն՝ Վարդան Պետրոսյանը չի հարցաքննվել, դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, բացի այդ, Պետրոսյանին առողջական խնդիրներով տեղափոխել են դատարան՝ կալանավորման մասին որոշում կայացնելու՝ չսպասելով, որպեսզի վերջինս ապաքինվի, դատարանում նրա վիճակը վատթարացել է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցել մահվան ելքով ավտովթար։ Իրար են բախվել Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-2121» մեքենայի ուղևորներից երկուսը՝ 16-ամյա տղաները մահացել են։ Մյուս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ծանր վիրահատության է ենթարկվել նաև դերասան Վ. Պետրոսյանը։

Ավտովթարի հետևանքով Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Տեսանյութը՝ www.news.am-ի