«Փաստաբանության մասին» օրենքի վիճահարույց նախագիծը դեռ քննարկվում է

Արդարադատության նախարարությունն այս պահին նպատակահարմար չի համարում հարցազրույց կամ պարզաբանում տալ «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների նախագծի վերաբերյալ։ Իսկ փաստաբանները շարունակում են ստորագրահավաքն իրենց հաշվառման համար նոր ընթացակարգ և հավելյալ պետական տուրք նախատեսող փոփոխությունների դեմ։ Նախագիծը կփոփոխվի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։

Հոկտեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց ՀՀ «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» oրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է ներդնել տարեկան 60.000 դրամ պետական տուրք փաստաբանների պետական հաշվառման համար, որը պետք է իրականացնի Արդարադատության նախարարությունը։

Գործող օրենքով՝ փաստաբանների հաշվառման գրանցամատյանը վարում է Փաստաբանների պալատը՝ առանց հավելյալ վճարումների։

Փոփոխությունների նախագիծը քննարկումների և քննադատությունների առիթ դարձավ:

Նախագծերի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, մի քանի հասարակական կազմակերպություններ` դրանք համարելով փաստաբանների անկախության դեմ ուղղված քայլ։

Շարունակվում է փաստաբանների ստորագրահավաքն ընդդեմ նախագծերի, որին միացել է արդեն 700 փաստաբան։

Hra.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծիք հայտնեց, որ նախագիծն անհիմն է և դրա «հիմնական նպատակը փաստաբանների անկախությանը վնաս հասցնելն է»։

«Գաղտնիք չէ, որ վերջին տասը տարիներին փաստաբանությունը, որպես անկախ ոլորտ, որոշ չափով կայացել է: Փաստ է, որ կան առանձին գործող որոշ փաստաբաններ, ովքեր շատ համարձակ են, հանդես են գալիս իշխանության դեմ տարբեր գործերով: Ես կարծում եմ, որ այս քայլը փաստաբաններին հսկողության տակ առնելու փորձ է»,– նշեց Շուշանյանը։

Նա համոզված է, որ դա չի հաջողվելու, քանի որ փաստաբանները վճռական են տրամադրված և թույլ չեն տա նման բան:

Նախարարության փաստարկներն ու փաստաբանների հակափաստարկները

Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու պետական և այլ մարմինների միջև տեղեկատվության արագ փոխանակմանն ուղղված պետական քաղաքականությամբ: Իսկ պետտուրքից գոյացած գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակին և փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերին:

Փաստաբանների պալատը անհիմն է համարում այս պատճառաբանությունները՝ արդարադատության նախարարին ուղղված նամակում նշելով իրենց հակափաստարկները։

Փաստաբանի արտոնագիրը տրամադրում է Փաստաբանների պալատը։ Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ փաստաբանը պետք է պարտադիր հաշվառվի Արդարադատության նախարարության վարած գրանցամատյանում, հետևաբար՝ միայն հաշվառված անձն է համարվելու փաստաբան: Սա ուղղակիորեն ազդում է փաստաբանի անկախության վրա, որովհետև, ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ՝ չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։

Գրանցամատյանի վարումը Արդարադատության նախարարությանը հանձնելը և դրա համար գումար գանձելը անհիմն է, քանի որ ներկայումս Փաստաբանների պալատը դա անում է անվճար և փաստաբանների մասին պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում կայքի միջոցով:

Նախարարությունը չի հիմնավորում, թե ի՞նչ ծառայություն է մատուցելու փաստաբաններին, որի դիմաց պետական տուրք պետք է գանձի, ինչպե՞ս է որոշվել գումարի չափը։

Փաստաբանները նաև տարակուսում են, թե ինչու պետք է իրենք գումար վճարեն հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման համար, որը պետության պարտականությունն է: Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա:

Նախագիծը թերի է նաև այն առումով, որ պետական տուրքը սահմանելիս հաշվի չեն առնվել փաստաբանների վճարունակությունը։

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստերից մեկում ասել էր, որ փաստաբանների դժգոհության ալիքը բնական է համարում։ «Աշխարհում որևէ երկիր չեք գտնի, որտեղ ինչ-որ մեկից ավելի շատ փող ուզեն և ինքը չդժգոհի։ Մենք ասում ենք, որ այդ գումարները ուղղվում են իրավաբանական օգնություն ցուցաբերելուն»,– հայտարարել էր նախարարը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում էլ փորձում են հարկերի միջոցով բյուջե լցնել։

Սրան ի պատասխան՝ փաստաբաններն ասում են, որ իրենք արդեն իսկ հարկեր վճարում են իրենց եկամտից։

Իսկ արդարադատության փոխնախարար, օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակ Արամ Օրբելյանն էլ, արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, թե սա նախարարության կողմից փաստաբանների անկախությանը միջամտելու փորձ է, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր. «Նախ՝ պետք է նշենք, թե այս դեպքում օմբուդսմենը որպես ո՞վ է խոսում ՝ որպես օմբուդսմե՞ն, թե՞ նախկին փաստաբան: Երկրորդ՝ ես փաստաբանների անկախության ոտնահարման խնդիր չեմ տեսնում։ Մենք ընդամենը ասում ենք՝ Փաստաբանների պալատը տալիս է ձեզ լիցենզիա, լիցենզիան բերում եք, դիմում եք նախարարություն, մենք ձեզ միանգամից գրանցում ենք»։

Միևնույն ժամանակ, Օրբելյանը նշել էր, որ նախագիծը դրվել է հանրային քննարկման, ուղարկվել է շահագրգիռ կողմերին առաջարկությունների համար, և հնարավոր է, որ վերանայվի, սակայն չի կարող ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն։

«Մենք կքննարկենք, եթե կզգանք, որ այլընտրանքային այնպիսի լուծումներ կան, որ այս օրենքի անհրաժեշտությունը բացակայում է, կհանենք»,– ասել էր փոխնախարարը:

Արդարադատության նախարարությունից մեզ մերժեցին նախագծի հետ կապված հավելյալ մեկնաբանություններ կամ հարցազրույց տալ՝ նշելով, որ կողմերի միջև քննարկումները դեռ շարունակվում են, որոնց ավարտից հետո նախարարությունը հայտարարություն կտարածի կամ մամուլի ասուլիս կհրավիրի։

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան