«Դատական օրենսգրքի փոփոխություններով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անպատժելիությունը». ՄԻՊ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը տեսակետ է հայտնել, որ Դատական օրենսգրքի փոփոխություններով տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, այսինքն՝ բացառվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին և նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը այն հիմքերով, որոնցով կարելի է պատասխանատվության ենթարկել առաջին և վերաքննիչ ատյանների դատավորներին։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի փաթեթին։ Առաջարկվող փոփոխություններին դեմ է արտահայտվել Դատավորների միությունը՝ մտահոգություն հայտնելով, որ դրանք վտանգում են դատավորների անկախությունը։

Նախագծի վերաբերյալ կարծիք էր հայտնել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ համամիտ է Դատավորների միության հետ և առաջարկել էր փոփոխություններ մտցնել դատավորների գործունեության գնահատման կարգի և մեթոդաբանության մեջ, բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը, հստակեցնել և կանխատեսելի դարձնել դատավորների պատասխանատվության ենթարկելու հիմքերը։

Կառավարության հաստատումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնելով, որ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, ըստ էության, ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:

«Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ:

Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետևանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ»,– ասված է հայտարարության մեջ:

Պաշտպանը նշում է, որ միջազգային չափորոշիչների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կարգապահական պատասխանատվության համատեքստում ստորին և բարձր դատական ատյանների դատավորների միջև տարանջատում չի իրականացվում, գործածվում է «դատավոր» եզրույթը, որը վերաբերում է դատական համակարգի բոլոր դատավորներին՝ անկախ կարգավիճակից:

Հայտարարության մեջ նշված են նաև, որ չնայած ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված առաջարկությունների մի մասն ընդունվել է նախագծի մշակման փուլում, սակայն հիմնական մտահոգիչ դրույթները մնացել են: