Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը Հայաստանում. զեկույց

Եվրոպայի խորհուրդը Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության
օժանդակությամբ կազմել է գնահատողական զեկույց «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների
և այլ միջոցների կիրառման նվազեցումը Հայաստանում» թեմայով։

Զեկույցում ներկայացված է ՀՀ–ում մինչդատական, դատական և հետդատական
փուլերում ազատազրկման հետ չկապված պատիժների, խափանման միջոցների և այլ միջոցների
կիրառման ներկայիս վիճակի նախնական գնահատականը, արված են առաջարկություններ այլընտրանքային
պատժամիջոցների ընդլայնման համար, հատուկ ուշադրություն է դարձված պրոբացիոն ծառայության
ստեղծմանը։

Զեկույցի համար անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք է բերվել վիճակագրական
պաշտոնական տվյալները, ներպետական օրենսդրական և քաղաքականությանն առնչվող այլ փաստաթղթերը,
տեղական և միջազգային զեկույցներն ուսումնասիրելու, ոլորտին առնչվող բոլոր պետական
կառույցների, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
հարցազրույցներ անցկացնելու միջոցով։

Զեկույցը կազմված է 5 մասից, որոնք առանձին–առանձին ներկայացնում
ենք ստորև։

1.Մինչդատական կալանքի
այլընտրանքներ

Զեկույցի առաջին մասը վերաբերում է մինչդատական կալանքին և դրա
այլընտրանքներին։ «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մինչդատական կալանքը Հայաստանում
կիրառվում է հաճախակի, մինչդեռ, ըստ միջազգային ստանդարտների, այն պետք է լինի ծայրահեղ
միջոց։ Հայաստանում խափանման միջոց կալանքի միջնորդությունները և դրա բավարարումը դատարանի
կողմից համարվում են օրինաչափություն, իսկ գրավը կամ ազատությունից զրկելու հետ չկապված
խափանման այլ միջոցները հազվադեպ են կիրառվում»,– նշված է զեկույցում։

Տեղական կազմակերպությունների զեկույցների ուսումնասիրությունը
ցույց  է տվել նաև, որ մինչդատական (նախաքննության)
փուլում խափանման միջոց կալանավորմանը հիմնականում հաջորդում է ազատազրկման հետ կապված
պատիժ (ԵԱՀԿ և «Սոցիալական արդարություն» ՀԿ համատեղ զեկույցը պրոբացիոն ծառայության
ստեղծման մասին)։

«Գրեթե բացառվում է խափանման միջոց կալանքը փոխելը և անձին մինչդատական
կալանքից ազատելը, և նա կալանքի տակ է մնում մինչև դատաքննության ավարտը։ Հետևաբար
այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը կարող է նպաստել ազատազրկման հետ կապված
պատիժների կիրառումը նվազեցնելուն»,– եզրակացնում է զեկույցի համահեղինակ, Քրեակատարողական
իրավունքի պրոֆեսոր Ջերարդ դե Յոնգը։

Նրա կարծիքով՝ ներկա վիճակի պատճառը կարող է լինել Քրեական դատավարության
օրենսգրքում այլընտրանքային խափանման միջոցների և պատժամիջոցների սակավությունը և պրոբացիոն
ծառայության բացակայությունը, որը պետք է վերահսկողություն իրականացնի չազատազրկված
մեղադրյալի կամ դատապարտյալի նկատմամբ։

Առաջին մասի վերջում արված են համապատասխան առաջարկություններ
խնդիրների լուծման համար։

Դրանցից են՝

-Կալանավայրերը բեռնաթափելու նպատակով անհրաժեշտ է ոչ մեծ ծանրության
կամ առաջին անգամ հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ
չկապված խափանման միջոցներ։

-Անհրաժեշտ է մշակել ցուցումներ դատախազների համար, որոնցով
կսահմանվեն, թե որ դեպքերում է պետք կիրառել կալանավորումը, և որ դեպքերում դրանց կիրառումը
նպատակահարմար չէ։

-Նոր Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսել ավելի շատ
խափանման միջոցներ, որոնք կապված չեն ազատությունից զրկելու հետ, ինչպես նաև՝ սահմանել
դրույթ կալանքի պարբերական պարտադիր վերանայման մասին։

-Սեմինարներ, վերապատրաստումներ կազմակերպել դատախազների, դատավորների,
փաստաբանների համար մինչդատական կալանքի և դրա այլընտրանքների վերաբերյալ հանձնարարականների,
կալանավորման պատճառաբանված և անհատականացված որոշումներ կայացնելու համար, մինչդատական
կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպերի և ԵԽ հանձնարարականների վերաբերյալ։

2. Ապաքրեականացում, դեպենալիզացիա
և պատժողական քաղաքականություն

Զեկույցը կազմող փորձագետների կարծիքով՝ միայն այլընտրանքային
պատիժների և խափանման միջոցների ավելացումը կամ կիրառման ընդլայնումը բավարար չեն գերբեռնված
բանտային համակարգի խնդիրները լուծելու համար։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է ապաքրեականացնել
որոշակի հանցագործություններ, իջեցնել պատիժների առավելագույն շեմերը, չսահմանել պատժաչափի
նվազագույն պարտադիր շեմ (դեպենալիզացիա)։ 
Օրինակ՝ Նիդերլանդների քրեական օրենսգրքով պարտադիր նվազագույն կամ առավելագույն
պատիժներ սահմանված չեն։

Զեկույցում առաջարկվում է՝

-Նոր քրեական օրենսգիրքը նախագծելիս քննարկել, թե որ հանցանքները
կարող են ապաքրեականացվել (հանվել ՔՕ–ից) կամ «դեպենալիզացիայի ենթարկվել», այսինքն՝
սահմանել ավելի մեղմ պատիժ կամ այլընտրանքային պատիժ։

-Պարտադիր նվազագույն պատժաչափերը պետք է վերացվեն, ինչը դատարաններին
հնարավորություն կընձեռի նշանակել պատիժներ, որոնք լավագույնս կհամապատասխանեն հանցանքը
կատարած անձին և գործի հանգամանքներին։

-Հարկավոր է քննարկել դատական համակարգի համար պատիժների նշանակման
«մեկնարկային կետեր» մշակելու նպատակահարմարությունը։

-Իրավական առումով հնարավորություն ստեղծել բոլոր պատժատեսակները
կիրառել պայմանական կամ հետաձգել դրանց կիրառումը։

3. Ազատությունից զրկելու
հետ չկապված պատիժներ և այլ միջոցներ

ՀՀ գործող քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատությունից զրկելու
հետ չկապված որոշ պատիժներ, նաև՝ ազատազրկումը պայմանական չկիրառելու հնարավորություն
(պրոբացիա)։ Դիտարկումը ցույց է տալիս, որ այդ տարբերակները կա՛մ չեն կիրառվում, կա՛մ
կիրառվում են ոչ լիարժեք։ Դա բացատրվում է նրանով, որ գոյություն չունի մասնագիտացած
մարմին, որը կկարողանա իրականացնել ազատազրկման հետ չկապված պատիժները և այլ միջոցները,
հետևաբար դատարանները խուսափում են այլընտրանքային պատիժներ և այլ միջոցներ կիրառելուց։

Ազատազրկման հետ չկապված հիմնական պատժամիջոցները թվարկված են
ՀՀ Քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածում, դրանք են՝ տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու
կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքը։

Ազատազրկման հետ չկապված պատիժների իրականացման համար պատասխանատու
է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների
կատարման բաժինը։ Սակայն, ըստ փորձագետների, այդ մարմինն ի զորու չէ ուղղորդել և աջակցել
իր հսկողությանը հանձնված դատապարտյալներին, քանի որ չունի քրեական ոլորտում սոցիալական
աշխատանքի հմտություններ ունեցող անձնակազմ։

Զեկույցում նշվում է, որ եթե Հայաստանում գործի պրոֆեսիոնալ
պրոբացիոն ծառայություն, ազատությունից զրկելու հետ կապված պատիժներն ավելի հազվադեպ
կկիրառվեն։

Երրորդ մասում արվում են հետևյալ առաջարկությունները՝

-ՔՕ 54-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային աշխատանքների
առավելագույն 2200 ժամ տևողությունը պետք է կրճատվի՝ ՄԻԵԿ 4-րդ հոդվածի խախտումներից
խուսափելու համար (հարկադիր աշխատանքը)։

-Ազատությունից չզրկելու հետ կապված պատիժները կամ այլընտրանքային
միջոցները պետք է կիրառելի լինեն հանցագործության բոլոր տեսակների պարագայում՝ առանձին
կամ այլ պատիժների հետ համակցությամբ։

-Պրոբացիոն ծառայության ստեղծումից հետո դատապարտյալների նակատմամբ
հսկողության և վերջիններիս աջակցության գործառույթը Այլընտրանքային պատիժների կատարման
բաժնից պետք է աստիճանաբար փոխանցել պրոբացիոն ծառայության աշխատակիցներին կամ սոցիալական
աշխատողներին։

-Պրոբացիան պետք է կիրառելի լինի բոլոր տեսակի հանցագործությունների
պարագայում։

4. Վաղաժամկետ ազատում
և պատժի փոխարինում ավելի մեղմ պատժով

Մինչև 2006 թվականը պատժից վաղաժամկետ ազատման հարցը շատ արագ
էր կարգավորվում, իսկ դրանից հետո ոստիկանության ներկայացուցիչների գլխավորությամբ
գործող անկախ հանձնաժողովների ստեղծումն իրական խոչընդոտներ առաջացրեց այդ գործընթացի
համար։

Վաղաժամկետ ազատման գործող եռաստիճան համակարգը (քրեակատարողական
հիմնարկ–անկախ հանձնաժողով–դատարան) անարդար է և ոչ արդյունավետ։  Պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ քրեակատարողական
հիմնարկների միջնորդություններն Անկախ հանձնաժողովները մերժում կամ հաստատում են առանց
որևէ հիմնավորման, ինչը գրեթե անհնար է դարձնում բողոքարկումը։

Բանտերի վարչակազմի տրամադրության տակ առկա գնահատման ձևաթուղթը
(Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ
պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար ներկայացվող դատապարտյալի
և նրա վարքագծի գնահատման չափորոշիչներ
) կամայական է, բացի այդ, վաղաժամկետ ազատման
համար կարևոր հանգամանք է բանտի ներսում կարգապահական տույժերի առկայությունը, հետևաբար,
սա կարող է բանտերի անձնակազմի կողմից շահարկումների պատճառ դառնալ։ Անկախ հանձնաժողովների
կողմից կիրառվող չափանիշները խիստ գաղտնի են պահվում, իսկ դատարանները լուրջ դերակատարություն
չունեն այս կամ այն անձին պայմանական վաղաժամկետ ազատելու կամ չազատելու գործում։

Փորձագետները եզրակացնում են, որ գործող համակարգը պետք է վերանայվի
և փոխվի մինչև նոր Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը։
Նրանք նաև որպես միջանկյալ լուծում առաջարկում են փորձարկել վաղաժամկետ ազատման պարտադիր
համակարգը։ Վերջինս ենթադրում է, որ ցանկացած դատապարտյալ, ով կրել է պատժի՝ օրենքով
սահմանված պարտադիր  ժամկետը, պետք է արդարադատության
նախարարի կողմից վաղաժամկետ ազատ արձակվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Դատախազության
կողմից ներկայացվում են հիմնավոր հակափաստարկներ, որոնց հիման վրա դատարանը կարող է
որոշել մերժել կամ հետաձգել վաղաժամկետ ազատումը։ Այս մոդելի դեպքում անկախ հանձնաժողովը
պետք է անելիք չունենա։  

Այլ առաջարկություններ՝

-Պետք է մշակվեն դատապարտյալների վաղաժամկետ ազատման ներկայացնելու
միջոցառումներ/ծրագրեր։

-Պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ օրենսդրությունը
և ենթաօրենսդրական ակտերը պետք է վերանայվեն՝ գործընթացի արդարացիությունն ու թափանցիկությունն
ապահովելու նպատակով։

-Գնահատման ներկայիս ձևաչափը պետք է փոխարինվի պրոբացիոն ծառայության
կողմից մշակվող, ազատմանը նախորդող խորհրդատվական եզրակացություններով։

5. Պրոբացիոն ծառայություն

Դատաիրավական բարեփոխումների համակարգում ամենախոշոր բաղադրիչը
պրոբացիոն ծառայության ստեղծումն է, որը պետք է գործի Արդարադատության նախարարության
կազմում որպես առանձին ստորաբաժանում և անկախ լինի քրեակատարողական ծառայությունից։
ՀՀ–ն իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում
է 2014թ հունվարից ներդնել պրոբացիոն ծառայություն։

Պրոբացիոն ծառայության հիմնական գործառույթները պետք է լինեն՝

Դատավճռի կայացմանը նախորդող եզրակացություններ և խորհրդատվական
բնույթի այլ եզրակացություններ տրամադրելը, համայնքային ծառայությունը, վերահսկողական
միջոցառումները, աշխատանք իրավախախտի ընտանիքի հետ, էլեկտրոնային մոնիթորինգ, նախապատրաստում
ազատմանը։ Յուրաքանչյուր բաղադրիչի վերաբերյալ փորձագետները ներկայացրել են միջազգային
լավագույն փորձը և արել առաջարկություններ։

Զեկույցում անդրադարձ չկա «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքի
նախագծին, քանի որ այն փորձագետներին տրամադրվել է ուշ։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան