ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբան Եգորյանը կանխատեսում է «Հարսնաքարի» գործով դատավճիռը

Վահե Ավետյանի կյանքի իրավունքի խախտման համար ազատազրկման ձևով պատիժ կկրի միայն մեկ հոգի, այն էլ՝ ընդամենը ազատազրկման մեջ կլինի 3 տարի»,- նշում է «Հարսնաքարի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
«Հարսնաքարի» գործով հոկտեմբերի 8-ի դատական նիստը սկսեց ամբաստանյալներից երեքի՝ Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի և Արթուր Բաբլոյանի ցուցմունքներով, ինչը ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի, որոշակի նպատակ է հետապնդում։
Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե այլևս չի կարող ապրել ստի մեջ և խոստովանեց, որ միայն ինքն է հարվածել Վահե Ավետյանին. «Ինչ վնասվածք պատճառվել է, ես եմ պատճառել։ Ինձնից բացի, ոչ մեկ Ավետյանին չի հարվածել: Իմ դիմաց ա դուրս եկել Վահեն, հայհոյել ա ինձ, ես էլ խփել եմ ասելով՝ է՞ս էիր ուզում, ա՛յ տղա։ Չգիտեի, որ տենց վնասվածք ա ստացել, թե չէ կտանեի հիվանդանոց... Կարող ա ուժեղ եմ խփել, գլուխը կպել ա մի տեղ... Իմ խոսքերին չէր պատասխանում, ցավից ձեներ էր հանում»,– պատմեց ամբաստանյալը։
Մեղադրյալ Գարիկ Մարգարյանը խոստովանեց, որ ինքն է ծեծի ենթարկել Ավետյանի ընկերոջը՝ տուժող Արտակ Բայադյանին, իսկ Արթուր Բալոյանն իր վրա վերցրեց տուժող Գարիկ Սողոմոնյանին ծեծելու փաստը:
www.hra.am –ին տված հարցազրույցում «Հարսնաքարի» գործի վերջին անակնկալ զարգացումները տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը որակեց պարզ հաշվարկ, որն արվել է՝ նկատի ունենալով հասարակության ուշադրության նվազումը «Հարսնաքարի» գործի նկատմամբ և համաներման որոշումը։
«Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ խղճի խայթի մասին խոսք լինել անգամ չի կարող։ Սա ստույգ հաշվարկ է։ Նրանց նպատակն է նաև այդ հանցանքների համակցությամբ չդատվելը, որովհետև այդ դեպքում ավելի մեղմ կլինի պատիժը և համաներման ակտի կիրառումն ավելի արդյունավետ կլինի»,– կարծում է փաստաբանը։
Տիգրան Եգորյանը նաև կանխատեսում է դատավճռի հնարավոր տարբերակները:
«Ամբաստանյալները պատասխանատվություն ստանձնեցին միայն Գարիկ Սողոմոնյանին, Արտակ Բայադյանին և Վահե Ավետյանին ծեծելու մեջ: Եթե Գարիկ Մարգարյանը և Արթուր Բաբլոյանը ՔՕ 113-րդ հոդվածով դատապարտվեն՝ միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու համար, նրանք համաներման կիրառման արդյունքում հենց դատարանի դահլիճից դուրս կգան:
Իսկ Նորայր Հայրապետյանը, եթե դատապարտվի ՔՕ 112 հոդվածի երկրորդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որով նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում, բայց քանի որ մեղադրանքից դուրս կմնա մի խումբ անձանց կողմից հանցագործություն կատարելու ծանրացուցիչ հանգամանքը, ապա վերջնական պատիժը կլինի առավելագույնը 5-6 տարի։ Եվ հաշվի առնելով, որ մեկուկես տարի է՝ գտնվում է նախնական կալանքի մեջ, ապա դատավճռից ընդամենը մեկուկես տարի հետո ազատ կարձակվի»։
Ըստ Եգորյանի՝ ստացվում է որ կյանքի իրավունքի ոտնահարման համար անձը Հայաստանի հանրապետությունում կարող է դատապարտվել ընդամենը երեք տարվա ազատազրկման, մինչդեռ գողություն կատարելու համար երբեմն դատապարտվում են մինչև 6 տարվա ազատազրկման։
«Փաստորեն, Հայաստանի հանրապետությունում մարդու, զինված ուժերի սպայի, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի կյանքի իրավունքի խախտման համար ազատազրկման ձևով պատիժ կկրի միայն մեկ հոգի, այն էլ՝ ազատազրկման մեջ կլինի ընդամենը 3 տարի»,- տարակուսանք է հայտնում «Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչը։
Նրա մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում անկախության 22– ամյակի առթիվ հայտարարված համաներումը:
«Ստացվում է որ ՀՀ նախագահը և Ազգային ժողովը համոզված են, որ արդարադատություն չի իրականացվում Հայաստանի հանրապետությունում, և դրա համար անընդհատ անհրաժեշտություն կա խմբագրելու դատավճիռները»,- նշում է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա ՀՀ անկախության առթիվ համաներում կարելի է հայտարարել ամեն տարի։
Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 17–ին սպորտային հագուստ կրելու պատճառով առաջացած վեճի արդյունքում «Հարսնաքարի» աշխատակիցները ռեստորանի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկեցին Երևանի կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին: Վերջինս, 12 օր գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ գիտակցության չգալով։ Նրա հետ ծեծի ենթարկվածԱրտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացան միջին կարգի ծանրության մարմնական վնասվածքներ:
Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել«Հարսնաքարի» վեց աշխատակիցներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին։ Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու մեջ:
Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը համաձայն չեն առաջադրված հոդվածների հետ։ Նրանց համոզմամբ՝ կատարվածը պետք է որակվի սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձնակի դաժանությամբ և խուլիգանական դրդումներով (Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մաս):
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
