ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գերբնակեցումը՝ քրեակատարողական հիմնարկների առաջնային խնդիր

2008թ.-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվեց խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ: Պաշտպանին կից ստեղծվեց Խոշտանգումների կանխարգելման խորհուրդ, որի կազմում են փորձագետներ տարբեր հասարակական կազմակերպություններից, այդ թվում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտից:
2013 թվականի առաջին եռամսյակում Խոշտանգումների կանխարգելման խորհուրդն ավելի քան 133 այցելություններ է կատարել Երևանի և մարզերի տարբեր փակ և կիսափակ հաստատություններ՝ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահելու վայրեր, զորամասեր, ռազմական ոստիկանություն, հոգեբուժարաններ, հատուկ և գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ և այլն:
Մշտադիտարկման արդյունքում արձանագրված թերություններն ու բացթողումները ներկայացված են կանխարգելման ազգային մեխանիզմի միջանկյալ զեկույցում:
Քրեակատարողական հիմնարկներում
առկա խնդիրները
Գերբնակեցում
Գերբնակեցումը շարունակում է մնալ ՔԿՀ-ների գլխավոր խնդիրներից
մեկը, ինչն, ըստ զեկույցի, կարող է որակվել որպես ազատազրկվածների նկատմամբ անմարդկային
վերաբերմունք:
Օրինակ՝ «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկում նախատեսված է 840 պահման տեղ, սակայն մշտադիտարկման պահին
պահվում էր 1184 դատապարտյալ: Խցերը հիմնականում 25 քմ են, որտեղ բնակվում են 17 դատապարտյալ,
սակայն տեղադրված է հիմնականում 10-12 մահճակալ և դատապարտյալները քնում են հերթափոխով:
Գերբնակեցման խնդիր կան նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որը նախատեսված
է 150 անձանց համար, սակայն այնտեղ փաստացի պահվում է 240 դատապարտյալ: Մինչդեռ ըստ
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 73 հոդվածի՝ մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածքը
չի կարող պակաս լինել 4 քմ-ից:
Զեկույցում նշված է, որ նման պայմաններն ազատազրկված անձանց
պատժի կրումը դարձնում են նսեմացուցիչ, ինչը չի կարող նպաստել անձի ուղղմանն ու վերափոխմանը,
ընդհակառակը՝ անձնական տարածության խիստ նվազեցումը մեծացնում է ագրեսիան, բռնության
դրսևորումները:
Միևնույն ժամանակ, փորձագիտական խորհուրդը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
արձանագրել է արտոնյալ կարգավիճակում գտնվող խցեր, որտեղ պահվում են քիչ թվով դատապարտյալներ՝
«զոն նայողներ», քրեական հեղինակություններ, նախկին պաշտոնյաներ:
Արդարադատության նախարարության կողմից Արմավիրի մարզում կառուցվող
նոր քրեակատարողական հիմնարկը, ըստ զեկույցի, գերբնակեցման խնդրի լուծում չէ։ Միջազգային
փորձը ցույց է տալիս, որ պետք են ոչ թե նոր քրեակատարողական հիմնարկներ, այլ՝ ազատազրկումը
այլընտրանքային պատժամիջոցներով փոխարինելու
հստակ պետական քաղաքականություն:
Պահման պայմաններ
Գերբնակեցումից բացի ՔԿՀ-ներում կա պահման պայմանների խնդիր: Չնայած վերանորոգման աշխատանքներին,
պայմանները շարունակում են մնալ անբավարար, ինչը հավասարապես վերաբերում է թե՛ դատապարտյալների
պահման, թե՛ աշխատակազմի ծառայողական պայմաններին:
Հաշվի առնելով ՄԻԵԴ նախադեպային որոշումները՝ զեկույցում այդ
պայմանները հավասարեցվում են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
ՔԿՀ-ներն ունեն հիմնանորոգման կարիք: «Նուբարաշենում», օրինակ,
խցերը խոնավ են ու հակահիգիենիկ՝ բացառությամբ մի քանի խցերի: Սանհանգույցները անմխիթար
վիճակում են, ինչի պատճառով գարշահոտություն է տարածված, կոյուղու վթարի պատճառով միջանցքներով
ջուր է հոսում, շրջում են միջատներ ու խավարասերներ, որոնք կարող են տարբեր հիվանդությունների
փոխանցման պատճառ դառնալ:
Զբոսանք
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ
կետը նախատեսում է դատապարտյալի հանգստի՝ ներառյալ բացօթյա զբոսանքի և ութժամյա գիշերային
քնի իրավունքը, իսկ 78 հոդվածում նշվում է, որ զբոսանքի տևողությունը չի կարող պակաս
լինել օրական մեկ ժամից: Պատժախցում պահվող կալանավորված անձինք նույնպես օգտվում են
օրական առնվազն մեկ ժամ զբոսանքի իրավունքից:
Մշտադիտարկումը, սակայն, ցույց է տալիս, որ գործնականում օրենքով
սահմանված զբոսանքի իրավունքը տարիներ շարունակ պատշաճ չի ապահովվում: «Նուբարաշեն»
ՔԿՀ–ում, օրինակ, զբոսանքը կազմակերպվում է միայն շաբաթվա որոշակի օրերի, իսկ կիրակի
օրերին զբոսանք ընդհանրապես չի լինում: Աշխատակիցների ոչ բավարար քանակը զբոսանքի ոչ
պատշաճ կազմակերպման պատճառներից մեկն է:
Հացադուլ հայտարարած անձանց խնդիրները
Հացադուլ հայտարարած անձինք գերբնակեցման խնդրի պատճառով առանձնացվում
և պահվում են պատժախցերում՝ նույն պայմաններում, որում պահվում են հիմնարկի վարչակազմի
կողմից տույժի ենթարկված դատապարտյալները: Բացի այդ, պատժախցերում պայմանները շատ վատ
են, ինչը կարող է հանգեցնել առողջական խնդիրների:
Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած ազատազրկվածների
նկատմամբ ամենօրյա անհրաժեշտ բժշկական հսկողության ապահովման խնդիրը: Անհրաժեշտ է հացադուլ
հայտարարած անձանց իրավունքների և պարտականությունների ամրագրումը օրենքով, նշված է
զեկույցում:
Պատժախցեր
Խոշտանգումների կանխարգելման խորհուրդը այցելությունների ժամանակ
արձանագրել է, որ պատժախցերը գտնվում են խիստ անբարեկարգ և հակասանիտարահիգիենիկ վիճակում
(օրինակ՝ «Վարդաշեն» և «Էրեբունի» ՔԿՀ-ներ): Նման անբարենպաստ պայմաններում պահվում
են առողջական խնդիրներ ունեցող ազատազրկված անձինք, ում բժշկական պատշաճ օգնություն
չի տրամադրվում:
Ինքնավնասման դեպքերը
Այցելությունների ընթացքում արձանագրվել են մշտապես առկա ինքնավնասման
դեպքեր, որոնք վկայում են դատապարտյալների և հիմնարկի աշխատակազմի միջև կայուն և արդյունավետ
հաղորդակցության բացակայության մասին, հիմնարկի սոցիալ-հոգեբանական ծառայության աշխատանքի
ցածր արդյունավետության մասին:
Փորձագիտական խորհուրդը նկատում է, որ քրեակատարողական հիմնարկներում
բացակայում է օրինական ճանապարհով սեփական իրավունքների պաշտպանության մշակույթը: Դատապարտյալների
մոտ հիմնականում գերիշխում է չբողոքելու, ճշմարտությունը թաքցնելու սովորույթը, որը
բխում է քրեական ենթամշակույթից:
Արտաքին զննություն, անհետաձգելի բուժօգնություն
Զեկույցում արձանագրվում է, որ կալանավորված և դատապարտված անձանց
բժշկական օգնության կազմակերպման համար թեև բոլոր ՔԿՀ-ներում ստեղծվել են բուժմասեր,
բացի այդ՝ գործում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ն, սակայն բուժսպասարկման վիճակը
շարունակում է մնալ անբավարար: Մասնավորապես կա բուժանձնակազմի համալրվածության խնդիր,
բացակայում են անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ, ինչպես նաև՝ ոչ պատշաճ
կերպով են լրացվում բժշկական փաստաթղթերը:
Նաև արձանագրվել են բողոքներ, որոնց համաձայն՝ «Դատապարտյալների
հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելը և այնտեղ բժշկական օգնություն ստանալը կատարվում է որոշակի
գումարի դիմաց, հակառակ դեպքում կա՛մ մերժում են, կա՛մ անհարկի ձգձգում: Բացի այդ,
հիվանդասենյակները գտնվում են սանիտարահիգիենիկ վատ պայմաններում, տրամադրված դեղորայքը
հաճախ անարդյունավետ է:
Այլ խնդիրներ
ՔԿՀ-ներում առկա է նաև զբաղվածության բացակայության խնդիր, ինչը
նույնպես վատ է անդրադառնում դատապարտյալների միջանձնային հարաբերությունների վրա:
Պատշաճ չէ սննդի որակը, որի պատճառով ազատազրկվածների մեծ մասը
հրաժարվում է հիմնարկի տրամադրած կերակուրից և օգտվում է հանձնուքներից:
