Խոշտանգումը ոստիկանությունում. «Ո՞նց չծեծենք, եթե ինքն ա արել, բայց չի խոստովանում»

Ուսումնասիրությունը բացահայտել է, որ ոստիկանության բաժիններում անձանց նկատմամբ կիրառվում է ֆիզիկական և հոգեբանական բռնություն։ Հարցվածներից կեսից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն դեպքերի կապակցությամբ քրեական գործեր հարուցված չեն, ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։

Հասարակական դիտորդական խմբերը, որոնք մշտադիտարկում են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալվածների պահելու վայրերում (ՁՊՎ), հնարավորություն ունեն այցելելու, արձանագրելու և ահազանգելու ազատազրկման վատ պայմանների, փակ հաստատություններում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին։

Սակայն դիտորդական խմբերը, լիազորություն չունենալով մուտք գործել ոստիկանության բաժիններ, հնարավորություն չունեն տեսնելու և բարձրաձայնելու այն ապօրինությունների մասին, որոնց միջով անցնում են անձինք մինչև ՁՊՎ կամ քրեակատարողական հիմնարկ հասնելը՝ ոստիկանությունում փաստացի ազատազրկվածի կարգավիճակում գտնվելով։

Ոստիկանության ՁՊՎ–ներում գտնվող անձինք հակված չեն պատմելու ոստիկանների կողմից խոշտանգումների կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին, քանի որ դեռևս գտնվում են վախի ազդեցության տակ։ Նրանք այդ մասին սկսում են խոսել միայն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո։

1990-ականներից սկսած հասարակությանը հայտնի են 10-ից ավելի մահվան դեպքեր, որոնք տարբեր իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կարծիքով եղել են խոշտանգման հետևանք, սակայն, պաշտոնական վարկածով, որակվել են կա՛մ ինքնասպանություն, կա՛մ այլ որակում են ստացել:

Ոստիկանության բաժիններում մահվան դեպքերից հատկապես հասարակական մեծ հնչեղություն ստացանԼևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի մահվան դեպքերը:

Ազատազրկվածների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական բռնություն

Հայաստանի հելսինկյան կոմիտեն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում (բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ)։

Ուսումնասիրությունը փաստել է, որ ՀՀ ոստիկանության բաժիններում անձանց նկատմամբ կիրառվել են խոշտանգում և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական բռնության տեսքով։

2012թ. հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի հելսինկյան կոմիտեի փորձագետները Քրեակատարողական հիմնարկների և ոստիկանության հասարակական դիտորդական խմբերի հետ համատեղ հարցումներ են անցկացրել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։

Կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ զրույցներ են անցկացվել, սակայն նրանցից միայն 30-ն է համաձայնել հարցաթերթիկ լրացնել։ Մնացածը հրաժարվել են` վախենալով վատթարացնել իրենց վիճակը կամ էլ մտածելով, որ դրանով ոչինչ չի փոխվի: Միևնույն ժամանակ ուսումնասիրվել են ՔԿՀ–ների և ՁՊՎ–ների բուժզննության գրանցամատյանները, որտեղ գրանցվում են մարմնական վնասվածքները։

Հարցաթերթիկ լրացրածներից 18-ն ունեցել են մարմնական վնասվածքներ, 12-ը՝ ոչ, նրանցից 10-ին ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին՝ ոչ, չնայած ունեին դրա կարիքը։ Քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս միայն 4-ն են հայտարարություն տվել մարմնական վնասվածքներ ունենալու մասին։

Ֆիզիկական և հոգեբանական բռնության դրսևորումները

Հարցված կալանավորները պատմել են, որ իրենց ծեծել են ոտքով, մահակով, մանրահատակով, ատրճանակի բռնակով, հարվածել են ոտքերին, գլխին, երիկամներին։ Ձեռնաշղթա են հագցրել և մահակով հարվածել կողերին, ոտքերին, գլխին։ Մահակով հարվածել են ոտքերի տակ, գլուխը խփել «պառավոյին»։ Կապել են աթոռից, ձեռքի ափերով խփել են ականջներին, կիրառել են էլեկտրաշոկ։

Ծեծն ուղեկցվել է հայհոյանքներով և սպառնալիքներով։ Ասել են «եթե չխոստովանես ու գործը վիզ չվերցնես, հորդ ու եղբայրներիդ վրա գործ կսարքենք», «եթե չխոստովանես, ատկազով կդատեն, ու ավելի վատ կլինի», սպառնացել են ընկերուհուն բերել ոստիկանություն և ծեծել, չեն թույլատրել զանգի և տեղեկացնի հարազատներին, մինչև չխոստովանի, մի դեպքում ասել են, որ եթե խոստովանական ցուցմունք գրի, կթողեն, որ գնա, հարազատի հուղարկավորությանը մասնակցի։ Շատ են եղել ընկերների, ընտանիքի մյուս անդամների գլխին «գործ սարքելու» սպառնալիքները։

Հարցվածներից 26-ին բերման ենթարկելուց հետո չեն ծանոթացրել իրենց իրավունքներին, 20-ին չեն պարզաբանել պաշտպան ունենալու իրավունքը։ Նրանցից 29-ը սկզբնական շրջանում պաշտպան չեն ունեցել, պաշտպանից հրաժարվել են հիմնականում քննիչների համոզելով կամ ստիպելով: Քննիչն ասել է՝ «պետք չի, ավելի վատ կլինի», «պաշտպանը ոչ մի բան չի կարող անել», «մինչև մեղքդ չխոստովանես, պաշտպան չենք տրամադրի» կամ էլ տեղյակ չեն եղել, որ կարող են պաշտպան պահանջել։

Բոլոր հարցվածները ոստիկանության բաժնի աշխատակիցների վերաբերմունքը իրենց նկատմամբ գնահատել են որպես «վատ»: Գերակշռող դեպքերում ազատազրկվածներին սահմանված 72 ժամից ավել են պահել ոստիկանությունում, հարցաքննել են մինչև ուշ գիշեր, հնարավորություն չեն տվել օգտվել զանգելու և հարազատներին տեղեկացնելու իրավունքից, չեն պարզաբանել իր իրավունքները։

«Եթե բռնություն չկիրառվի, հանցագործությունները չեն բացահայտվի»

Ազատազրկվածներից շատերը խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բարձրաձայնում են հետագայում՝ գործի դատական քննության ժամանակ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է նրանց հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվում, իսկ խոստովանական ցուցմունքը չի ճանաչվում անթույլատրելի ապացույց և դրվում է վճռի հիմքում։

Ուսումնասիրության շրջանակներում զրույցներ են անցկացվել նաև դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ՝ պարզելու ոստիկանության բաժիններում խոշտանգումների դրդապատճառները և ձևերը՝ նրանց տեսանկյունից։

Դատավորներից մեկն անկեղծացել է՝ նշելով. «Մեր վարույթում եղած գործերով ամբաստանյալների 80 տոկոսը հայտարարում է, թե ցուցմունքները տվել է ծեծի ու սպառնալիքների տակ, ո՞ր մեկի հետևից ընկնենք»։

Քննիչներից մեկն էլ ասել է, թե խոշտանգումները հիմնականում կիրառվում են օպերատիվ աշխատողների՝ օպերլիազորների կողմից՝ անձին «մշակելու» նպատակով, իսկ քննիչներն անձամբ դրան չեն մասնակցում։ Խոշտանգման տարածված ձևերից է ոտքերի տակ՝ կոշիկների վրայից ռետինե մահակով հարվածելը. ցավոտ է և հետքեր չեն մնում։

Ոստիկանների հետ անհատական զրույցների ժամանակ նրանք ասել են, օրինակ՝ «ո՞նց չծեծենք, եթե բոլոր ապացույցները կան, բայց չեն խոստովանում» կամ «եթե անչափահաս երեխայի է բռնաբարել, ո՞նց չծեծես»։ Նրանք նշել են, որ իրենց գործերի ծավալը մեծ է, չեն հասցնում, ֆինանսավորումը և նյութատեխնիկական միջոցները բավարար չեն բոլոր գործերով մանրակրկիտ քննություն իրականացնելու և հանցագործությունները բացահայտելու համար։

Իսկ դատախազները քննիչներին մեղադրել են պրոֆեսիոնալիզմի պակասի մեջ. «Մենք ստիպված ենք անգրագետ քննիչների կազմած գործերը դատարանում պաշտպանել», «եթե բռնություն չկիրառվի, հանցագործությունները չեն բացահայտվի։ Եթե դուք հանգիստ քնում եք, դրա շնորհիվ է»։

Կալանավորումը որպես խափանման միջոց հաճախ կիրառելու վերաբերյալ քննիչները և դատավորները խոստովանել են, որ երբեմն հիմքեր չեն լինում, սակայն իրենք այդպես են վարվում՝ մտավախություն ունենալով, որ դատախազությունում կարող են կասկածներ առաջանալ, որ իրենք շահագրգռվածություն ունեն։

Հ.Գ. Չնայած Ոստիկանությունը վերջերս շատ է թմբկահարում ներքին բարեփոխումների մասին, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ծեծող ոստիկանին անվանում է «տկարամիտ մսագործ», բայց փաստերը ցույց են տալիս, որ խոշտանգումը դեռ գործելաոճ է այս համակարգում։ Այդ մասին են վկայում նաև Եվրոպայի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ուսումնասիրությունները Հայաստանում: ԽԿԿ-ն իր առաջարկություններում նշել էր, որ խոշտանգում կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ պետք է լինի զրո հանդուրժողականություն, սակայն իր վերջին՝ 2011-2012թթ. զեկույցում նշել է, որ որևէ դրական փոփոխություն Հայաստանում չի եղել:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան