Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները՝ փակման վտանգի տակ

Փի–Էյչ ինթերնեշնլ (Project
Harmony International) կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված իրավախախտ անչափահասների
համայնքային վերականգնողական կենտրոնները ֆինանսների բացակայության պատճառով գտնվում
են փակման վտանգի տակ: 2006 թվականից մինչ օրս դոնորների աջակցությամբ իրականացվող
ծրագրի հետագա ֆինանսավորման համար կազմակերպությունը դիմել է պետական ատյաններին,
սակայն երբ հերթը հասնում է լավ և օգտակար ծրագրերին, պետության ֆինանսները չեն հերիքում։

Համայնքային վերականգնողական կենտրոններ ստեղծելու գաղափարը
Փի–Էյչ ինթերնեշնլ (Project Harmony International) կազմակերպությանն էր, չնայած որ
տարբեր առիթներով ոստիկանությունն իրեն է վերագրում այդ նախաձեռնությունը։

Ուսումնասիրելով միջազգային փորձը, 2006-ին կազմակերպությունը
ստեղծեց առաջին համայնքային վերականգնողական կենտրոնը Երևանում: Հետագայում դրանց թիվը
հասավ 11–ի՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, բացի Վայոց ձորի մարզից։

Կենտրոններն աշխատում են ոչ ծանր իրավախախտում կատարած և ոստիկանությունում
հայտնված երեխաների հետ։ Վերապատրաստված մասնագետները երեխաների հետ իրականացնում են
սոցիալ–հոգեբանական, դաստիարակչական աշխատանքներ:

«Այն երեխաները, ովքեր ենթակա են հաշվառման, կամ դեռևս հաշվառման
կարիք չկա, այլ ընդամենը հետևողականության և ուշադրության կարիք կա, որպեսզի հետագայում
լուրջ իրավախախտում չգրանցվի, ոստիկանությունը այդ երեխաներին տալիս է հնարավորություն,
որպեսզի մեր վերականգնողական կենտրոնների հետ աշխատեն: Այսինքն՝ նրանց չեն հաշվառում
և ավելի մեղմ վերաբերմունք են, կարծես, դրսևորում երեխայի հանդեպ, քանի որ այլ պարագայում
նրանք պետք է մեկ տարի մնային ոստիկանության վերահսկողության տակ»,- ասում է Փի–Էյչ
ինթերնեշնլի հայկական գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։

2006 թվականից մինչ օրս ծրագրի շրջանակներում աշխատանք է տարվել
680 անչափահասների հետ, որոնցից 638-ը հաջող ելքով են ավարտվել, մնացած 42 դեպքը կա՛մ
ընթացքի մեջ են, կա՛մ կասեցվել են անհաջող աշխատանքների պատճառով և անչափահասի հետ
աշխատանքներ է տարել տեղի ոստիկանությունը:

Վերականգնողական կենտրոնները ստեղծվել են համայնքային կազմակերպությունների
մարդկային և նյութական ռեսուրսների հենքի վրա: Ծրագրին աջակցում է ՀՀ ոստիկանությունը՝
առաջին անգամ իրավախախտում կատարած անչափահասներին ծնողների համաձայնության դեպքում
ուղղորդելով համայքնային վերականգնողական կենտրոններ։

Մինչ 2013թ. մարտ ամիսը ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը:
2011-2013 թվականներին համայնքային վերականգնողական կենտրոններին ֆինանսական աջակցություն
է տրամադրել նաև ՄԱԿ–ի մանկական հիմնադրամը՝ Յունիսեֆը։

Յունիսեֆը կշարունակի զուտ խորհրդանշական ֆինանսավորում հատկացրել
այս պահին գործող 9 կենտրոններին մինչև տարվա վերջ, որպեսզի անչափահասներին համապատասխան
ծառայություններ տրամադրվեն, իսկ դրանից հետո վերականգնողական կենտրոնների ճակատագիրն
անհայտ է։

Որոշ համայնքներ աջակցում են կենտրոնների աշխատանքին։ Օրինակ՝
Կապանի քաղաքապետարանը տրամադրել է տարածք, իր վրա է վերցրել կենտրոնի աշխատողների
աշխատավարձերի վճարումը։ Ճամբարակի քաղաքապետարանը համաֆինասավորում հատկացրել տեղի
ՀՎԿ-ներին։ Սակայն դա, ըստ Մարտիրոսյանի, բավարար չէ։

«Վերջին տարիներին մենք բանակցություններ ենք վարել ֆինանսավորման
ձեռք բերման համար տարբեր պետական մարմինների հետ՝ նախարարությունների, մարզպետարանների,
քաղաքապետարանների: Տարբեր կենտրոններ որոշակի աջակցություն ստանում են, բայց որևէ
ստանդարտ, կայուն ֆինանսավորում, պետական աջակցություն, որ բոլոր ՀՎԿ-ները ստանան,
չկա»,– ասում է Մարիամ Մարտիրոսյանը:

Պատճառաբանությունները սուղ ֆինանսներն են, սակայն դա, Մարտիրոսյանի
խոսքերով, արդարացված չէ։

«Բոլոր երկներում էլ ֆինանսների պակասը կա, բայց պետք է մի բան
մտածել։ Օրինակ, հարևան Վրաստանը շատ ավելի ուշ սկսեց ծրագիրը՝ մեր հաջողությունները
տեսնելով, բայց այնտեղ արդեն պետական ծրագիր է ներդրվել, իրավական դաշտում համապատասխան
փոփոխություններ են արվել, մինչդեռ մենք շարունակում ենք աշխատել ընդամենը պայմանագրով
ոստիկանության հետ կնքված։ Այսինքն՝ դա ընդամենը ժամանակավոր գործիք է, եթե ծրագիրն
ավարտվեց, պայմանագիրն էլ է ուժը կորցնում»,– նշում է Փի–Էյչ ինթերնեշնլի հայկական
գրասենյակի տնօրենը։

Համայնքային վերականգնողական կենտրոնների հետագա գործունեության
մասին խոսեցինք նաև Արդարադատության նախարարության ներկայացուցչի հետ:

Նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ իրենք շատ
բարձր են գնահատում այս ՀՎԿ–ների դերը, սակայն պետությունը բավական միջոցներ չունի
այս ծրագիրը ֆինանսավորելու համար:

Նա հավելեց, որ 2014 թվականից Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն
ծառայության շրջանակներում իրենք անպայման կներգրավեն այս ծրագրի աշխատակիցներին՝ հաշվի
առնելով նրանց փորձը։

Պարզ է, որ պրոբացիոն ծառայության ներդրման և կայացման համար
երկար ժամանակ կպահանջվի։

Եթե վերականգնողական կենտրոնները դադարեն գործել, ապա ի՞նչ է
լինելու կենտրոն հաճախող անչափահասների հետ։ Հավանաբար նրանցով կշարունակի զբաղվել
ոստիկանությունը՝ իր ավանդական մեթոդներով:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան