ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բարձրաձայնում են ցմահ դատապարտյալների խնդիրների մասին

«Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ. չկա ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայում, ներման ու համաներման նախադեպ»,– մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում հայտարարեցին Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն:
«Ցմահ դատապարտվածներին մեր իշխանությունները համարում են կորած մարդիկ... Բայց ցանկացած հանցագործի առաջին հերթին պետք է նայել որպես մարդ։ Նրանք մեր քաղաքացիներն են, մեր հասարակության անդամներն են։ Էդպես դաժան չի կարելի լինել նրանց հետ»,– նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքերով՝ ցմահ դատապարտյալները գործնականում չեն կարողանում օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից, որի համար կարող են դիմել պատիժը կրելուց 20 տարի անց:
Իսկ լրագրող Զարուհի Մեջլումյանն էլ մեկ այլ խնդիր է բարձրացնում. «20 տարի մարդիկ փակ ռեժիմում դեգրադացիայի են ենթարկվում, հոգեբանական խոր անկում է տեղի ունենում նրանց մոտ։ Ես միշտ հարց եմ տալիս՝ ի՞նչ է անում համակարգը, որ 20 տարի անց ազատ արձակված մարդը դառնա հասարակության լիարժեք անդամ»։
Պատիժը կրելուց 20 տարի անց այմանական վաղաժամկետ ազատման միջնորդագիր ներկայացրած երեք դատապարտյալներին քրեակատարողական վարչությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ մարված չեն տույժ հանդիսացող գումարները։ «Ցմահ դատապարտյալները չունեն սեփական գումար վաստակելու հնարավորություն։ Եվ հարց է առաջանում՝ ինչպե՞ս նրանք պետք է տույժը մարեն»,– հարցնում է լրագրողը, ով տարիներ շարունակ լուսաբանում է ցմահ դատապարտյալների խնդիրները։
Ավետիք Իշխանյանը օրենսդրական բացթողումներից է համարում այն, որ ցմահ բանտարկության կարող են դատապարտվել 18-20 տարեկան երիտասարդները: Ըստ միջազգային ճափանիշների՝ մինչև 21 տարեկանը անձը համարվում է անչափահաս և չի կարող լիարժեք գիտակցել իր արարքների հետևանքները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ցմահ բանտարկության տարիքային շեմը բարձրացնելու օրենսդրական փոփոխության առաջարկը ԱԺ–ում չի ընդունվել։
Նախագծի մերժումը, Իշխանյանի կարծիքով, հիմնավոր չէր։
«Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դեմ է տարիքային շեմը բարձրացնելուն, որովհետև, իր կարծիքով, այդ դեպքում բանակային հանցագործությունները կշատանան: Սա ստալինյան, պատժիչ մտածողություն է»,- նշում է Հելինկայն կոմիտեի նախագահը՝ հիշեցնելով, որ բանակում ամենաշատ մահերը և հանցագործությունները գրանցվել են 90-ականներին, երբ դեռ օրենսդրությամբ կար մահապատիժ և զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր։
Նշենք, որ Հայաստանում 22 անձ ցմահ բանտարկության է դատապարտվել 18-21 տարեկանում, նրանցից 15-ը եղել են զինվորական ծառայության մեջ։
Մինչև 21 տարեկան անձին ցմահ բանտարկության դատապարտելը չափազանց խիստ պատիժ է համարում նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Նա նշեց, որ ՄԻ պաշտպանի նախաձեռնությամբ իրենք սկսել են ցմահ դատապարտյալների գործերի անհատական ուսումնասիրություն, որի արդյունքները կներկայացնեն առաջիկայում և հանդես կգան համապատասխան առաջարկություններով։
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեջլումյանը լուրջ խնդիր է համարում նաև հանցագործության իրեղեն ապացույցների վերացումը։
«Այլ երկրներում դատապարտյալները տարիներ անց կարող են պահանջել վերանայել իրենց գործերը ու անցկացնել ԴՆԹ թեստ, որը նոր հագամանքներ կարող է ի հայտ բերել։ Հայաստանում դա իրականացնել հնարավոր չէր, քանի որ իրեղեն ապացույցները ոչնչացնում են: Մեր քաղաքացիական նախաձեռնության ջանքերով Քրեական դատավարության օրենքի նոր նախագծում ավելացվեց կետ, ըստ որի արգելվում է վերացնել կյանքի դեմ ուղղված հանցագործության իրեղեն ապացույցները: Սա ես համարում եմ մեծագույն հաղթանակ»,- նշում է լրագրողը։
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրենց պահանջները հայտարարության տեսքով ներկայացրել են նաև ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և Արդարադատության նախարարությանը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։
Հայտարարություն
«Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ. չկա ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայում, ներման ու համաներման նախադեպ:
1. Ըստ օրենքի, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեն: Պատժի 20 տարվա շեմն առաջինը հատել էր 1991 թ-ին մահապատժի դատապարտված Մանուկ Սեմերջյանը, սակայն դատարանը մերժել էր նրան` տուժող կողմին վճարվելիք տույժը չմարելու պատճառաբանությամբ: Դատարանը հաշվի չառավ նաև այն, որ Սեմերջյանը 20 տարիներին չէր ունեցել որևէ խախտում: Անտեսվեց նաև այն, որ դատապարտյալը երկու անգամ տարել էր ծանր վիրահատություն: Պատժի 21 տարին լրանալուց հետո ընդամենը բավարարվեցին` նրան կիսափակ ռեժիմային ՔԿՀ տեղափոխելով: Մի քանի ամիս անց՝ 2012 թ-ի դեկտեմբերին, նա մահացավ:
Մանուկ Սեմերջյանից հետո պատժի կրման 20-ամյա շեմը, ըստ ՔԿՎ-ից ստացված տեղեկատվության, հատել է ևս 3 ցմահ դատապարտյալ, սակայն 2-ի վերաբերյալ ՔԿՀ վարչական հանձնաժողովը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագիր ներկայացնել: Պատճառաբանությունը նույնն է` մարված չեն տույժ հանդիսացող գումարները: Երրորդի դեպքում նույն հանձնաժողովը որոշում է կայացրել հարցի քննարկումը հետաձգել: Ցմահ դատապարտյալները չունեն սեփական գումար վաստակելու հնարավորություն, ուստի հարց է առաջանում՝ ինչ միջոցներից նրանք պետք է վճարեն գումարները: Հետևաբար, հասարակություն վերադառնալու, ուղղվելու, վարքում դրական տեղաշարժեր դրսևորելու որևէ ազդակ չունեն այս մարդիկ: Ավելին` ահազանգեր ենք ստանում նրանց հուսահատ վիճակի մասին:
2. ԱԺ քառօրյա են ընդգրկվել Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծեր, որոնցով նախատեսվում է ցմահ դատապարտյալների փակ ռեժիմի փոխարինումը կիսափակի 15 տարի պատիժը կրելուց հետո, ներկայիս՝ 20 տարվա փոխարեն: Սա մենք դրական քայլ ենք համարում, քանի որ կիսափակ, այնուհետև նաև կիսաբաց ռեժիմ անցնելուց հետո, անձը ադապտացվում է նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Մանուկ Սեմերջյանից հետո, թեպետ ևս մի քանի դատապարտյալներ են անցել պատժի 20 տարվա շեմը, այդուհանդերձ դեռ շարունակում են փակ ռեժիմում գտնվել, ինչը ենթադրում է առնվազն 23 ժամ անցկացնել խցում փակված: Այսինքն՝ ռեժիմների փոփոխման համակարգը Հայաստանում չի գործում, մինչդեռ այն լայնորեն է կիրառվում քաղաքակիրթ երկրներում: Լիահույս ենք, որ օրենքի ընդունումից հետո 15 տարի փակ ռեժիմում գտնվող ցմահ դատապարտյալները կտեղափոխվեն գաղութներ:
3. 2012 թ-ի նոյեմբերի 21-22-ը Երևանում կայացած «Ցմահ դատապարտյալների խնդիրները» թեմայով միջազգային համաժողովի արդյունքում մշակված օրենսդրական առաջարկների համաձայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԱԺ ներկայացեց ցմահ դատապարտյալների վիճակը բարելավող մի շարք առաջարկներ, մշակվեցին օրենքների նախագծեր, սակայն դրանք հավանության չարժանացան Կառավարության կողմից: Իսկ պատճառաբանությունն այն էր, որ մշակման փուլում է Քրեական օրենսգրքի նոր հայեցակարգը, ուստի կառավարությունը հորդորում է օրենսդրին այդ օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնություններով հանդես չգալ:
4. Չեն գործում նաև պատժի կրման տարբերակված մոտեցումներ՝ ելնելով դատապարտյալի անձից, արարքը կատարելու պահին նրա տարիքից, նախկինում դատվածություն ունենալ-չունենալուց և այլն:
5. Ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերը մնում են անպատասխան:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անդրադառնալ ցմահ դատապարտյալների խնդիրներին՝ օրենսդրական փոփոխությունների, պատժից վաղաժամկետ ազատման, ռեժիմների փոփոխման, պատժաչափերի կամ վիճելի գործերի վերանայման, ներման կամ համաներման միջոցներով:
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն
