Չես ուզում հետմահու դոնոր լինել, նախօրոք հրաժարվիր

Մահը ծառայեցնել կյանքին. դիակային դոնորից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու և կենդանի մարդուն փոխպատվաստելու գործում հենց այս գաղափարն է ընկած: Այսպես է ներկայացնում օրգանների փոխպատվաստումը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Սակայն այս գաղափարը միանշանակորեն չի ընկալվում հասարակության կողմից:

Եթե նախկինում մահանալուց հետո անձից փոխպատվաստման նպատակով կարող էին օրգաններ և հյուսվածքներ վերցվել միայն կենդանության օրոք տված գրավոր համաձայնության հիման վրա, ապա չորս տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխություններով՝ մարդը մահից հետո դառնում է պոտենցիալ դոնոր, եթե կենդանության օրոք չի հրաժարվել դոնոր լինելուց։

Որոշ փորձագետների կարծիքով՝ սա կարող է բազմաթիվ չարաշահումների պատճառ դառնալ: Օրինակ, երբ մարդը վթարից հետո ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց, ինչպես իմանալ` նրան հնարավո՞ր չէր փրկել, թե՞ չփրկեցին, որովհետև նրա կենսական որևէ օրգան գնորդ ուներ:

Դեմ չես, ուրեմն դոնոր ես

«Մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը փոփոխվել և ընդունվել է ԱԺ-ի կողմից դեռևս 2009 թվականի ապրիլին, սահմանում է. «Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների եւ հյուսվածքների դոնոր»:

Նույն հոդվածում նշվում է անհամաձայնություն հայտնելու կարգը. «Յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի հաստատած կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում:

Անձի դիակային դոնոր հանդես գալու որոշման վերաբերյալ տեղեկությունը ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը լիազոր մարմնի հաստատած կարգով փոխանցում է օրգանների ու հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր»:

Այսինքն` եթե մարդը չի դիմել իր ընտանեկան բժշկին և հատուկ չի հայտնել, որ մեռնելուց հետո իր մարմնից որևէ օրգան չհեռացնեն, ապա մեխանիկորեն համարվում է դոնոր: Սակայն նույն հոդվածի երկրորդ մասը սահմանում է նաև, որ արդեն «ուղեղային մահ» ունեցած մարդու օրգանները հեռացնելու համար անհրաժեշտ է նրա ազգականների թույլտվությունը ստանալը:

Դիակային դոնորության այս սկզբունքը գործում է նաև աշխարհի մի շարք զարգացած երկրներում: Մասնավորապես` 2010 թվականին եվրոպական 24 երկիր մշակել է այս սկզբունքով աշխատելու կարգ, և կարողանում են համագործակցել: Այս առումով հայտնի է Իսպանիայի, Ավստրիայի, Բելգիայի առողջապահական համակարգը:

«Արաբակիր» բժշկական կենտրոնը Հայաստանում միակ բուժհաստատությունն է, որտեղ կատարվում է օրգանների (առայժմ միայն՝ երիկամների) փոխապատվաստում: Կենտրոնի նեֆրոլոգ, պրոֆեսոր Արթուր Սարգսյանը նշում է, որ օրենսդրական այս փոփոխությունը լուրջ քայլ էր, այնուհետև պարզաբանում է, թե ինչով է ներկայիս խմբագրությամբ հոդվածը առավել ընդունելի. «2009-ին փոխվեց օրենքը և հիմա եթե չեք հրաժարվում, ապա ընկալվում է, որ համաձայն եք դոնոր լինել, եթե ձեր բարեկամները չառարկեն: Դա թույլ է տալիս դոնոր մարդկանց թիվը մեծացնել»:

Իսկ դոնորների կարիք ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում խիստ մեծ է: Թեև վիճակագրական տվյալներ չկան ՀՀ-ի վերաբերյալ, սակայն փորձագետները նշում են, որ հարյուրավոր մարդիկ են մահանում դոնորների բացակայության պատճառով: Օրինակ, ԱՄՆ-ում, 2009-ի տվյալներով, օրական 19 մարդ է մահանում` դոնոր չունենալու պատճառով:

Ոչ թե անարգանք, այլ բժշկական միջամտություն

Միջազգային պրակտիկայում հետմահու դոնորության երկու տարբերակն էլ ընդունելի է (կենդանության օրոք գրավոր համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել), և կարևորվում է մարդու մարմնի նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Մասնավորապես` օրգանների և հյուսվածների փոխպատվաստմանը վերաբերող մարդու իրավունքների և բիոբժշկության մասին եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը սահմանում է հետևյալը. «Վիրահատության ժամանակ պետք է հարգանքով վերաբերվել մարդու մարմնին և անել հնարավոր ամեն ինչ` դիակի արտաքին տեսքը վերականգնելու համար» (թարգմանությունը` հեղինակի): Նշենք, որ ՀՀ-ն այս կոնվենցիան դեռ չի ընդունել:

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ փոփոխությանը բացասական էր արձագանքել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի 7-րդ հոդվածի սահմանադրականությունը: Օմբուդսմենն իր դիմումում նշել էր, որ մարդու կամքի ազատ արտահայտումը՝ որպես նրա արժանապատվության իրավունքի անբաժանելի մաս, պետք է պաշտպանվի և հարգվի ինչպես մարդու կենդանության օրոք, այնպես էլ՝ նրա մահից հետո: Եվ որ մարդն ինքն է որոշում և տնօրինում իր մարմնի ճակատագիրը, այդ թվում՝ որոշում վերջինիս ճակատագիրը մահից հետո:

Սակայն ՍԴ–ն 2010թ-ի սեպտեմբերի 14-ին ընդունված իր ՍԴՈ-913 որոշմամբ հոդվածն այս մասով համարում է սահմանադրական՝ նշելով, որ այն հետապնդում է «սոցիալապես արդարացի» նպատակ:

Մասնավորապես, որոշման 5-րդ կետում նշում է. «Փոխպատվաստման հետ կապված հարաբերությունների կարգավորման վերոհիշյալ սկզբունքների ու միջոցների իրավական բովանդակությունից հետևում է, որ փոխպատվաստումն անձի կյանքի, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու սահմանադրական իրավունքների երաշխավորման բացառիկ միջոց է: Այն կոչված է ոչ թե մարդուն ենթարկելու գիտական, բժշկական և այլ փորձերի, այլ վերականգնելու ռեցիպիենտի (մարդը, ում փոխպատվաստվում է օրգանը- հեղինակ) առողջությունը, փրկել կյանքը՝ նրա (կամ նրա օրինական ներկայացուցչի) կամքի հիման վրա, միաժամանակ ապահովելով այդ անձի անձեռնմխելիությունը, ազատ կամաարտահայտության նրա իրավունքը»:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ այս հարցի վերաբերյալ նշում է, որ երբ խոսում են հետմահու դոնոր լինելուց, ապա դա չի նշանակում, թե մարդու մարմնի հետ վարվում են` ինչպես ուզում են, այլ խոսքը հարգալից կերպով կատարվող բժշկական միջամտության մասին է. «Գիտեք` Հայաստանում որոշ դեպքերում հերձումը պարտադիր է, արգելված է հերձումից հրաժարվելը, և դա հետապնդում է իրավաչափ նպատակ: Եվ ի՞նչ, հերձումը անարգա՞նք է մարդու մարմնի նկատմամբ: Կարծում եմ` ոչ»:

Օրենքը ռիսկային է, օրենսդրական փաթեթը՝ թերի

Սակայն օրենքի 7-րդ հոդվածը որոշ փորձագետների համար մտահոգիչ է ոչ միայն այն տեսանկյունից, թե կարող է անարգվել մարդու մարմինը, այլև հոդվածի կիրառումը կարող է բազմաթիվ չարաշահումների պատճառ դառնալ:

Չարաշահումները բացառելը հենց «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն է երաշխավորում` 2-րդ հոդվածում սահմանելով, որ օրգանների և հյուսվածքների առուվաճառքը արգելվում է: Փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ դա կարող է բավարար երաշխիք լինել: Իսկ փաստաբան Սամվել Ջաղինյանը պատասխանում է, որ չարաշահումների մասին պետք է մտածել այն ժամանակ, երբ օրենքը կիրառելու վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական ակտեր կմշակվեն և իրավանորմը կկիրառվի:

ՍԴ-ն իր որոշման մեջ, անդրադառնալով այս հարցին, նշում է, որ օրենքում կատարված փոփոխությունն իր մեջ ռիսկեր է պարունակում, և հնարավոր բացասական դրսևորումների կանխարգելման լրացուցիչ երաշխիքներ են պահանջվում:

ՍԴ-ն արձանագրում է նաև, որ օրենքով նախատեսված լուծումները և ենթաօրենսդրական ակտերը, որպես միասնական համակարգ, թերի են ու ոչ լիարժեք (ՍԴՈ-913 որոշման 6-րդ կետ), ՀՀ կառավարությունը չի ընդունել իրեն պատվիրակված որոշումները` օրենքի կիրարկումն ապահովելու համար (7-րդ կետ): Իսկ որոշման 8-րդ կետում նշվում է, որ նման թերի իրավակարգավորման պարագայում լիարժեք չի կարող երաշխավորվել Սահմանադրության 38-րդ հոդվածը (բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը):

Օրենքը շարունակում է մնալ անփոփոխ

ՍԴՈ-913 որոշման եզրափակիչ մասում ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի մի մասը, որն առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը սա բացատրում է այսպես. «Ըստ ՍԴ-ի` հակասահմանադրական է դիակից այնպիսի օրգաններ վերցնելը, որոնց փոխպատվաստում ՀՀ-ում չի իրականացվում: Մնացած մասով օրենքի 7-րդ հոդվածը սահմանադրական է»:

Այսինքն, կարող ենք ենթադրել, որ քանի դեռ սրտի փոխպատվաստում ՀՀ-ում չի կատարվում, ապա այս օրգանի հեռացումը ոտնահարում է մարդու արժանապատվությունը:

Իսկ Ա. Զեյնալյանը այս դեպքում կարևորում է որոշման մեջ նշված այն հանգամանքը, որ դիակային դոնորներից օրգաններ վերցնելը պայմանավորված է օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ընդունմամբ: Սակայն, նշենք, որ 2010 թվականից մինչ օրս այս հարցի վերաբերյալ նոր իրավական ակտ չի ընդունվել, օրենքի 7-րդ հոդվածը փոփոխությունների չի ենթարկվել։

Պրոֆեսոր Արթուր Սարգսյանը նշում է, որ օրգանների փոխպատվաստման մասին օրենքը կիրառելու համար նախ պետք է փոխվի հասարակության մտածելակերպը. մարդը պետք է հավատա, որ իր հարազատը մահացել է և նրա վիճակն անդառնալի է: Մյուս կողմից ռեսուրսներ են պահանջվում բուժհաստատությունների կողմից դոնորների և ռեցեպիենտների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման համար, ինչի հնարավորությունները Հայաստանում դեռ տեղծված չեն։ Այլ կերպ ասած՝ դիակային դոնորից օրգաններ վերցնելու և փոխպատվաստում անելու համար, պրոֆեսորի խոսքերով, «մեծ ճանապարհ պիտի անցնենք»:

Հեղինակը՝ Աստղիկ Կարապետյան