Ծեծող ոստիկանը «մսագործ է և տկարամիտ». ոստիկանապետի խոսքն ու գործը

Անցած տարվա դեկտեմբերին Ոստիկանությունում կայացած նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «մսագործ և տկարամիտ» անվանեց ծեծով գործ բացահայտող ոստիկանին և նշեց, որ ավելի լավ է հանցագործությունը չբացահայտվի, քան բացահայտվի նման մեթոդներով։

Այս հայտարարությունից չորս ամիս անց Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանին Երևանի ոստիկանության պետի պաշտոնում նշանակելը մեծ արձագանք ունեցավ զանգվածային լրատվամիջոցներում, քանի որ Կարապետյանի անունը մեկ անգամ չէ, որ շոշափվել է ոստիկանությունում տեղի ունեցող ծեծի և բռնությունների համատեքստում։

Վերջին ամենահայտնի դեպքերը կապված են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և Հայաստանի ժողովրդական կուսակցության համակիր Գրիշա Վիրաբյանի հետ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ Երևանի նորանշանակ ոստիկանապետի մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ։

«Անհեթեթություն է։ Ես չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն անել»,– www.hra.am –ի հարցերին Աշոտ Ահարոնյանը կարճ և խուսափողական պատասխանեց։

Այդպես էլ հասկանալի չեղավ, թե ի՞նչն է անհեթեթություն՝ այն, որ Վիրաբյանը խոշտանգվե՞լ է, թե՞ որ խոշտանգող ոստիկանների մեջ եղել է նաև Աշոտ Կարապետյանը։ Սակայն, ըստ էության, Ահարոնյանը որևէ հակափաստարկ չբերեց և չասաց, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Ավելի ուշ emedia.am կայքին տված հարցազրույցում Աշոտ Կարապետյանը անհեթեթ է անվանել շրջանառվող լուրերը և ասել է, որ իր աշխատանքային գործունեության ժամանակ ինքը ոչ ոքի ծեծի չի ենթարկել, հակառակ դեպքում «համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով»:

Մինչդեռ, ներկայումս Բրյուսելում բնակվող Գրիշա Վիրաբյանը 1in.am- ին տված հարցազրույցում հաստատել է լուրերը։

«Ինձ 2004 թվականի ապրիլի 24-ին զենք ունենալու կասկածանքով տարան ոստիկանություն, սադրանքների ենթարկեցին, քրեականի պետն ինձ հայհոյեց և հարվածեց, ես էլ դիմեցի ինքնապաշտպանության և հարվածեցի իրեն: Հետո եկավ Աշոտ Կարապետյանը, որը հրամայեց ձեռնաշղթաներ հագցնել։ Նա ինձ առաջին խոշտանգողներից մեկն է»,– ասել է Վիրաբյանը՝ հավելելով, որ Կարապետյանը հոգեկան խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ 2004թ.–ին ոստիկանության Արտաշատի բաժնում ՀԺԿ անդամ, 44-ամյա Գրիշա Վիրաբյանը դաժան ծեծի և խոշտանգումների է ենթարկվել, որի հետևանքով առողջական վիճակը կտրուկ վատացել է։

Գրիշա Վիրաբյանի դեմ քրեական գործ էր հարուցվել «իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հոդվածով (նա մեղադրվում էր ոստիկանի դեմքին հեռախոսի լիցքավորիչով հարվածելու համար), որը 2004-ի օգոստոսին կարճվել է։

Նշենք նաև, որ նրան դաժանաբար ծեծի ենթարկած ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու հայցը դատախազությունը համարել էր անհիմն և մերժել: Դատախազությունը գտել էր, որ ոստիկանների գործողություններում լիազորությունների սահմանազանցման հանգամանք չկա, որ նրանք ընդամենը ինքնապաշտպանվել են: Նրանց նկատմամբ անգամ ծառայողական քննություն չէր նշանակվել։

Վիրաբյանը, սպառելով ներպետական ատյանները, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ՄԻԵԴ–ը 02.10.2012թ վճռով բավարարել է «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» բողոքը և ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածի խախտում։ Դատարանը հաստատված է համարել, որ Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգումների, ապօրինի պահվել է անազատության մեջ և խախտվել է նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է պետությանը Վիրաբյանին վճարել 31 հազար եվրո փոխհատուցում, որի մեծ մասը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

«...Այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկանները] լքեցին սենյակը, մեկ այլ ոստիկան՝ Ա. Կ.-ը մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում», «...ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) և սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա և ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետև նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնաբարելու է ինձ»,– սրանք հատվածներ են Գրիշա Վիրաբյանի տված ցուցմունքներից, որոնք մեջբերված են ՄԻԵԴ վճռում։

Այսքանից հետո, ավելորդ չի լինի հիշեցնել անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ոստիկանության շտաբի նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը՝ ծեծող ոստիկանների վերաբերյալ։

«Մենք միասին պայմանավորվել ենք, որ ծեծով, ջարդով բացահայտումներ չեն լինում։ Երբ ուժ ես կիրառում հանցագործությունը բացահայտելու համար, ուրեմն անխելք ես, երբ ուժ ես կիրառում, ուրեմն տկարամիտ ես և միտքդ չի աշխատում, դու մասնագետ չես, ուղղակի մսագործ ես։ Ցավոք սրտի, մենք դեռ ունենք նման երևույթներ։

Եթե հանցագործությունը ծեծով պետք է բացահայտվի, թող չբացահայտվի։ Մսագործությունը, ծեծը, ջարդը կատեգորիկ արգելել է պետք համակարգում։ Ուժով ցուցմունք կորզելն իրեն չարդարացնող և մարդկային ոչինչ չպարունակող երևույթ է»,– ասել է ոստիկանապետը։

Մենք ուզում ենք հավատալ ոստիկանության համակարգի բարեփոխումների վերաբերյալ ոստիկանապետի հայտարարություններին և հավաստիացումներին, սակայն բարեփոխումների համատեքստում չեն տեղավորվում խոշտանգող և անպատիժ մնացող ոստիկանի պաշտոնեական խրախուսումն ու առաջխաղացումը։

2012թ. կայացված ՄԻԵԴ վճռից հետո, երբ հաստատվել է խոշտանգումների կիրառման փաստը, բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն կամ քրեական գործ հարուցելու փոխարեն նրանցից մեկի պաշտոնի բարձրացումն արդյո՞ք ամեն ինչ չի ասում համակարգում խոշտանգումների նկատմամբ վերաբերմունքի մասին։