ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Այլընտանքային ծառայության մասին» օրենքը բարեփոխվում է

Ազգային ժողովը մարտի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծը ներկայացվել էր ՀՀ կառավարության կողմից, որի նպատակն էր վերացնել գործող օրենքում առկա մի շարք թերությունները՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացված որոշումները և Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը։
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003-ին և գործողության մեջ մտել 2004-ից։ Նման օրենք ունենալը Հայաստանի համար Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններից էր։
Օրենքի կիրառման առաջին տարում 20-ից ավելի եհովայի վկաներ այլընտրանքային ծառայության անցան, սակայն որոշ ժամանակ անց նրանք հրաժարվեցին ծառայությունից՝ հիմնավորելով, որ իրենց կրոնական համոզմունքներին դեմ է զինվորական վերահսկողության տակ գտնվելը։
Անցած ամիս Ազգային ժողովում ծավալված թեժ քննարկումների ժամանակ նախագծին տրվող հակասական գնահատականները հիմնականում պտտվում էին «ազգային անվտանգություն կամ մարդու իրավունքներ» երկընտրանքի շուրջ՝ շեշտադրելով պետության պաշտպանության առաջնահերթությունը։
Պատգամավորները մտահոգություն էին հայտնում, որ կրոնական կամ այլ համոզմունքների հիմքով այլընտրանքային ծառայության դիմելու հնարավորությունը կարող է չարաշահվել ծառայությունից խուսափել ցանկացողների կողմից, և հարկավոր է օրենքում այլընտրանքային ծառայության անցնելու հստակ չափորոշիչներ սահմանել՝ կոռուպցիոն և այլ ռիսկերից խուսափելու համար։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է տարբերակում մտցնել այլընտրանքային աշխատանքային ծառայության և այլընտրանքային զինվորական ծառայության միջև՝ սահմանելով, որ այլընտրանքային զինվորական ծառայություն կարող է իրականացնել ՀՀ այն քաղաքացիների կողմից, ում «կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը», իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, ում «կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը»։
Նախագծով սահմանվում է, որ այլընտրանքային ծառայության իրավունքից կշարունակեն օգտվել միայն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ չեն անցել պարտադիր զինվորական ծառայության։ «Նման կարգավորումը հակասում է միջազգային չափանիշներին, որովհետև պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, կրոնական տարբեր դավանանք կամ համոզմունքներ ունեցող անձանց զրկում է իրենց զինվորական ծառայությունը այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունքից»,– կարծում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ իրավաբան Անի Վարդանյանը։
Օրենքի նախագծով կրճատվելու են նաև այլընտրանքային ծառայության ժամկետները՝ զինվորական ծառայության համար նախատեսելով 36-ի փոխարեն 30 ամիս, իսկ աշխատանքային ծառայության համար՝ 42-ի փոխարեն 36 ամիս։ Իրավաբանի խոսքերով՝ այդ ժամկետները համապատասխանում են միջազգային չափանիշներին, որոնց համաձայն՝ այլընտրանքային ծառայությունը չպետք է գերազանցի պարտադիր զինվորական ծառայությանը ավելի քան 1,5 անգամ։
Փոփոխություններով առաջարկվում է այլընտրանքային ծառայության մասին դիմումների քննարկումը և որոշումների կայացումը վերապահել «Հանրապետական հանձնաժողովին», որ կազմված է լինելու տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության ոլորտում լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող կառավարման մարմինների մեկական ներկայացուցիչներից։
«Հանձնաժողովի նման կազմը, ինչպես նաև՝ ձայների 2/3–ով որոշումների ընդունման պահանջը կբացառեն որոշումների կայացումը ուժային կառույցների կողմից՝ ազատականացնելով այլընտրանքային ծառայությունը»,– կարծում է Անի Վարդանյանը։
Միաժամանակ նախագծով վերացվում է գործող օրենքում առկա այն պահանջը, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության վայրում գտնվում է շուրջօրյա, ինչպես նաև այն, որ վերջինս չի կարող ծառայության ընթացքում նշանակվել ղեկավար պաշտոնում կամ զբաղվել այլ գործունեությամբ։ Փոխարենը առաջարկվում է, որ ծառայության վայրը անձի գրանցման կամ բնակության վայրից չլինի ավելի քան 30 կմ հեռավորության վրա, հակառակ դեպքում պետությունը պարտավորվում է հոգալ նրա տրանսպորտային ծախսերը։
Ըստ նախագծի՝ զինվորական ծառայության նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու է պաշտպանության նախարարությունը, իսկ աշխատանքային ծառայության նկատմամբ՝ կառավարության կողմից սահմանված ոչ ուժային կառույցները՝ բացառելով ոստիկանության մասնակցությունը։
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագծին զուգահեռ Ազգային ժողովում քննարկվում էր նաև «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է դատվածություն չունեցած համարել կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթարկված անձանց։ Այս հիմքով պատիժը կրող անձինք հնարավորություն կունենան ազատվել պատժի հետագա կրումից և անցնել այլընտրանքային ծառայության։ Դատաքննության, հետաքննության կամ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերը կկարճվեն, իսկ քրեական հետապնդումը կդադարեցվի այն անձանց նկատմամբ, ովքեր հանրապետական հանձնաժողովին կներկայացնեն այլընտրանքային ծառայության անցնելու մասին դիմում և այն կբավարարվի։
ՀՀ Արդարադատության նախարարի խոսքերով՝ այսօր Հայաստանում կա 34 քաղաքացի՝ դատապարտված կրոնական կամ այլ համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։
«Այլընտրանքային ծառայության մասին գործող օրենքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնելը հնարավորություն կտա խուսափել մեր քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելուց՝ հարգելով նրանց կրոնի ազատության իրավունքը, խնայելով պետական ռեսուրսները և օգնելով այս անձանց արդյունավետ կերպով մասնակցելու պետության պաշտպանությանը»,– նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբանը։
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարևորում է օրենսդրական փոփոխությունները համակարգի բարեփոխման տեսանկյունից, բայց նաև չի բացառում, որ օրենքի կիրարկման ընթացքում նոր խնդիրներ ի հայտ գան։
«Նախագիծն, ըստ էության, ուշացած է, քանի որ բավականին գումարներ մուծեցինք բյուջեից»,– ասում է նա՝ ակնարկելով 2012-ի նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճիռը, որով դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց դիմումատու 17 եհովայի վկաներին վճարել ընդհանուր առմամբ 112 հազար եվրո փոխհատուցում:
Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանն էլ հիշեցնում է, որ 2012-ի նոյեմբերին ՀՀ նախագահը հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, և ներկայումս էլ Ազգային անվտանգության խորհուրդը Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է գործողությունների ծրագիր, որով նախատեսված է 2014թ.–ին ընդունել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք։
«Հայաստանը նման պարտավորություն է վերցրել, սակայն դրա կատարումն անընդհատ հետաձգում է, քանի որ կա մտավախություն, որ շատերը կփորձեն այլընտրանքային ծառայությունը ընտրել` տարբեր պատճառներով խուսափելով բանակից։ Այսինքն՝ դա առաջին հերթին պայմանավորված է ոչ թե եհովայի վկաներով, այլ նրանով, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ չէ այդ օրենքին»,– կարծիք է հայտնում Ստեփան Դանիելյանը՝ այս կերպ պատճառաբանելով օրենքի փոփոխությունների ձգձգման գործընթացը:
