ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրություններ 2013. Միջազգային դիտորդների գնահատականները

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
«Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը, փետրվարի 19-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հիմնականում դրական է գնահատել նախորդ օրը կայացած Հայաստանի նախագահի ընտրությունները։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչների կարծիքով՝ չնայած քարոզարշավի ընթացքում և քվեարկության ժամանակ ի հայտ եկած թերություններին, ընտրությունները հիմնականում ընթացել են հարթ, և իրենց մշտադիտարկման արդյունքում ոչ մի լուրջ խախտում չի արձանագրվել:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալյավինին նշել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը։
Ասուլիսն ընդմիջվել է մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայի պատճառով։ Նրանք ցուցապաստառներով կանգնել են բանախոսների առջև և սկսել բարձրաձայն ընթերցել ընտրությունների ժամանակ իրենց արձանագրած խախտումների մասին՝ պահանջելով, որ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից և չլեգիտիմացնեն ընտրությունները։
Ընդմիջումից հետո ասուլիսը շարունակվել է և դիտորդական առաքելության ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Փետրվարի 18-ին կայացած ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավված էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից: Այս մասին փետրվարի 19-ին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան։
«Այս ընտրությունները բարելավված էին, բայց զուրկ էին իրական մրցակցությունից։ Այն հանգամանքը, որ մի քանի ազդեցիկ կուսակցություններ չառաջադրեցին թեկնածու, ընտրողների շրջանում առաջացրեց հիասթափություն և վստահության պակաս։ Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները դեպի ժողովրդավարություն»,– ասել է նա։
Միջազգային դիտորդները արձանագրել են, որ քարոզարշավի ընթացքում, ընդհանուր առմամբ, պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները։ Սակայն, նկատում են, որ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ակտիվիստների և պետական կառույցների տարանջատումը հստակ չէր:
«Դա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին»,- նշել է դիտորդական առաքելության ղեկավարը:
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն (ICES)
«Ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են թեկնածուների ժողովրդավարական մրցակցային պայքարում և համապատասխանել միջազգային ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին և պահանջներին: Ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնարար կանոնները, որոնք ապահովում են կամարտահայտման ազատությունը և քվեաթերթիկների հաշվարկն ընտրատեղամասերում»,- փետրվարի 19-ին հայտարարել է ICES-ի դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը՝ ներկայացնելով առաքելության գնահատականը երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ:
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդներն աշխատել են Հայաստանի տասը քաղաքում, այցելել 130-ից ավել ընտրատեղամասեր:
Կազմակերպության դիտորդները որոշ տեղամասերում արձանագրել են ընտրողների կուտակումներ, քվեարկության կազմակերպման համար ոչ բարենպաստ պայմաններ, թանաքանյութերի ժամանակից շուտ ցնդելու հետ կապված խնդիրներ, ընտրողներին զանգվածաբար տեղամաս բերելու դեպքեր, տեղամասերում վստահված անձանց սակավություն։
Նրանց հավաստմամբ՝ այն տեղամասերում, որտեղ իրենց դիտորդներն են եղել, արդյունքների ամփոփումն անցել է առանց միջադեպերի:
ԱՊՀ դիտորդական առաքելություն
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ընտրություններն անցել են անցել են ազատ, բաց և մրցակցային մթնոլորտում, իսկ իրենց կողմից արձանագրված խախտումները եղել են տեխնիկական բնույթի և չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։
«Ընտրությունները անցել են Հայաստանի սահմանադրության ու ընտրական օրենսգրքի համապատասխան։ Կասկած չկա, որ ընտրությունները լեգիտիմ էին, գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմ ճանապարհով», - նշել է Լեբեդևը:
Նա բավարար է գնահատել ընտրությունների նախապատրաստումն ու ընթացքը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգիրքը երաշխավորել է ազատ ընտրությունների անցկացումը:
Լեբեդևը նկատել է նաև, որ թեկնածուները կոռեկտ են եղել միմյանց նկատմամբ և մթնոլորտը լարված չի եղել, ինչպես 2008 թվականի նախագահական ընտրություններին։
