ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. սեփականության, խոսքի ազատության և բնապահպանության ոլորտներ

Սեփականության ոլորտում իրավունքների պաշտպանվածության առումով
առաջընթաց չկա
Անցնող տարում թեև պետական
կարիքների զոհերի թիվը չի ավելացել, սակայն սեփականության իրավունքի պաշտպանվածության
առումով 2012-ին առաջընթաց չկա: «Օտարման նոր որոշումներ չկան, քանի որ Երևանի կենտրոնում
այլևս օտարելու տարածքներ չեն մնացել»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ
Սեդրակ Բաղդասարյանը:
«Քանի առկա է «Հասարակության
և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ներկա օրենքը և քանի ՀՀ կառավարությունը նման մոտեցում է դրսևորում, մարդու
իրավունքների պաշտպանությունը սեփականության ոլորտում մնալու է ամենացածր մակարդակի
վրա, ինչպես որ հիմա է»,- համոզված է նա:
Մինչ օրս Մարդու իրավունքների
եվրոպական դատարանը սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ ընդդեմ Հայաստանի հանրապետության
10 որոշում և վճիռ է կայացրել, որոնց համաձայն՝ պետությունը մոտ 600.000 դոլար փոխհատուցում
պիտի վճարի ՀՀ քաղաքացիներին, մոտ 13 գործ էլ դեռ սպասում է վճռի։
Բաղդասարյանն ասում է, որ
կառավարությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ–ի հետագա վճիռները
կանխելու ուղղությամբ, այլ անգամ դատարանին «սուտ տեղեկություններ է տրամադրում»։ Կառավարությունը
եվրադատարան դիմած երեք ընտանիքներին հաշտություն է առաջարկել՝ խոստանալով բնակարանով
փոխհատուցել։ Քաղաքացիները պարզել են, որ խոստացված բնակարանները վաճառվել են միաժամանակ
մի քանի հոգու։ Ամիսներ են անցել, սակայն կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում:
Պետական կարիքների անվան
տակ օտարված Կոնդ և Ֆիրդուսի թաղամասերի սեփականատերերը մի քանի տարի է՝ սպասում են
իրենց կառուցվելիք բնակարաններին։
Բաղդասարյանը անհարժեշտ
է համարում 2006թ. ընդունված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը՝ նշելով, որ պետությունը,
սեփականությունը օտարելով, ո՛չ հանրության շահն է հոգում, ո՛չ էլ սեփականատիրոջ
իրավունքներն է պաշտպանում:
Լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, բայց մամուլը դեռ անազատ է
Խոսքի ազատության ոլորտում 2012-ին դրական
փոփոխություններ եղել են, կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Աշոտ Մելիքյանը:
«Դրական միտում է այն, որ խորհրդարանական
ընտրություններից հետո քաղաքական իրավիճակի փոփոխվելուց հետո, որոշ առումով, եթերում
մի քիչ ավելացավ բազմակարծությունը, մասնավորապես՝ «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների
եթերում»,- ասում է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ դրական է նաև այն, որ «Ա1+»-ը
եթերաժամ է ստացել Արմնյուզի եթերում։ «Բայց համոզված ենք, որ 20 րոպե եթերաժամանակ
տրամադրելով՝ «Ա1+»-ի խնդիրը չի լուծվում: Համոզված ենք, որ դա ավելի շատ քաղաքական
քայլ էր, որով այսօրվա իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրենք ավելի տոլերանտ
են «Ա1+»-ի նկատմամբ, քան նախին իշխանությունները»:
2012-ը նաև ընտրական տարի էր. մայիսին տեղի
ունեցան խորհրդարանական, իսկ սեպտեմբերին՝ ՏԻՄ ընտրություններ: Մելիքյանն ասում է,
որ նախորդ ընտրական տարիների հետ համեմատ իրավիճակը բարելավվել է. «Պետք է ընդունենք,
որ նկատելի տարբերություն կա այս և նախորդ
ընտրական տարիների պայմանների միջև: Տարվա կտրվածքով տարբերություն կա նաև ընտրական
և ոչ ընտրական եռամսյակների միջև. ընտրական ժամանակաշրջանում իրավիճակը լարված էր,
տհաճ միջադեպեր եղան։ Մեր կողմից արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության
4 դեպք»,– հավելում է նա։
Մելիքյանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում
լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների նվազման միտում կա, սակայն մտահոգիչ
են վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ–ների։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝
2010-ից ի վեր ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով 68 հայց է ներկայացվել,
որից 15-ը՝ այս տարի:
«2011-ն աննախադեպ էր դատական գործերի քանակով։
2012-ին գործերի թիվը նվազել է, սակայն, մեր կարծիքով, իրավիճակը շարունակում է մտահոգիչ
մնալ»,– նշում է մեդիա փորձագետը:
Մելիքյանի կարծիքով՝ այս ամենից պետք է դասեր
քաղեն նաև լրատվամիջոցները. «Միշտ չէ, որ այդ հայցերը անհիմն են: Լինում են դեպքեր,
երբ լրատվամիջոցներն են անցնում սահմանը թե՛ օրենքի, թե՛ լրագրողական էթիկայի: Լրագրողական
խոսքը պետք է լինի հիմնավորված: Խոսքի ազատությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ խոսքն
է: Շատերն այն շփոթում են սանձարձակության հետ»,- հավելում է նա:
Տարվա սկզբին ընդունվեց «Արտակարգ դրության
իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը ԶԼՄ-ների և մի շարք հասարակական կազմակերպությունների
կարծիքով՝ կարող է սահմանափակել խոսքի ազատությունը: «Որքանով այդ դրույթները կկիրառվեն
և ինչ հետևանքներ կունենան, ցույց կտա ժամանակը: Բայց փաստ է, որ ազատ խոսքը ճնշելու
և լրատվամիջոցների համար խոչընդոտներ ստեղծելու ամեն հնարավորություն օգտագործվում է»,- ասում է Մելիքյանը՝ օրինակ բերելով
2008-ի մարտի 1-ը: «Նախագահի հրամանագրի մեջ «գրաքննություն» բառը չկար, բայց իրականացվեց
բացահայտ նախնական գրաքննություն՝ խախտելով այս ոլորտի բոլոր օրենքները և իրավունքները:
Այնպես որ, մտահոգություններն անհիմն չեն»:
Երևանի մամուլի ակումբի, Ինտերնյուսի և Խոսքի
ազատության պաշտպանության կոմիտեի առաջարկությամբ՝ 2012-ին շրջանառության մեջ դրվեց
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր նախագիծը: Այն դեռ շրջանառվում և քննարկվում
է պետական տարբեր ատյաններում:
«Օրինագիծը նախատեսում է ոլորտի ազատականացում:
Այն նախատեսում է հեռուստադիտողի համար բազմազան ալիքների առկայություն և բիզնեսի առումով
ավելի բարենպաստ պայմաններ: Դրանից միայն հասարակությունը կշահի»,- կարծում է Խոսքի
ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Դրական որոշակի միտումներով հանդերձ, սակայն,
հայաստանյան լրատվամիջոցները միջազգային կառույցների գնահատականներով առայժմ մնում
են անազատների շարքում: Պատճառն, ըստ Աշոտ Մելիքյանի, քաղաքական ուժերի ազդեցությունն
է հայկական ԶԼՄ-ների վրա:
«Լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական
ճամբարների և սպասարկում են որևէ ուժի շահերը: Փաստորեն, այստեղ 4-րդ իշխանության,
անկախ լրատվամիջոցների ինստիտուտի մասին դեռ վաղ է խոսել: Քաղաքական հովանավորչությունը
և տնտեսական կախվածությունը սպանել են ԶԼՄ ոլորտի բիզնեսը, մասնավորապես՝ տպագիր լրատվամիջոցների
ոլորտում, և այն թերթերը, որոնք անկախ են կամ քաղաքական հովանավոր չունեն, այս շուկայի
պայմաններում չեն կարողանում գոյատևել»,- ասում է մեդիա փորձագետը:
Պետք են բնապահպանական, այլ ոչ թե՝ բնության դեմ ուղղված օրենքներ
Բնապահպանության ոլորտում 2012-ի կարևորագույն
ձեռքբերումներից հասարակության ակտիվացում է, բնապահպանական շարժումների և քաղաքացիական
նախաձեռնությունների ստեղծումը: «Ռեսուրսն, իհարկե, բավարար չէ Հայաստանի բնապահպանական
խնդիրները լուծելու համար, բայց աշխատող է»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ
Ինգա Զարաֆյանը:
Նրա խոսքերով՝ իշխանությունները հասարակության
հետ երկխոսությանը փորձում են իմիտացիոն բնույթ տալ, և եթե բնապահպան-ակտիվիստները
քաղաքացիների կողքին չեն կանգնում, նրանց պահանջները հաճախ անտեսվում են:
Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացումը,
ըստ բնապահպանի, պատահական չէ. հասարակությունը հասկացել է, որ Հայաստանի պես փոքր
տարածքում այդքան բաց հանքեր ու պոչամբարներ ունենալու իրավունք չունենք:
Զարաֆյանին մտահոգում է այն, թե որքան հապճեպ
են հաստատվում հանքարդյունաբերական նախագծերը: «Օրինակ, դեկտեմբերին փորձաքննության
է ներկայացվել 10 նախագիծ, մեկ օրում երեք հասարակական լսում է նշանակվել: Մեծ խաղ
է գնում: Նպատակն այն է, որ հասարակությունը ժամանակ չունենա պրոյեկտներին նորմալ ծանոթանալու
համար, որ չկարողանան լսումներին մասնակցել»,- ասում է նա:
«Էկոլուրը» ահազանգեր է ստանում բնության
դեմ ուղղված նոր գործողությունների մասին: «Ահազանգ կա, որ ուզում են Հրազդանում հաստատել
Թեժսարի պրոյեկտը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում: Մեղրաձոր համայնքի բնակիչներն էլ
մեզ դիմել էին՝ խնդրելով իրենց աջակցել փորձագիտական օգնությամբ, որ հասկանան ցիանային
արտադրությունը ինչ հետևանքներ կունենա իրենց վրա»,- նշում է կազմակերպության նախագահը:
Ինգա Զարաֆյանը Հայաստանի գետերի վիճակը համարում
է անմխիթար: Իր ունեցած տվյալներով՝ արդեն
իսկ 136 փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ) կառուցելու թույլտվություն կա, և նախատեսվում
է դրանց թիվը հասցնել 300-ի: Բնապահպանն ասում է, որ յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի կառուցման
արդյունքում գետի էկոհամակարգը խախտվում է, և որևէ վերահսկողություն չկա հետագա գործունեության
ընթացքում. «Հարցումով պարզել ենք, որ Բնապահպանական
տեսչությունը որևէ անգամ չի ստուգել գործող, օրինակ, ՀԷԿ-երի թողքը արտոնագրով թույլտվածի
սահմաններո՞ւմ է, թե՝ ոչ»:
Չկա նաև օրենք, որով կարգելվեր նույն գետի
վրա մի քանի ՀԷԿ-ի կառուցումը: «Մեղրի գետի վրա նախատեսվում է կառուցել 9 փոքր ՀԷԿ:
Նման գետերն ուղղակի կմահանան, էկոհամակարգը
և տարածքում ապրող մարդիկ էլ՝ հետը»,- կարծում է Զարաֆյանը:
Չնայած Սևանի 20 համայնքների և բնապահպանական
կազմակերպությունների թեժ պայքարին, այս տարի Սևանա լճից լրացուցիչ բաց թողնվեց
320 մլն խմ ջուր: Բնապահպանական կազմակերպություններն ԱԺ էին դիմել` հարցի վերաբերյալ
հասարակական քննարկում կազմակերպելու պահանջով, ինչը մերժվեց: Այնուհետև մարդու իրավունքների
պաշտպանը քննարկում կազմակերպեց և հայտարարեց, որ տեղի ունեցածը հասարակության իրավունքների
խախտում է:
Բնապահպանական խնդիրները լուծելու համար Ինգա
Զարաֆյանը կարևորում է փոփոխությունները գործող օրենքներում, որոնք, ըստ նրա, ավելի վատն են, քան Աֆրիկայում և համապատասխանեցված
են հանքարդյունաբերական բիզնեսին:
«Բնապահպանական օրենսդրությունը պետք է ուղղված
լինի բնության պահպանությանը, ոչ թե՝ ընդդեմ
բնության: Մեզ պետք է քաղաքական կամք, որ կսանձի իշխող վերնախավի ագահությունը: Մեզ
պետք է շտապ ընդունել ընդերքի, ջրի, անտառների մասին օրենսգրքեր»,- առաջարկում է նա:
2012-ի հունվարից ուժի մեջ մտած «Ընդերքի
մասին» օրենսգիրքը, բնապահպանի պնդմամբ, հասարակության կամքին հակառակ, անօրինական
կերպով է ընդունվել. «Հիմա ամեն քայլ անելիս հղում են կատարում այդ անօրինական օրենքին:
Պետք է շտապ օրենսգիրքը փոխել և սթափ գնահատել, թե ինչը պիտի պահպանենք, ինչը՝ ոչ»:
Նշենք, որ «Ընդերքի մասին» օրենսգիրքով «թափոն»
հասկացությունը փոխարինվեց «լցակույտ» տերմինով,
ինչը հօգուտ հանքարդյունաբերողների էր, քանի որ նրանք այդ կերպ լիովին խուսափեցին բնությանը
հասցված վնասի՝ թափոնների համար պետությանը բնապահպանական հարկեր վճարելու պարտավորությունից:
Օրենքով ներմուծված բնօգտագործման վճարը հանքարդյունաբերող ընկերությունների հարկային
բեռը չավելացրեց: Ստացվում է, որ նոր օրենքը ձեռնտու էր ավելի շատ հանքարդյունաբերող
ընկերություններին, իսկ հասարակությունը դրա արդյունքում «կշահի» միայն բնապահպանական
խնդիրներ:
Հայկուհի Բարսեղյան
