ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ դեռ խտրական վերաբերմունքի են ենթարկվում

«2000 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ամուսնացա, երեխաներ ունեցա: Հինգ տարի անց՝ արյան դոնոր հանդիսանալիս, ինձ համար շատ անսպասելի իմացա, ոչ ՄԻԱՎ ունեմ: Դա այն ժամանակ ինձ համար ամենասարսափելի նորությունն էր: Չնայած լավ չէի պատկերացնում, թե դա ինչ է, բայց այն լեգենդները, որ պտտվում էին ՄԻԱՎ-ի մասին, ամբողջովին փոխեցին իմ կյանքը: Ինձ ուղարկեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն բուժվելու, բայց ես ուղղակի փախա այնտեղից»,- պատմում է 45-ամյա Արմենը (անունը փոխված է):
Ավելի ուշ նա ուժ գտավ իր մեջ ամեն ինչ պատմելու կնոջը, ինչին հաջորդեց ճակատագրի մեկ այլ հարված. «Չիմանալով իմ վարակված լինելու մասին` ես վարակել էի նաև կնոջս: Ավելի ուշ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, և կես տարի անց նա մահացավ:
Դրանից հետո ես տեղափոխվեցի Հայաստան և երկար տարիներ բուժվեցի, քանի որ հիվանդությունը ծայրահեղ աստիճանի էր հասել: Հիմա լավ եմ, հասկացել եմ, որ ՄԻԱՎ-ը ամենևին էլ մահվան ահազանգ չէ, բայց կարող էի խուսափել այսքան ծանր փորձություններից, եթե երիտասարդ ժամանակ անխոհեմ կյանք չվարեի: Հիմա միայն փառք եմ տալիս աստծուն, որ երեխաներս առողջ են»,- սա Արմենի կյանքի պատմությունն է, ով տասը տարուց ավելի է՝ ապրում է ՄԻԱՎ-ով, ապրում է մեր կողքին և դաստիարակում իր երեխաներին:
Արմենը մեկն է հազարավոր այն մարդկանցից, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են ՄԻԱՎ վարակակիր լինելու ծանր ապրումները, հասարակության խարանն ու խտրական վերաբերմունքը: Իմանալով նրա վարակված լինելու մասին և պատկերացում չունենալով, թե ինչ ուղիներով է փոխանցվում վարակը, նրանից երես են թեքել ընկերների մի մասը, նույնիսկ հարազատ ծնողները. «Հայաստան գալուց հետո ապրում էի ծնողներիս տանը եղբորս ընտանիքի հետ։ Եղբայրս երեխաներին ինձանից գաղտնի ասում էր, որ ինձ չմոտենան, չշփվեն հետս, որովհեև ես վտանգավոր հիվանդություն ունեմ։ Ծնողներս էլ էին մի տեսակ զգուշանում ինձնից։ Մի օր էլ նկատեցի, որ մայրս իմ օգտագործած սպասքը դեն է նետում»,- պատմում է Արմենը։
Ավելի ուշ, երբ նրա վիճակը ավելի վատացավ և տեղափոխվեց բուժհաստատություն, ծնողները սկսեցին աստիճանաբար ավելի հազվադեպ այցելել ու, ի վերջո, կապը նրանց հետ կտրվեց։
Հիմա Արմենն ապրում է առանձին՝ իր երեխաների հետ և պատրաստվում է ամուսնանալ մի կնոջ հետ, ով գիտի իր կարգավիճակի մասին և ընդունում է իրեն այնպիսին, ինչպիսին կա։
Ի՞նչ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը
«Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի վերջնային փուլը կոչվում է ՁԻԱՀ` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ: Վարակ ունեցող մարդը շատ երկար տարիներ կարող է ընդհանրապես տեղյակ չլինել դրա առկայության մասին»,- ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը: Նա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, արյան և մայրական կաթի միջոցով:
«ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել առօրյա, կենցաղային շփումների միջոցով` ձեռքսեղմումի, գրկախառնվելու ժամանակ, համբույրի, օդի, ջրի, սննդի միջոցով, ընդհանուր սպասքից, կենցաղային այլ իրերից, սանհանգույցից օգտվելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում նաև մոծակների կծելու միջոցով»,- ասում է Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով վերջ տալ խտրական վերաբերմունքին ՄԻԱՎ ունեցող անձանց նկատմամբ:
Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 3500 մարդ է գրանցված
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988թ.-ից սկսած դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ աշխարհում ամեն օր 6800 մարդ ՄԻԱՎ է ձեռքբերում, որից մոտ 1200-ը մինչև 15 տարեկան երեխաներ են: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակման դեպքերը սկսել են արձանագրվել 1988 թվականից, իսկ ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը գրանցվել է 1990-ին:
Այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք, իսկ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը մոտ 3500 է, որից 60%-ը 25-39 տարիքային խմբի ներկայացուցիչներն են: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` ՄԻԱՎ ունեցողների 73%-ը տղամարդիկ են:
Խտրական վերաբերմունքի պատճառը նախապաշարմունքներն են
Մասնագետների կարծիքով՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները ոտնահարվում են գրեթե բոլոր ոլորտներում:
«Խարանն ու խտրականությունը, հասարակության անհանդուրժող վերաբերմունքը նրանց նկատմամբ խոչընդոտ են հանդիսանում, որպեսզի նրանք ներգրավվեն հանրային առողջության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, խնամքի և բուժման ծրագրերում և ծառայություններում»,- ասում է 2003թ.-ից Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Առաքելյանը:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը նրա կարծիքով պայմանավորված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ ճիշտ ինֆորմացիայի պակասով և հասարակական նախապաշարմունքներով:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ ռեալիզացիոն խմբի մամուլի քարտուղար, միջազգային փորձագետ Մարինա Մաքսիմովայի խոսքով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանը առկա է բոլոր երկրներում: «Պատճառը գիտելիքների պակասն է, ինչը առաջացնում է վախ և բերում խտրական վերաբերմունքի վարակով ապրող մարդկանց նկատմամբ: ՄԻԱՎ ունեցող մարդը հասարակությունում ասոցացվում է անցանկալի անձի հետ, ումից պետք է զգուշանալ»,- ասում է փորձագետը:
Չնայած կազմակերպությունների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքներին, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը դեռ առկա է:
«Հասարակության մեջ առկա վախը վերացնելուն ուղղված ամենակարևոր քայլը ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և ՄԻԱՎ-ի վերաբերյալ համակողմանի տեղեկատվության տարածումն է: Ես կցանկանայի, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցեր, որ սա յուրաքանչյուրիս խնդիրն է, և նույն խտրականությունը մի օր կարող է դրսևորվել նաև մեր նկատմամբ»,- ասում է Անուշ Առաքելյանը:
ՄԻԱՎ–ի վերաբերյալ օրենսդրությունը բարեփոխվել է
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառելու համար վերջերս «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը բարեփոխվել է` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
«ՄԻԱՎ վարակ ունեցող երեխան իրավունք ունի հաճախել մանկապարտեզ, դպրոց, երիտասարդը` սովորել իր նախընտրած ուսումնական հաստատությունում, բժիշկն իրավունք չունի չսպասարկել պացիենտին, միայն նրա համար, որ նա հիվանդ է ՄԻԱՎ վարակով: Սրանք ՄԻԱՎ-ի մասին օրենքի պահանջներն են»,- ասում է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը` նկատելով, որ բարեփոխված օրենքում նաև նախատեսվում է փոխհատուցում մասնագիտական պարտականությունները կատարելիս ՄԻԱՎ-ով վարակվելու համար, սակայն օրենքը չի հստակեցնում՝ փոխհատուցումը, բուժմա՞ն, թե՞ գումարի տեսքով է լինելու:
Քրեական օրենսգրքով նախատեսված է նաև պատիժ այլ անձի՝ ՄԻԱՎ հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու համար, որը պատժվում է նվազագույնը 100.000 դրամ տուգանքով, առավելագույնը՝ ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով:
Քրեորեն պատժելի է նաև դիտավորությամբ անձին ՄԻԱՎ-ի հարուցիչով վարակելը այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ հիվանդության առկայության մասին (առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում): Իսկ եթե ՄԻԱՎ ունեցող անձը վարակել է երկու կամ ավելի անձանց, անչափահասի, ակնհայտ հղի կնոջը, ապա պատժվում է ազատազրկմամբ` 3-ից մինչև 8 տարի ժամկետով:
Հավելենք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, որտեղ հետազոտությունն անվճար է և ցանկության դեպքում կարող է կատարվել անանուն։
Գայանե Առաքելյան
