ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կենսաթոշակային նոր համակարգ. արժանապատիվ ծերության երաշխիք, թե՞…

2011 թվականից
Հայաստանն անցել է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի, սակայն այդ համակարգը
փաստացիորեն դեռ չի գործում: 2014 թվականից կուտակային կենսաթոշակային համակարգը կդառնա
պարտադիր մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիների համար: Կենսաթոշակային
համակարգում կատարվող փոփոխություններն, ի վերջո, բարեփոխումնե՞ր կլինեն, թե՞ ոչ: Կարծիքները
հակասական են:
Ներկայումս ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է կենսաթոշակային բարեփոխումներ
նախատեսող Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ
ընդունվեց հունիսին, իսկ երկրորդ ընթերցման կներկայացվի մոտ մեկ ամսից:
Կառավարությունը
պնդում է, որ նոր` պարտադիր կուտակային կենսաթոշակային
համակարգը կնպաստի տնտեսության զարգացմանը, խնայողությունների ավելացմանը և կերաշխավորի ապահով և արժանապատիվ
ծերություն ՀՀ քաղաքացիների համար:
Իսկ որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ կարծում են, որ Հայաստանը դեռ պատրաստ
չէ այդ համակարգին անցնել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում
կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը
Հայաստանում ներկայումս գործում է, այսպես կոչված, «սոցիալական համերաշխության» սկզբունքի վրա հիմնված բաշխողական կենսաթոշակային համակարգ: Այսինքն` աշխատողների աշխատավարձերից գործատուները պետական բյուջեին են փոխանցում սոցիալական ապահովության պարտադիր վճարներ, որոնք ուղղվում են թոշակառուներին:
Պաշտոնական տվյալներով` այսօր
ՀՀ մոտ 460.000 աշխատող քաղաքացիների սոցվճարների հաշվին կենսաթոշակ է ստանում
520.000 թոշակառու: 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ
կենսաթոշակի միջին չափը կազմել է մոտ 29.800 դրամ:
Նոր` պարտադիր կուտակային
համակարգով
1974թ. հունվարի 1-ից հետո ծնված, այսինքն` մինչև 40 տարեկան աշխատող քաղաքացիները
իրենց կենսաթոշակը պետք է կուտակեն ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային
ֆոնդի իրենց անհատական խնայողական հաշվին փոխանցելու միջոցով:
«Նույնքան գումար փոխանցում է նաև պետությունը, այսինքն` քաղաքացու անհատական
հաշվին ամեն ամիս նրա աշախատավարձի նկատմամբ կատարվում է, ընդհանուր առմամբ, 10
տոկոս կուտակում: Բայց պետությունը տալիս է առավելագույնը 25.000 դրամ: Այսինքն` եթե
քաղաքացու աշխատավարձի 5 տոկոսը գերազանցում է 25.000 դրամը, ապա 10 տոկոս
կուտակում ապահովելու համար պակասող մասը նույնպես ավելացնում է քաղաքացին»,-
պարզաբանում է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի
(ԿՀԻԿ) տնօրեն Արտակ Ղազարյանը:
Նոր օրենքը
նախատեսում է, որ անձի կենսաթոշակային խնայողությունները ներդրվելու են
արժեթղթերում` բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում` ավանդների տեսքով և դրանցից
ստացված եկամուտները նույնպես կուտակվելու են անձի կենսաթոշակային հաշվին:
Այսինքն` անձը կենսաթոշակի անցնելուց հետո պետք է ստանա ավելի շատ գումար, քան
կուտակել է իր աշխատելու ընթացքում:
«Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարից 2010թ-ին
ընդունված «Կուտակային
կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն: Իսկ 40 տարեկանից բարձր կենսաթոշակառուների թոշակը շարունակելու է հաշվարկվել ներկայումս գործող բանաձևով` բազային կենսաթոշակ (10.500 դրամ) գումարած փոխհատուցում ապահովագրական ստաժի յուրաքանչյուր տարվա համար (մեկ տարվա համար` 450 դրամ)` հաշվի առնելով ստաժի
չափը` 25 տարուց ավել կամ պակաս:
Պատգամավորների մի մասը դեմ է նոր կենսաթոշակային համակարգին
ՀՅԴ խմբակցության
պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը իր
հրապարակային ելույթներում բազմիցս նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում
Հայաստանը վերցրել է Չիլիի փորձը, որտեղ արդեն հրաժարվել են այս մոդելից` դրա ձախողված
լինելու պատճառով: Նա համոզված է, որ Հայաստանում էլ այս համակարգի ներդրումը 25-30
տարի հետո բերելու է բացասական հետևանքների:
Ընդդիմադիր խմբակցությունների
պատգամավորները սեպտեմբերի քառօրյա նիստերի քննարկումներին հայտարարեցին, որ օրենսդրական փաթեթում չկան հստակ երաշխիքներ տարիների ընթացքում
կուտակվելիք գումարների վերադարձման վերաբերյալ, եթե, ասենք, կենսաթոշակային ֆոնդը
սնանկ ճանաչվի, կամ նախատեսված չէ փոխհատուցում գնաճի դեպքում և այլն: Նրանց
կարծիքով`օրենսդրական փոփոխությունները միանգամից շատ գումարներ հավաքելն է:
ՀԱԿ խմբակցության անդամ
Հրանտ Բագրատյանի խոսքերով` կուտակային կենսաթոշակային համակարգը «ժամանակավրեպ» է
և միայն «կանաչ ճանապարհ» է բացելու բանկերի համար: «Համակարգի ներդրմամբ հնարավոր
չի լինելու ապահովել տնտեսության իրական աճ»,- կարծում է պատգամավորը:
Հրանտ Բագրատյանը ՀԱԿ
խմբակցության կողմից ՀՀ կառավարությանն առաջարկել է չեղյալ համարել 2010-11
թվականներին ընդունված կենսաթոշակային համակարգի վերաբերյալ բարեփոխումները,
որոնք, ըստ նրա, ժամանակավրեպ են:
«Նորաստեղծ կուտակային
կենսաթոշակային համակարգն ի զորու չէ լուծել կենսաթոշակային համակարգում առկա
խնդիրները: Բացի այդ, չկա երաշխիք, որ ներդրված գումարներն ուղղվելու են
տնտեսության զարգացմանը»,- հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ
Մինասյանը՝ Կառավարությանը հորդորելով հետաձգել փաթեթի քննարկումը:
ՀՀ սահմանադրական դատարանը ընդունեց ՄԻՊ-ի կարծիքը
Չնայած «Պետական կենսաթոշակների
մասին» օրենքում դեռ չհստակեցված կետեր կան, սակայն դրանցից մեկի վերաբերյալ ՀՀ սահմանադրական
դատարանն արդեն իրավական դիրքորոշում է հայտնել:
ՀՀ-ի սահմաններից դուրս
գտնվող քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի կենսաթոշակ ստանալու համար տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստան, բանկին ներկայացնել
կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործող նոտարի կողմից հաստատված փաստաթուղթ: Պարտավոր չեն նաև անձամբ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ ողջ լինելու
մասին. լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաև օտարերկրյա պետության
նոտարի կողմից տրված լիազորագիրը:
Սա ՀՀ սահմանադրական դատարանի
դիրքորոշումն է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35
հոդվածի 6-րդ կետի վերաբերյալ: Հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչելու և նորմերի կիրառման վերաբերյալ իրավական
դիրքորոշում ստանալու նպատակով ՍԴ էր դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն
Անդրեասյանը:
Նա հույս է հայտնել, որ ՍԴ որոշումը կբացառվի հետագայում «Պետական կենսաթոշակների
մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթների ոչ իրավաչափ կիրառումը:
Կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական
փաթեթը հավանաբար թեժ քննարկումների առիթ կդառնա նաև երկրորդ լսումների ժամանակ: Կոալիցիոն
քաղաքական ուժերը, բնականաբար, կողմ կքվեարկեն Կառավարության բերած նախագծին: Իսկ այն
իրականում բարեփոխումներ կբերի՞
համակարգում, թե՞ ոչ, ցույց կտա միայն ժամանակը:
