Մարզերի հանրային պաշտպանների մեծ մասը փոխելու ենթակա է

Նրանց մի մասը հաճախ դատախազի դեր է ստանձնում

Հայաստանում սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար դեռ 2006 թվականին ստեղծվեց Հանրային պաշտպանի գրասենյակը։ Եթե ժամանակին քիչ թվով փաստաբանները կարողանում էին ապահովել գրասենյակ դիմող քաղաքացիների պաշտպանությունը, ապա այսօր, չնայած պաշտպանների թվի ավելացմանը, գրասենյակի ծանրաբեռնվածությունը մեծ է։

Այն, որ ծանրաբեռնվածությունն ազդում է հանրային պաշտպանի գործի որակի վրա, հաստատում է ինչպես ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այնպես էլ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը:

2008 թվականի համեմատ Հանրային պաշտպանի գրասենյակում գործերի քանակը կրկնակի աճել է։ Բացի այդ, հաջորդ տարվա հունվարից ուժի մեջ կմտնեն «Փասատաբանության մասին» օրենքի փոփոխությունները, որով ընդլայնվում է հանրային պաշտպանի ծառայությունների ցանկը։

«Հանրային պաշտպանի ծանրաբեռնվածությունն այսօր էլ շատ մեծ է: Հասկանալի է, որ նման ծանրաբեռնվածությամբ պաշտպանը ֆիզիկապես և հոգեբանորեն չի կարող ապահովել այն մակարդակը, որը նա կապահովեր նվազ ծանրաբեռնվածության պարագայում»,- ասում է ՀՊԳ ղեկավար Մասիս Ղազանչյանը։

Այս տարվա սեպտեմբերի 20-ից հանրային պաշտպանների թիվն ավելացել է 18-ով, այսինքն` նախկին 36–ի փոխարեն այսօր աշխատում է 54 փաստաբան, ովքեր բաշխված են մարզերի և մայրաքաղաքի միջև։

«Սա բավական կլիցքաթափի քրեական գործերով ծանրաբեռնվածությունը։ Բայց 2013 թվականի հունվարի 1-ից հետո, կարծում եմ, որ քաղաքացիական գործերի մեծ հոսք է գրանցվելու։ Իհարկե, ավելացված հաստիքների քանակը չի բավարարի այդ դեպքում, այսինքն` չենք կարողանալու ապահովել պատշաճ ժամկետների պահպանում և բարձր որակ»,– կարծում է Ղազանչյանը:

ՀՊԳ ղեկավարի խոսքերով՝ առայժմ իրենք ընդունել են միայն քրեական գործերով փաստաբաններ, բայց հույս ունեն, որ տարեսկզբին ևս հաստիքների համալրում կունենան. խոստացել են ևս 22 փաստաբան ավելացնել:

Օրենքի փոփոխությամբ՝ քաղաքացիական գործերի ցանկն ընդլայնվում է

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ընդունվեցին 2011թ. դեկտեմբերի 8-ին։

Փաստաբանների պալատի նախագահի ավագ խորհրդական Ժորա Խաչատրյանի խոսքով՝ մինչ այդ, օրենքը սահմանում էր, որ հանրային պաշտպանն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում սոցիալապես անապահով խավերին՝ քրեական գործերով։

«Իսկ քաղաքացիական գործերով անվճար իրավաբանական օգնություն պետությունը երաշխավորում էր միայն սահմանափակ գործերով՝ ալիմենտի գանձում, կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու վերաբերյալ գործեր։ Հաջորդ տարվանից արդեն քաղաքացիական գործերով ցանկը բավական ընդլայնվելու է»,– նշում է Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ օրենքի փոփոխություններից հետո ավելանում են նաև հանրային պաշտպանի կողմից մատուցվող ծառայությունների հասցեատերերը: Անվճար իրավաբանական օգնություն կստանան սոցիալապես անապահով խմբերը, հաշմանդամները, միայնակ թոշակառուները, ծնողազուրկ երեխաները և այլք:

Աշխատանքի որակից գոհ չեն, բայց այլընտրանք չունեն

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) 2010 թ. մարտին հրապարակած «Դատավարությունների դիտարկում» զեկույցում մտահոգություն է հայտնել Հայաստանում հանրային պաշտպանների տրամադրած ծառայությունների որակի վերաբերյալ։

Դիտարկված գործերից 37 տոկոսի դեպքում հանրային պաշտպանի աշխատանքը գնահատվել է ոչ բավարար։ «Հանրային պաշտպանների վարքագիծն, ընդհանուր առմամբ, պասիվ է եղել: Թվում էր, թե նրանցից ոմանք լավատեղյակ չէին իրենց պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքներին և գործի փաստերին: Նրանք ոչ միշտ էին միջնորդություններ անում ապացույցներ ներկայացնելու, նոր վկաներ հարցաքննելու խնդրանքով»,- նշվում է զեկույցում։

ՀՊԳ ղեկավար Մասիս Ղազանչյանն ասում է, որ իրենց գրասենյակը և Փաստաբանների պալատի նախագահը պարբերաբար ստուգում են բոլոր հանրային պաշտպանների վարած գործերը, ուսումնասիրում են ստացվող ահազանգերը, և թերացումներ կամ խախտումներ հայտնաբերելու որևէ դեպք անհետևանք չի մնում:

Այդուամենայնիվ, Ղազանչյանն ընգծում է, որ դեռևս կան պաշտպաններ` հիմնականում մարզերում, որոնց վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ իրեն ընդհանրապես չի բավարարում:

«Մենք շատ մարզերում կադրերի խնդիր ունենք, կանգնած ենք փաստի առաջ, կա՛մ պետք է կնշանակենք այսինչ անձին, կա՛մ ոչ մի պաշտպան չենք ունենա, այնինչ, հատկապես մարզերում լավ կադրեր են պետք»,– ասում է նա:

Նա առանձնացնում է Երևանի և Լոռու մարզի հանրային պաշտպաններին, իսկ մյուս մարզերում, նրա խոսքերով, «որակ, սկզբունքայնություն ու եռանդ չկա»:

«Վերջերս մի քանի պաշտպան առաջարկեցի փոխել, որովհետև իրենց գործունեությունն ինձ ավելի շատ դատախազի գործունեություն էր հիշեցնում»,- ասում է Մասիս Ղազանչյանը՝ հավելելով, որ եթե լավ կադրեր լինեին, ապա մարզերի հանրային պաշտպանների 60-70 տոկոսին ինքը կփոխեր։ Սակայն հանրային պաշտպանի աշխատավարձով լավ փաստաբաններին գրավելը դժվար է:

Նա նաև մտահոգված է մարզերում իրավական ցածր կուլտուրայով. «Ցավոք, առանձին մարզերում դատական գործընթացը մինչ այժմ հիշեցնում է «կոլխոզի ժողով», սա վերաբերում է և՛ դատախազի, և՛ դատավորների, և՛ փաստաբանների աշխատանքին»:

Փաստաբանները մտավախություն ունեն

Արարատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լուիզա Հարությունյանը չի բողոքում ծանրաբեռնվածությունից. «Գրասենյակն առյժմ ճիշտ է բաշխում գործերի քանակը»,– ասում է նա։ Նույն կարծիքին է նաև Տավուշի մարզի հանրային պաշտպան Դավիթ Փարսադանյանը։

Մինչդեռ փաստաբան Հենրիկ Բաղդասարյանի խոսքով` Երևանի հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը սարսափելի մեծ է։

«Հասցնում ենք, բայց ահավոր ծանրաբեռնված պայմաններում ենք աշխատում: Ես հիմա 20-ից ավելի գործ ունեմ և չնայած դրան` մեկ ամսից արձակուրդ պետք է գնամ»,– ասում է նա:

Բաղդասարյանը ՀՊ գրասենյակում աշխատում է հիմնադրման սկզբից և վստահեցնում է, որ գոնե հին կադրերը, չնայած ծանրաբեռնվածությանը, «որակով և սրտացավ» են աշխատում:

«Սակայն այն գումարը, որը ստանում ենք մենք մի ամսում, մյուս փաստաբանները մեկ ժամի համար են վերցնում։ Էլ չեմ խոսում տրանսպորտային ծախսերի մասին, որը ստիպված ենք անել քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար. հիմնարկը մեզ մեքենա չի տրամադրում»,- նշում է հանրային պաշտպանը:

Մեզ հետ զրույցում բոլոր հանրային պաշտպանները միաբերան պնդեցին, որ օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդեն անհնար կլինի որակյալ ծառայություն մատուցելը։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է առնվազն ևս 20 որակյալ փաստաբան, որոնք մասնագիտացած կլինեն քաղաքացիական գործերով:

Գայանե Առաքելյան