ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ալիքը չի դադարում

Ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը շարունակվում են ակտիվորեն քննարկվել և քննադատվել տարբեր մակարդակներում:
2004թ. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնահարել էր քնած վիճակում գտնվող 26-ամյա Գուրգեն Մարգարյանին: 2006թ. ապրիլի 13-ին Հունգարիայի դատարանը ադրբեջանցի մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
Ութ տարի անց՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին: Հայրենիք ժամանելուն պես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց և ազատ արձակեց ցմահ դատապարտված մարդասպանին՝ խախտելով օրենքը: Ռամիլ Սաֆարովը պետական մակարդակով հերոսացվեց, պարգևատրվեց մայորի կոչումով և բնակարանով:
Հայաստանը խզում է դիվանագիտական կապերը
Նույն օրը՝ օգոստոսի 31-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: «Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չե՛մ կարող: ՀՀ-ն դա հանդուրժել չի՛ կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու»,- հայտարարեց ՀՀ նախագահը:
Հունգարիայի միակ արդարացումն այն էր, որ իրենք գործել են Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն, իսկ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նամակով հավաստիացրել է, որ Սաֆարովի պատժաչափը կմնա անփոփոխ և նա կշարունակի պատժի կրումը Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, ըստ որի պայմանական վաղաժամկետ ազատում հնարավոր է ազատազրկման առնվազն 25 տարին լրանալուց հետո:
«Դուք պարտավոր էիք չփոխանցել մարդասպանին»
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Հունգարիայի իր պաշտոնակից Թիբոր Նավրաչին ուղղված նամակում գրել է, որ չի հավատում, թե փոխանցման համար հիմք են հանդիսացել ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ:
«Իմ խորին համոզմամբ՝ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը: Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: ...Դուք պարտավոր էիք ադրբեջանական կողմից հավաստիացում և երաշխիք ստանալ առ այն, որ մարդասպանը պետք է Ադրբեջանում շարունակեր իր պատժի հետագա կրումը: Ավելին, նման երաշխիք ստանալու պարագայում անգամ Դուք պարտավոր էիք չփոխանցել մարդասպանին՝ գիտակցելով, որ այդ հավաստիացումները սին են, քանզի այդ մարդասպանը տարիներ շարունակ հերոսացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից»,- գրել է Հրայր Թովմասյանը:
Սաֆարովի գործով տուժողը դիմելու է միջազգային ատյաններին
Լիտվացի սպայի շնորհիվ կացնահարումից փրկված մեկ այլ սպա՝ Հայկ Մակուչյանը, իր իրավունքները խախտված է համարում և մտադիր է իրավական ճանապարհով վերականգնել արդարադատությունը: Հիշեցնենք, որ նա Ռամիլ Սաֆարովի գործով հունգարական դատարանի կողմից տուժող է ճանաչվել:
«Այժմ, երբ հարցը քաղաքականացվել է, և Ադրբեջանի միապետը լկտիորեն ներել է հանցագործին՝ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը և անձամբ ինձ, ես, որպես ՀՀ քաղաքացի, դիմելու եմ համապատասխան միջազգային ատյաներին՝ արդարադատությունը վերականգնելու և իմ իրավունքները պաշտպանելու պահանջով»,- լրատվական գործակալություններից մեկին ասել է Հայկ Մակուչյանը: Նրա խոսքերով՝ հանցագործին անպատիժ թողելը ճանապարհ է բացում ինքնադատաստանի համար, ինչն անթույլատրելի է:
«Սպանությունը Ադրբեջանի պատվերն է». փաստաբան
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը օգոստոսի 30-ին հրավիրած ասուլիսում նշել է, որ իր համոզմամբ՝ դաժան սպանությունը պետական պատվեր է եղել, և Ադրբեջանը դատավարության առաջին օրվանից փորձել է հասնել մարդասպանի արդարացմանը կամ պատժի մեղմացմանը:
«Հայաստանը, վկայակոչելով միջազգային կոնվենցիաները, կարող է դատի տալ Ադրբեջան պետությանը: Ադրբեջանը, արդարացնելով Սաֆարովին, փաստորեն իր վրա է վերցնում հայ սպայի սպանության պատասխանատվությունը»,- այս մասին փաստաբանն ասել է «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը:
Նա հավելել է, որ իրավական առումով ինքն այլևս չի կարող որևէ քայլ ձեռնարկել, դա պետք է պետական մակարդակով արվի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը
Խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ հաշվի առնելով, որ ոճրագործի վերադարձը և ազատ արձակումը հանգեցրել է Հայաստանում մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտման:
Պաշտպանի կարծիքով՝ խախտվել է միջազգային իրավունքի սկզբունքները, քանի որ Հունգարիան կարող էր և կամ պարտավոր էր կանխատեսել արտահանձնման ապօրինի հետևանքները:
«Նաև անտեսվել են դասական պատժի նշանակման բոլոր նպատակները, դրանք են՝ սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաև՝ հանցագործությունների կանխումը: Իրենց գործողություններով Հունգարիան և Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման բոլոր երեք նպատակները»,- նշել է Կարեն Անդրեասյանը:
Իր ուղերձը հղելով շուրջ 100 երկրների օմբուցմեններին և մի շարք միջազգային կազմակերպություններին՝ մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը, ազատ արձակումը և հերոսացումը:
«Առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների և միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա»,- եզրափակել է Անդրեասյանը:
Բողոքի ալիքը չի դադարում
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ազատ արձակումը վրդովեցրել է շատերին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում չեն դադարում մեկնաբանությունները, ստեղծվել են տարբեր խմբեր, որոնք կոչ են անում անպատիժ չթողել մարդասպան Սաֆարովին:
Վրդովված հայ հաքերներն արդեն «կոտրել են» երկու տասնյակից ավելի կարևոր նշանակություն ունեցող ադրբեջանական պետական և լրատվական կայքեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կայքը:
Շարունակվում են հայերի բողոքի ակցիաները տարբեր երկրների հունգարական դեսպանատների և հյուպատոսական ներկայացուցչությունների առջև: Հասարակությունը և պաշտոնական Երևանը պահանջում են միջազգային կառույցների արձագանքը և ակնկալում համապատասխան գործողություններ:
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) սեպտեմբերի 4-ին հրավիրած ասուլիսում ասել է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր. «Ես, վերլուծելով և համեմատելով եղածը, հասկանում եմ, որ պետությունը պատրաստվում է պատերազմի: Որպես ռազմական գործիչ, ես զգում եմ օդում վառոդի հոտը»։
