Ինքնախոստովանական ցուցմունքից հետո մարմնի վրա առկա են եղել վնասվածքներ

Արման Դավթյանը 12 դրվագով գողություն կատարելու մեղադրանքով գտնվում է նախնական կալանքի մեջ, սակայն հույս ունի, որ դատարանն իրեն մեղավոր չի ճանաչի: Իր պնդմամբ՝ գողություն չի կատարել. ինքնախոստովանական ցուցմունք տվել է խոշտանգումների հետևանքով։ Իր դեմ ցուցմունք տված քաղաքացիական ամուսնությամբ իր կինը՝ Սոնա Մկրտչյանը, և ընկերը՝ Արթուր Մանուկյանը, ևս ենթարկվել են բռնությունների, իսկ տնից առգրավված գողոնը՝ բարձրախոսները, տուն են բերվել ոստիկանության աշխատողների կողմից, ու ամեն ինչ կատարվել է պլանավորած սցենարով:

Դավթյանին առանց ծանուցագրի և իր իրավունքները բացատրելու տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին 2011թ. հունիսին, նույն ժամանակահատվածում առանց ծանուցագրի ոստիկանություն են բերվել նաև նրա կնոջն ու ընկերոջը: Դավթյանը պնդում է, որ ենթարկվել է խոշտանգումների, որի հետևանքով էլ ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Բռնությունների ենթարկվելու մասին հետագայում ասել են նաև կինն ու ընկերը:

Ինչպես www.hra.am –ին հայտնեց Դավթյանի փաստաբան Անժելա Հոբոսյանը, Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177՝ գողության հոդվածի երկրորդ մասով: Այդ հոդվածի համաձայն՝ գողությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով, բնակարան ապօրինի մուտք գործելով, կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հետագայում Դավթյանի բողոքները ու դիմումները խոշտանգման մասին ոչ մի արդյունք չեն տվել: Նրա կնոջը ևս մեկ անգամ տարել են ոստիկանություն, որտեղ, ինչպես կինն է ասում, վախեցնելով ստիպել են գրել, որ նախկին ցուցմունքը տվել է սեփական կամքով ու բռնությունների չի ենթարկվել:

Խոշտանգումների մասով Դավթյանի բողոքը ներկայացնում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Նրան Երևանի Ձերբակալվածների պահելու վայրից (ՁՊՎ) պատասխանել են, որ Դավթյանն ընդունման պահին ենթարկվել է բուժզննության, որի ընթացքում արձանագրվել են հետևյալ մարմնական վնասվածքները` մեջքին կան քերծվածքներ և կապտուկներ, աջ ոտքի սրունքը այտուցված է:

ՁՊՎ-ից Դավթյանին քննչական գործողությունների համար դուրս բերման ժամանակահատվածն առաջին անգամ տևել է 14 ժամ 40 րոպե, երկրորդ անգամ՝ 15 ժամ 45 րոպե, իսկ երրորդ անգամ՝ 9 ժամ 45 րոպե: Հետագայում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարմնական զննումից հետո նշել են, որ նրա մոտ առկա է ձախ սրունքի շրջանի այտուցներ, հետին մակերեսի քերծվածքներ, մեջքի շրջանի վերքեր` քերծվածքներով, մասամբ կեղևակալված:

«Այսինքն, Դավթյանը ենթարկվել է ճնշումների և բռնությունների և նրա նկատմամբ քննչական գործողությունները կրել են տևական և իրար հաջորդող բնույթ, որի ժամանակ նա զրկված է եղել սնվելու և հանգստանալու հնարավորությունից: Հարկ է նկատել, որ քննչական գործողությունները կատարվել են նաև գիշերային ժամերին, իսկ 16.06.2011թ.-17.06.2011թ. գիշերն ընդհանրապես չի ապահովվել քնելու համար նախատեսված 8 ժամը: Դավթյանը ՁՊՎ-ից դուրս է բերվել 2011թ. հունիսի 18-ին, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունվել է միայն հունիսի 19-ին, իսկ թե այս ժամանակահատվածում որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է գտնվել Դավթյանը` անհայտ է»,- հայտնում է փաստաբանը:

Ռևազյանն արդեն 2012թ մարտի 28-ին դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել: Դիմումը մերժվել է մարտի 2-ին հետևյալ հիմնավորմամբ.

«Արման Դավթյանի կողմից դեռևս նախաքննության ընթացքում նույնաբովանդակ դիմումներ են ներկայացվել` ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից վերջինիս, Սոնա Մկրտչյանին և Արթուր Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ, սակայն նախաքննության ընթացքում նշված բողոքների կապակցությամբ կատարված քննությամբ չեն հիմնավորվել ոստիկանության Մաշտոցի բաժնում Արման Դավթյանին, Սոնա Մկրտչյանին և Արթուր Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքերը և 31.10.2011թ. որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, որը Արման Դավթյանի և նրա պաշտպանի կողմից հետագայում չի բողոքարկվել: Եւ նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանին և մյուսներին ծեծի ենթարկելու և խոշտանգելու վերաբերյալ առկա է նույն անձանց նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի չվերացված որոշում, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով և 185-րդ հոդվածով … որոշեցի … Ռ.Ռևազյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` նույն անձանց նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի չվերացված որոշման առկայության հիմքերով»։

Նշենք, որ 2011թ.-ի հոկտեմբերի 31-ի որոշումը կայացվել է Մաշտոցի քննչական բաժնի քննիչի կողմից և վերաբերվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Դավթյանին ծեծի ենթարկելու հանգամանքը պարզելուն: Ստացվում է, որ քննիչը քննել է մի գործ, որը վերաբերվել է իր գործընկերներին:

«Գտնում եմ, որ քննիչի կողմից գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126 հոդվածի համաձայն՝ գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»,- համոզված է փաստաբանը:

Վկային չեն կարողանում բերել դատարան

Գողության գործը քննվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Վազգեն Ռշտունի), ում հետ Դավթյանի՝ գողության գործով պաշտպան Անժելա Հոբոսյանը մեծ հույսեր է կապում:

Ինչպես Հոբոսյանը հայտնեց www.hra.am –ին, դատարանում այժմ քննում են գործով վկաներին և ոչ մի կերպ չեն կարողանում գտնել Արման Սարգսյանին, ով նախաքննության ժամանակ նշել է, որ ինքն էլ է գողությունների մասնակից եղել:

«Մենք չգիտենք՝ ինքն ինչո՞ւ է ազատվել այդ դեպքում պատասխանատվությունից, միգուցե համաներմամբ են նրան ազատ արձակել, բայց գիտենք, որ երկու անգամ նրա հետ առերեսում է եղել, որի ժամանակ նա ոչ մի հարցի չի պատասխանել: Իսկ այժմ նրան չեն կարողանում բերել դատարան, քանի որ ոստիկանության գրության համաձայն նա չի գտնվում իր փաստացի գրանցված հասցեում»,- ասում է Հոբելյանը:

Փաստաբանը նշում է, որ իրենք ցանկանում են հարցաքննել նաև այն մարդուն, ում մեքենայից բարձրախոս է գողացվել ու ում բարձրախոսը գտել են Դավթյանի բնակարանից, քանի որ պաշտպանական կողմի համոզմամբ՝ բարձրախոսը բերվել է Դավթյանի բնակարան հենց ոստիկանների կողմից, որ հետագայում լրացուցիչ փաստեր ունենան: Հոբոսյանը նշում է, որ այդ փաստը կարող է հաստատել Դավթյանի ընկերներից մեկը:

Խոշտանգման գործով դատարանների որոշումները ՀՀ վճռաբեկ դատարանում բողոքարկվելու փուլում են

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բողոքարկման համար նախատեսված բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և 2011թ. հոկտեմբերի 31-ի ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննիչ` Վ.Վ.Մելքոնյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու պահանջով: Սակայն 2012թ. ապրիլի 20-ին դատարանը մերժել է բողոքը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ դատական վերահսկողության կարգով բերված բողոքները չեն կարող միանգամից ներկայացվել դատարան: Նշված հոդվածում թվարկված սուբյեկտները պարտավոր են իրենց բողոքները ներկայացնել նախ դատախազին, և եթե վերջինս չի բավարարում նրանց բողոքները, ապա բողոքարկման սուբյեկտները նոր միայն իրավունք են ձեռք բերում բողոք ներկայացնելու դատարան, մինչդեռ բողոքաբերներից և ոչ մեկը քննիչի կողմից կայացված վիճարկվող որոշումը դատախազին չեն բողոքարկել և դիմել են դատարան` այն վերացնելու պահանջով: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ դիմումատուները բողոքարկել են քննիչի որոշումը դատարան, առանց նման բողոք ներկայացնելու իրավունքի ձեռքբերման, ուստի քննիչի որոշումը դատարանում վիճարկելու իրավունքից չեն կարող օգտվել»,- ասված է դատարանի որոշման մեջ:

Ռևազյանն Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը ևս մերժել է բողոքը: Ռևազյանը համոզված է, որ այդկերպ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` արդար դատաքննության իրավունքը:

Փաստաբանն այժմ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ նշելով որ ՀՀ դատարաններում դեռևս ձևավորված չէ միատեսակ իրավակիրառ պրակտիկա: Համատարած են այն դեպքերը, երբ քննիչների որոշումները բողոքարկվում են դատարան` առանց դատախազին բողոքարկելու և դատարանները մինչև օրս էլ ըստ էության շարունակում են քննել այդ բողոքները:

«Հիշյալ որոշումը բողոքարկել եմ նախ առաջին ատյանի, այնուհետև՝ վերաքննիչ դատարաններ: Երկու դեպքում էլ դատարանները մերժել են բողոքներն առանց բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու: Նման պայմաններում կարծում եմ արդարադատության շահը պահանջում էր, որ Դավթյանը պետք էր հնարավորություն ունենար լսված լինել դատարանի կողմից (թեկուզև առաջին ատյանի դատարանը կարող էր բողոքը վարույթ չընդունել` միաժամանակ հնարավորություն տալով բողոք ներկայացնել դատախազին)»,- կարծում Ռևազյանը:

Փաստաբանը նաև նշում է, որ 2011թ.-ի հոկտեմբերի 31-ի որոշման մեջ չկա հիշատակում, թե այդ որոշումը որտեղ, ինչ կարգով և ինչ ժամկետներում կարող է բողոքարկվել: Ուստի կարևոր էր, որ առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները տային գնահատական` արդյոք բողոքարկման կարգը և ժամկետները չպարզաբանելը չէր կարող պատճառ հանդիսանալ բողոքի ժամկետանց և ոչ ճիշտ ընթացակարգով բողոքարկման համար:

Եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի նախկին դատարանների որոշումները, Ռևազյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: