«Բարոյական պարտավորություն» զգալով՝ Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը

Այսօր առավոտյան ժամը 10:00-ին ՀՀ ազգային ժողովի շենքի առջև ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու պահանջով բողոքի պլանավորած ակցիան կայացավ, բայց արդեն արդար քննություն անցկացնելու պահանջով, քանի որ Հայրապետյանը երեկ երեկոյան հրաժարվեց պատգամավորի իր մանդատից:

Ցուցարարներն այսօր պետք է պահանջեին, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր դնի իր մանդատը, քանի որ նրա սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից է հունիսի 17-ին ծեծվել ու հետագայում հիվանդանոցում մահացել ՀՀ ՊՆ մայոր, 35–ամյա Վահե Ավետյանը։



«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը համոզված է, որ միայն մանդատից հրաժարվելով՝ Հայրապետյանը չի կարող ասել, որ ինքն անմեղ է. «Մանդատից հրաժարվելը պատասխանատվության ենթարկվելու հետ որևէ կապ չունի: Նախաքննությունը պետք է ընթանա մինչև վերջ ու պարզվի՝ Ռուբեն Հայրապետյանն ունի՞ իր դերակատարումն ու մեղավորությունը կատարվածի մեջ, թե՝ ոչ: Չմոռանանք, որ բոլորն էլ լսել են, թե նա ինչպես է հրապարակային խրախուսել բռնությունը՝ հայտնելով, որ ծեծելով պատժում է մարդկանց ու ինքն իրավասու է իրեն համարում նմանատիպ պատժիչ գործողություններ իրականացնել»:

Քրեական գործով մեղադրանքի բովանդակությունը պետք է փոխվի

Վահե Ավետյանին հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները հորդորել էին փոխել սպորտային հագուստը՝ ռեստորան մտնելու համար, ինչին Վ. Ավետյանը ենթարկվել էր։ Հագուստը փոխելուց հետո ռեստորանի մատուցողի հետ զրույցի ընթացքում Ավետյանը հարցրել էր՝ գուցե սպորտային գլխարկի համար էլ իրեն դուրս հրավիրեն. այս հարցադրումից րոպեներ անց Վ. Ավետյանը մահացու ծեծի ենթարկվեց։

Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում ծեծի էր ենթակվել, հետո տեղափոխվել հիվանդանոց, ենթարկվել գանգուղեղի երկու վիրահատության։ 12 օր գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում՝ Ավետյանը հունիսի 29-ին մահացավ։ Ծեծի էին ենթարկվել նաև նրա ընկերները. միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը և ավագ լեյտենատ Գարիկ Սողոմոնյանը. նրանց կյանքին վտնագ չի սպառնում։

Դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, գործը ուղարկվեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն: Հետագայում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ գործը վերադարձվեց ՀՀ ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու համար:

ՀՀ ոստիկանության հունիսի 29-ին տարածած տեղեկատվության համաձայն՝ քննչական խումբն իրականացրել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական մի շարք փորձաքննություններ, առգրավվել են հագուստներ, հարցաքննվել են վկաներ:

«Ձեռք բերված ապացույցների հիմքով մեղադրանքներ են առաջադրվել վեց անձանց, և նրանք, նախաքննական մարմնի միջնորդությամբ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել են: Կալանավորված են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը»,- գրված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Դավիթ Հայրյանի մասով ձերբակալությունից ազատելու որոշում է կայացվել, քանի որ կասկածները, թե նա մասնակից է եղել հանցագործությանը, չեն հաստատվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին կետի համաձայն՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը www.hra.am –ին հաղորդում է, որ 112 հոդվածի առաջին մասը պետք է փոխարինվի 14-ով, քանի որ Ավետյանն արդեն մահացել է. անզգուշությամբ տուժողի մահ առաջացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք նախնական ստացված լուրերին, որ նրանք շարունակել են թուլացած մարդուն ծեծել, չի բացառվում, որ դա կարող էր բերել մահվան: Ես հաստատ չեմ կարող ասել, բայց եթե անաչառ նախաքննություն կատարվի, հնարավոր է մեղադրանք առաջադրի նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով՝ սպանությամբ, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հոդվածով, որի համար պատիժը ազատազրկումն է ութից տասնհինգ տարի ժամկետով»,- ասում է Իշխանյանը:

Հասարակությունը և ԱԺ պատգամավորները վերահսկելու են գործի օբյեկտիվ քննությունը

Ավետյանի դաժան ծեծը և մահը հարուցել էր հասարակության բուռն զայրույթը. մարդիկ արդեն մի քանի օր շարունակ բողոքի տարբեր ակցիաներով Հայրապետյանից պահանջում էին հրաժարվել պատգամավորի մանդատից և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Ցուցարարներն այսօր արդար քննություն կազմակերպելու համար քայլերթով Ազգային ժողովի շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: Այսօր առավոտյան նաև ԱԺ ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես դիմում է փոխանցվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք նշել են, որ անպատժելիության մթնոլորտի արդյունք դարձած այս դեպքը հասարակության մեջ առաջացրել է գերլարված իրավիճակ:

«Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաև օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով»,- ասված է դիմումում: