Զինվորի մայրը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը. տատիկը վերակենդանացման բաժնում է

Ոչ շարային զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրը՝ Շամիրամ Միքայելյանը, դադարեցրել է որդու առողջության համար ՀՀ կառավարության շենքի առջև երեքշաբթի օրը սկսած հացադուլը. զինվորի տատիկն այսօր վատ է զգացել իրեն և Կառավարության շենքի առջևից նրան տեղափոխել են Երևանի երկրորդ կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման՝ ինտենսիվ թերապիայի բաժին:

2012թ. մարտի 29-ին մեկ տարի ծառայության մեջ գտնվող Ռուբեն Միքայելյանը զորամասի զուգարանում ածելիով քերծել է իր ձախ ձեռքի նախաբազկի շրջանը: Մայրը պնդում է, որ տղան չի քերծել, այլ կտրել է երակները ու դրա համար ունեցել է լուրջ պատճառներ:

Ռուբենի մայրը հացադուլ էր սկսել, քանի որ իր տղային ծեծել են Սիսիանի զորամասում, վիրավորել ու խոշտանգել են այնպես, որ տղան կտրել է ձեռքի երակները և հոգեկան հիվանդություն է ստացել՝ երկու ամիս բուժվելով Նուբարաշենի հոգեբուժարանում: Մայրը պահանջում է ազատ արձակել տղային՝ բուժվելու նպատակով ու պատժել բոլոր մեղավորներին:
Ռուբեն Միքայելյանին բռնության ենթարկելու առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը): Այս գործը հետագայում կարճվել է, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության քրեական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ավագ լեյտենանտ Ա.Մ. Մարգարյանը չի հաստատել, որ ավագ լեյտենանտ Ալբերտ Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Սուրեն Մխիթարյանը, շարքայիններ Ռուբեն Հովհաննիսյանը և Մխիթար Հայրապետյանը մեղավոր են:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ավագ լեյտենանտ Ա.Խաչատրյանի և 2012թ. հունվար ամսին կրտսեր սերժանտ Ս.Մխիթարյանի կողմից շարքային Ռ.Միքայելյանին վիրավորանք հասցնելու, 2011թ. հոկտեմբեր ամսին շարքային Ռ.Հովհաննիսյանի կողմից Ռ.Միքայելյանին վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ինչպես նաև 2012թ. մարտի 29-ին՝ ժամը 07-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի երկրորդ վաշտի ննջարանում շարքային Մ.Հայրապետյանի կողմից Ռ.Միքայելյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքների վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և սպառվել են ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»,- նշված է ավագ լեյտենանտ Ա.Մ. Մարգարյանի կողմից քրեական հետապնդում չիրականացնելու մասին հունիսի 16-ին կայացրած որոշման մեջ:

Այժմ քրեական գործ են հարուցել հենց Ռուբեն Միքայելյանի դեմ, ում մեղադրում են իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու) միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու մեջ (ՀՀ քրեական օերնսգրքի 363 հոդված):

Եթե դատարանում հաստատվի մեղադրանքը, Միքայելյանին սպառնում է կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահել` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Իմ տղան նախ սրտի արատ է ունեցել ու ոտքի կոտրվածք, դրա համար էլ նրան ոչ շարային ծառայության են տարել: Քննիչը հաշվի չի առել, որ նրան ինքնասպանության հասցրել են, ոչ թե ինքը կամովին է այդ քայլը կատարել, որ ծառայությունից խուսափի: Հենց այդ ծեծի արդյունքում է, որ տղայիս մոտ առաջացել են հոգեկան խնդիրներ: Ես ինքս, երբ գնացի հոգեբուժարան տեսա, որ նրա մեջքը ամբողջությամբ կապտած էր, բայց դրան ոչ մեկն ուշադրություն չի դարձրել, քննիչն ուշադրություն չի դարձրել, որ որդուս ծեծողները ընդունել են իրենց մեղքը»,- արտասվելով պատմում է տիկին Շամիրամը:

Մայրը www.hra.am –ին նաև հաղորդեց, որ պոլիկլինիկայից անհետացել է իր որդու անձնական գործը, որտեղ կան փաստացի ապացույցներ իր տղայի առողջական վիճակի վերաբերյալ:

Նա պատրաստվում էր այնքան ժամանակ հացադուլի մեջ լինել, մինչև որ իր տղային չբերեին իր մոտ, սակայն այժմ դադարեցրել է հացադուլը ու հիվանդանոցում սպասում է, թե բժիշկներն ինչ կասեն վերակենդանացման բաժնում գտնվող իր մոր առողջության մասին:

Ռուբեն Միքայելյանը, մոր փոխանցմամբ, այժմ գտնվում է ՀՀ ռազմական ոստիկանությունում: