ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտանգումների դեմ պայքարում լուրջ առաջընթաց չկա. ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Հունիսի 26-ին՝ Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը, «Ընդդեմ իրավական կամայականության» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները Փաստաբանների պալատի հետ համատեղ հրավիրել էին «Աշխարհն առանց խոշտանգումների-2012» խորագրով համաժողով:
«Խոշտանգելը դարձել է վարչական պրակտիկա»
«Կարելի է նշել, որ կարծես թե տարեցտարի մեր պետական մարմիններնն ավելի ու ավելի օպերատիվ են արձագանքում խոշտանգումներին, դաժան կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի դեպքերին, բայց եթե մենք նայենք ընդհանուր երևույթին, ապա պետք է նշեմ, որ այդ երևույթը, ցավոք սրտի, դեռ արմատախիլ լինելուց շատ հեռու է»,- իր խոսքում նշեց «Ընդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքերով՝ իրենց կազմակերպությունն արձանագրում է նմանատիպ դեպքերի այնպիսի հաճախականություն, որը հիմք է տալիս կարծելու, թե «նման գործելակերպը կարծես վարչական պրակտիկա լինի»:
«Ես ամեն անգամ նշում եմ, որ բանակում պակասել է մահացությունների թիվը, բայց, ցավոք սրտի, անցած տարի արձանագրվել է 45 մահացության դեպքեր, որոնք կապված չեն թշնամու կողմից գործողությունների հետ կամ բնական մահվան դեպքեր չեն: Եվ հասարակությունը այդպես էլ չի ստանում պատշաճ տեղեկատվություն, թե ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, որ այդպիսի դեպքեր չլինեն»,- անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերին՝ ասում է Ալավերդյանը:
Ըստ նրա՝ տեղեկատվության պակասը հասարակության մեջ ձևավորում է համոզմունք, որ «մահվան դեպքերը սառցալեռան գագաթի մի մասն են միայն»:
Օրենսդրական բացերից Ալավերդյանը նշում է, որ հստակորեն տարանջատված չեն խոշտանգում, դաժան վերաբերմունք և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք հասկացությունները, ինչն առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում:
«Պետք է լինի բռնության կանխարգելման ազգային համապարփակ ծրագիր»
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) քարտուղար Արտակ Կիրակոսյանը նշում է, որ իրենք հետևում են խոշտանգման մի շարք գործերի քննությանը (Սաշա Դավթյան, Լևոն Գուլյան, Ստեփան Հովակիմյան և Վահրամ Քերոբյան), և կարող է ասել, որ վերջին տարիների ընթացքում էական առաջընթաց չկա:
«Հիմնական խնդիրը պետական մարմինների կողմից բացահայտ պաշտպանվողական դիրքն է, պրոբլեմը խորությամբ չընդունելն ու դրա լուծման ուղղությամբ քայլեր չանելը: Հուսով եմ, որ պետական մարմինների ներկայացուցիչները կընդունեն խնդիրը, և դրանից հետո կսկվի մի գործընթաց՝ ուղղված խոշտանգումների դեմ ազգային ծրագրի ստեղծմանը»,- ասում է Կիրակոսյանը:
Նրա խոսքերով՝ բռնության խնդիրն առկա է գրեթե բոլոր ոլորտներում, և պետք է համապարփակ մոտեցում լինի. «Եթե գլոբալ նայենք, կտեսնենք, որ այսօր Հայաստանում անհրաժեշտություն կա բռնության կանխարգելման ազգային միասնական ծրագրի՝ սկսած դպրոցից»:
«Ես եմ մեղավոր, որ այսօր Հայաստանում կա խոշտանգում».ՄԻՊ
«Ինչո՞ւ իրավիճակը չի փոխվում խոշտանգումների ոլորտում» հարցին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց ինքնաքննադատորեն, քանի որ ի պաշտոնե հանդիսանում է բռնությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմ:
«Ես եմ մեղավոր, որ այսօր Հայաստանում կա խոշտանգում, բռնություն և անմարդկային վերաբերմունք կալանավայրերում, ոստիկանությունում, զորամասերում և այլ փակ հաստատություններում: Ես ինձ մեղավոր համարում եմ այնքանով, որ ՄԻՊ մասին օրենքով պիտի կարողանայի դրանք կանխել, բայց չեմ կարողանում կանխել»,- հայտարարեց պաշտպանը:
Անդրեասյանի խոսքերով՝ ինքը չի կարողանում բռնությունների դեմն առնել, որովհետև չունի բավարար ռեսուրսներ: Խոսքն առաջին հերթին ֆինանսական ռեսուրսների մասին է: Պաշտպանը նշեց, որ 5մլն դրամ բյուջեով չի կարող կանխել բռնությունները և 2013թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրկին բարձրացնելու է այս խնդիրը՝ ակնկալելով ՀԿ-ների աջակցությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը նկատում է, որ պատկերը փոխվում է «ամեն մահվան դեպքի արդյունքում»: «Մենք կցանկանանք, որ զոհերի փոխարեն պատկերը փոխենք ես և այն մի քանի պաշտոնյաները, ովքեր դրա համար ստեղծված են»,- ասում է նա և հավելում, որ պետք է սկսել պայքարել անգամ մեկ ապտակի ու հայհոյանքի դեմ, որպեսզի դրանք չվերածվեն մահերի:
«Խոշտանգող ոստիկանը գիտի, որ ինքը չի պատժվելու»
ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, համեմատելով տարբեր երկրներում առկա իրավիճակը, եկել է այն եզրակացության, որ Հայաստանում և մյուս ետխորհրդային երկրներում դեռ իշխում է դատախազ Վիշինսկու այն սկզբունքը, թե «Ինքնախոստովանությունն ապացույցների թագուհին է»:
Խոշտանգելը, ըստ Դանիելյանի, իրավապահ մարմինների համար կարծես դարձել է գործելաոճ: «Երբ որ հաղորդում է լինում խոշտանգման մասին, որևէ գործողություն չի ձեռնարկվում դատախազության կողմից կամ լավագույն դեպքում գործ է հարուցվում, բայց կարճվում է հանցակազմի բացկայության պատճառով»,- ասում է նա՝ հավելելով, որ խոշտանգում կատարողներին չպատժելը հավասար է նրանց խրախուսելուն:
Խոսելով խնդրի պատճառների մասին՝ նա թվարկում է մի քանիսը: Մեկը խորհրդային տարիներից ժառանգած «ցուցանիշի ապահովման» խնդիրն է:
«Ոստիկանությունը մինչ հիմա խնդիր ունի ապահովելու բարձր ցուցանիշ, որ ցույց տա, թե ինչքան լավ է աշխատում»,- ասում է Դանիելյանը՝ ավելացնելով, որ այդ տեսանկյունից ամենաարագ տարբերակն ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելն է, քան պրոֆեսիոնալ քննություն իրականացնելը, որը երկար և աշխատատար գործընթաց է: Մյուս կողմից, ըստ փորձագետի, ոստիկանների պրոֆեսիոնալիզմը ցածր մակարդակի վրա է:
Խոշտանգումների պատճառներից մյուսն անպատժելիության մթնոլորտն է: Արման Դանիելյանի խոսքերով՝ «խոշտանգող ոստիկանը գիտի, որ ինքը չի պատժվելու», հակառակ դեպքում չի խոշտանգի. «Պատժվում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ ինչ-որ մեկը մահանում է, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում. Լևոն Գուլյանի գործը դրա վառ ապացույցն է»:
Նրա խոսքերով՝ այսօր հնարավոր չէ հասկանալ, թե Հայաստանում խոշտանգման քանի դեպք է կա կամ ինչպե՞ս են պայքարում այդ երևույթի դեմ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում տրված ձևակերպումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կողմից ընդունված «խոշտանգում» եզրույթին:
Խոշտանգումների դեմ պայքարելու լավագույն ձևը Արման Դանիելյանը համարում է կանխարգելիչ մեխանիզմների ստեղծումը: Նա առաջարկում է նաև ստեղծել այնպիսի իրավական մեխանիզմներ, որ խոշտանգումների հետևանքով կորզված ինքնախոստովանական ցուցմունքները չընդունվեն դատարանների կողմից, նույնիսկ եթե խոշտանգման փաստը չի ապացուցվել: «Խոշտանգելն այս դեպքում անիմաստ կդառնա»,- ասում է իրավապաշտպանը:
ՀԿ-ներից ակնկալում են օրենսդրական առաջարկություններ
ՀՀ ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Թաթուլ Պետրոսյանի կարծիքով՝ ՀՀ օրենսդրությամբ բավականին խիստ սանկցիաներ են սահմանված խոշտանգման համար: Օրենքը թույլ է տալիս դատավորին խոշտանգման հայտարարության դեպքում գործից նյութեր առանձնացնել և ուղարկել դատախազություն, իսկ վերջինս պարտավոր է քննություն իրականացնել:
Պետրոսյանի խոսքերով՝ այսօր ոստիկանությունում լուրջ միջոցառումներ են տարվում ոստիկանների իրավական գիտելիքների բարձրացման առումով, մշակվում են ուղեցույցներ, որոնք կօգնեն ոստիկանին տեղում արագ կողմնորոշվելու համար:
Նա կարևորում է հասարակական հսկողությունը փակ հաստատություններում. «Քրեակատարողական հիմնարկներում և Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայերում կան դիտորդական խմբեր, որոնք անարգել մուտք են գործում, ուսումնասիրում և իրենց զեկույցները ներկայացնում: Նրանց զեկույցները մանրակրկիտ քննարկվում են և յուրաքանչյուր հարցին տրվում է կոնկրետ և հստակ պատասխան»,- ասում է ոստիկանության ներկայացուցիչը:
Նա ակնկալում է ՀԿ-ներից ստանալ կոնկրետ օրենսդրական առաջարկություններ Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ, որն այսօր շրջանառության մեջ է:
Չեն հերքում, որ զորամասերում կան բռնություններ
ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության աշխատակից Արտյոմ Սեդրակյանը հայտարարեց, որ խոշտանգումներ և դրան նման երևույթներ Պաշտպանության նախարարության համակարգի զորամասերում, դժբախտաբար, կան, քանի որ բանակը հասարակության մի մասնիկն է:
Նա նշեց, որ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարությունն աշխատում է անընդհատ և երկու կարևոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ «ԶՈՒ կարգապահական կանոնագիրքն» արդեն ընդունվել է Կառավարության կողմից, իսկ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխությունները դեռ քննարկման փուլում են:
Սեդրակյանը նաև կարևորում է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեությունը, և նշում է, որ ՊՆ-ն աշխատանքներ է տանում զինվորական համակարգի վրա քաղաքացիական վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ:
Համաժողովի ընթացքում փաստաբանները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց վարույթում գտնվող խոշտանգման գործեր (տես՝ տեսանյութը), որոնց կանդրադառնանք առաջիկայում: Որպես բռնությամբ ինքնախոստովանական ցուցմունք ձեռք բերելու և գործի հիմքում դնելու օրինակ ներկայացվեց նաև Ստեփան Հովակիմյանի գործը, որի առնչությամբ երեկ իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ պահանջելով անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները։
Մերի Ալեքսանյան
Տեսանյութերի հեղինակ՝ Կարինե Իոնեսյան
