Կար խախտումները հնարավորինս սքողելու, որպես խախտում չձևակերպելու միտում.Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները չեն եղել ազատ և արդար, ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների ակնկալիքները և ընտրական գործընթացների նկատմամբ ընտրողների անվստահությունը և հիասթափությունն ավելի են խորացել: Այս մասին հունիսի 22-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:

Կազմակերպության 112 դիտորդները դիտարկել են Վանաձորում, Գյումրիում, Իջևանում և Երևանում տեղակայված 64 ընտրատեղամասեր: Ընտրախախտումների մասին դիմում-բողոքներ են ուղարկվել համապատասխան մարմիններին:

Ներկայացնելով ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացված դիտորդական առաքելության արդյունքների զեկույցը՝ Արթուր Սաքունցը նշեց. «Լռության մատնվեցին ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը... Կար խախտումները հնարավորինս սքողելու, որպես խախտում չձևակերպելու միտում»:

Սաքունցի խոսքերով՝ ՀՔԱՎ գրասենյակի կողմից ընտրակաշառքի մասին ահազանգերի կապակցությամբ ոչ մի քրեական գործ չի հարուցվել, իսկ ահազանգերից մեկին ոստիկանությունն արձագանքել է 6 օր անց:

«Ընտրակաշառքների վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածված զանգվածային ահազանգերի պայմաններում Ոստիկանության գործողությունները մենք գնահատում ենք ոչ համարժեք, ավելին՝ կանխամտածված անգործություն, եթե ոչ հրահանգավորված անգործություն»,- ասում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը:

Նրա դիտարկմամբ՝ ո՛չ ՀՀ ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի և ո՛չ էլ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից այդպես էլ չներկայացվեց որևէ հաշվետվություն, թե ինչ գործողություններ են իրականացրել այդ մարմիններն ընտրախախտումների կանխարգելման ուղղությամբ:

Ընտրախախտումները, Սաքունցի կարծիքով, շատ են եղել, իսկ դրանց տեխնոլոգիաները՝ «ունիվերսալացված և կատարելագործված»:

Մեկն, օրինակ, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից նախընտրական բարեգործությունն էր, որին ո՛չ ընտրական հանձնաժողովները, և ո՛չ էլ իրավապահ մարմինները պատշաճ ուշադրություն չդարձրեցին:

Դիտորդների կողմից արձանագրված՝ քվեատուփերում դատարկ ծրարների առկայությունը, ըստ Սաքունցի, հիմք է տալիս ենթադրելու, որ մեծ տարածում է ունեցել «կարուսելը»:

Նա կասկածներ ունի, որ եղել են կրկնաքվեարկության դեպքեր: Դրան մի կողմից նպաստել է անձնագրերի դրաշմակնիքի ժամանակից շուտ անհետացումը, մյուս կողմից՝ ուռճացված ընտրացուցակները:

«Միայն Վանաձորում 482 հասցե կար, որտեղ գրանցված էին 30 և ավելի ընտրողներ»,- հաշվարկել են ՀՔԱՎ գրասենյակի դիտորդները:

Սաքունցը տարօրինակ է համարում հանրապետությունից բացակայողներին ցուցակներում ընդգրկելը, բայց նրանց քվեարկելու իրավունքից զրկելը: Նա առաջարկում է հանրապետությունից բացակայողների համար առանձին ցուցակ ունենալ, իսկ զինծառայողների առանձին և խիստ պահվող ցուցակները «տարրալուծել» ընդհանուր ցուցակների մեջ:

Կազմակերպությունը շարունակում է պնդել, որ քվեաթերթիկների վրա պետք է լինի «բոլորին դեմ եմ» տարբերակը: Արթուր Սաքունցի հաշվարկներով՝ ողջ քվեարկողների 3,4 տոկոսի ձայնն անվավեր է ճանաչվել միայն այն պատճառով, որ նրանք բոլոր թեկնածուներին դեմ են եղել:

Նա խնդիր է համարում նաև քվեարկության օրը տեղական ընտրական հանձնաժողովների անդամների կողմից օրենքի իմացության ցածր մակարդակը, սեփական նախաձեռնությամբ ընտրախախտումները կանխարգելելու կամ վերացնելու կամքի բացակայությունը, ընտրատեղամասից դուրս իրավիճակի անվերահսկելությունը:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները համեմատելով նախորդ ընտրության հետ՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը գտնում է, որ այս ընտրություններին բռնության դեպքեր չեղան, որովհետև իրական մրցակցություն չկար: