477 դիմում–բողոք և մեկ նախազգուշացում դատավորին

Մեկ տարվա ընթացքում` 2011թ-ի հունիսից 2012թ. հունիս, ՀՀ արդարադատության նախարարության Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին ուղղված 477 դիմում-բողոքներից միայն մեկի դեպքում է դատավորը պատասխանատվության ենթարկվել։ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը պատասխանատվության է ենթարկվել՝ նախազգուշացման տեսքով:

Այս մասին ասաց ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը՝ ներկայացնելով տեսչության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը:

www.hra.am –ի այն հարցին, թե նախորդ տարիների համեմատ արդյոք կրճատվե՞լ է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին բողոք-դիմումների թիվը, Փանոսյանը նշեց, որ զգալի նվազում չեն նկատում: Անդրադառնալով այն խնդրին, թե ինչու 477 դիմում-բողոքներից միայն մեկով է կարգապահական պաստախանատվության ենթարկվել դատավորը, Փանոսյանը պարզաբանեց.

«Դիմումների մի մասը բովանդակային չեն եղել, մի մասի դեպքում ասել են, թե եկեք ասեք, թող դատավորը շուտ դատը լսի, կամ բողոքել են, թե մյուս կողմի փաստաբանը անընդհատ միջնորդություն է անում ու խնդրել են, որ զսպենք փաստաբանին: Այսինքն՝ այս բողոքները կարգապահական վարույթի նյութեր չեն: Երբեմն լինում են դեպքեր, երբ կարգապահական վարույթի նյութ կարող են լինել, բայց երբ կանչում ենք կողմերին ու մանրամասն լսում ենք նրանց, տեսնում ենք, որ իրավիճակը ներկայացնում են ոչ օբյեկտիվ ձևով»: 

Հաշվետվության համաձայն՝ այդ դիմումներից 153-ի դեպքում դիմումատուն խնդրել է միջամտել դատարանի գործունեությանը կամ վերանայել դատական ակտերը, 161-ի դեպքում պահանջել են գործողություններ կատարել, որոնք դուրս են ՀՀ արդարադատության նախարարության իրավասություններից: 149 դիմումատու պահանջել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, որոնցից 106-ը, ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն, չի պարունակել օրենքի խախտման վերաբերյալ առերևույթ հիմքեր: 21 բողոքների դեպքում էլ չի եղել վարույթ հարուցելու պայման:

«Ընդհանուր առմամբ, 22 դիմումներով կազմվել են կարգապահական խախտման վերաբերյալ տեղեկանքներ, որնցից 13-ը արդարադատության նախարարի կողմից չեն գնահատվել որպես ակնհայտ կոպիտ, իսկ 9-ով հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 3 դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճվել են, իսկ 6 վարույթ գտնվում է ընթացքի մեջ»,- նշեց Փանոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր 2012թ.-ի զեկույցում քննադատել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ նշելով, որ «ՀՀ արդարադատության նախարարությունը որոշ դեպքերում (օրինակ՝ դատավոր Մասիս Ռեհանյանի վերաբերյալ և դատավոր Յուրիկ Իսկոյանի վերաբերյալ Պաշտպանի հաղորդումներին ի պատասխան) մերժել է կարգապահական վարույթի հարուցումը՝ գնահատելով դատավորներ Մասիս Ռեհանյանի և Յուրիկ Իսկոյանի խախտումները ակնհայտ, սակայն ոչ կոպիտ»:

ՄԻՊ-ի կարծիքով՝ Արդարադատության խորհուրդն իր հերթին դատական օրենսգրքի հստակ ամրագրված նորմը որոշ դեպքերում ենթարկել է կամայական մեկնաբանության:

«Այսպես`առկա է գործն ըստ էության լուծող դատարանի վճիռ, որի կայացվելուց հետո կողմերից մեկը դիմում է Արդարադատության խորհուրդ: Ներկայացված դիմումը չի քննվել, քանի որ վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Մինչդեռ, ՀՀ դատական օրենսգրքի153-րդ հոդվածի համաձայն,կարգապահական վարույթը հարուցվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման և ոչ թե ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, ուստի դատական ակտի բողոքարկումը հիմք չէ կարգապահական վարույթ չհարուցելու համար»,- նշված է ՄԻՊ-ի զեկույցում:

ՄԻՊ-ը քննադատել է նաև նոտարիատի և Քաղաքացիական կացության ակտերի գրացման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմինների գործունեությունը՝ նշելով, որ նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ: Կամ ՔԿԱԳ մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, Պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերում շարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին:

Սակայն ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետը կարծում է, որ իրավիճակը նոտարական ոլորտում ավելի խոստումնալից է: Այստեղ բողոք– դիմումների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 100-ով: Բաժնում քննարկել են 300 դիմում ու բողոք։ Քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա 7 նոտարի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ ու նրանք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ խիստ նկատողությունների տեսքով:

ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները հպարատանում են, որ նոտարական համակարգում զգալի փոփոխություններ ու զարգացումներ են եղել, բայց չեն խոստովանում, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, ըստ էության, թերի է աշխատում, քանի որ 477 դիմումներից միայն մեկի հետևանքով մի դատավորի պատասխանատվության ենթարկելն արդեն իսկ խոսում է այս մեխանիզմի անարդյունավետ աշխատանքի մասին։