Պայմանական վաղաժամկետ ազատում. բարեփոխման նախագիծ

Արման Դանիելյան 
 


«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ

Սկիզբը՝ այստեղ:


Անիրատեսական մոտեցում և կոռուպցիոն ռիսկեր

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխելու համար երկու ուղղություն է քննարկվում. լուծարել Անկախ հանձնաժողովները և վերադառնալ նախկին համակարգին (հասկանալի պատճառներով սրա կողմնակիցներն են քրեակատարողական համակարգը, դատապարտյալները և մի շարք փաստաբաններ) և փորձել շարժվել առաջ, և ստեղծել նոր համակարգ, որը կկարողանա իրականացնել այն գործառույթները, որոնք դրված են վաղաժամկետ ազատման համակարգի առջև:

Եթե դիտարկենք գործառույթների տեսանկյունից, այսինքն՝ դատապարտյալի կրկնահանցագործություն կատարելու ռիսկի գնահատման դիտանկյունից, ապա պարզ է դառնում, որ ոչ նախկին և ոչ էլ ներկա համակարգն այդ խնդիրը լուծել չեն կարող: Այսինքն՝ անհրաժեշտ է ստեղծել նոր համակարգ:  

Միջազգային առաջադեմ փորձը ցույց է տալիս, որ այդ գործառույթն առավել արդյունավետ կարողանում է կատարել պրոբացիոն ծառայությունը: Պրոբացիան ծառայություն է, որն ազատազրկվածին տրամադրում է սոցիալական և հոգեբանական աջակցություն նրա ազատազրկման մեջ հայտնվելու առաջին իսկ պահից և շարունակում է աջակցությունը նաև ազատվելուց հետո՝ օգնելով նախկին ազատազրկվածին վերաինտեգրվել հասարակություն: Պրոբացիոն ծառայության մյուս, ոչ պակաս կարևոր գործառույթն է դատարանին խորհրդատվություն տրամադրելը՝ սկսած հնարավոր խափանման միջոցի ընտրությունից մինչև վաղաժամկետ ազատվելու պարագայում կոնկրետ անձի նկատմամբ անհրաժեշտ պայմանների կիրառումը: Ցավոք, Հայաստանում այս ծառայությունը դեռևս ստեղծված չէ, իսկ ստեղծվելու դեպքում տարիներ կպահանջվեն, որպեսզի այն կարողանա լիարժեք գործել:

Ինչպիսի՞ն կարող է լինել լուծումը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» իր ուսումնասիրությունում առաջարկել էր խնդրի լուծման փուլային տարբերակ, որը ռիսկի գնահատման գործառույթը գործող համակարգից աստիճանաբար կտեղափոխեր դեպի պրոբացիոն համակարգ՝ կախված վերջինիս ստեղծման և կայացման գործընթացից:

Առաջին փուլում առաջարկվում են հետևյալ գործողությունները.



1. Մշակել ռիսկի գնահատման չափանիշներ և ստեղծել համապատասխան գործիք, որը թույլ կտա հնարավորինս օբյեկտիվ գնահատական տալ: Միևնույն ժամանակ դատապարտյալները, լինելով տեղեկացված գնահատման գործիքում ընգրկված չափանիշներին, շահագրգռված կլինեն պատիժը կրելու ընթացքում համապատասխան վարք դրսևորել: Գործիքն իրենից ներկայացնում է հարցաշար, որը ստեղծվում է հաշվի առնելով այն գործոնները, որոնք տվյալ երկրում հանդիսանում են կրկնահանցագործության հավանական ցուցիչ: Գործիքի պատրաստման համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան մասնագետների, ովքեր վերլուծելով քրեածին գործոնները և կրկնահանցագործության դեպքերով մեծածավալ վիճակագրությունը կառանձնացնեն այն գործոնները, որոնք Հայաստանի պայմաններում բերում են կրկնահանցագործության:

2. Փոփոխելով Անկախ հանձնաժողովների կազմը՝ այնտեղ ներգրավել համապատասխան մասնագետների՝ քրեաբաններ, հոգեբաններ, սոցաշխատողներ և այլն, ովքեր ի վիճակի կլինեն գնահատել ռիսկը։

3. Վարչական հանձնաժողովների որոշումները մեխանիկորեն ուղարկել Անկախ հանձնաժողով՝ անկախ դրանց դրական կամ բացասական լինելուց։

4. Անկախ հանձնաժողովը հանդիպելով դատապարտյալին և լսելով վերջինիս փաստարկները՝ կկարողանա գնահատել Վարչական հանձնաժողովի օբյեկտիվությունը միևնույն ժամանակ կատարելով այն հակակոռուպցիոն գործառույթը, որ նա այսօր կատարում է:

5. Երկու հանձնաժողովների եզրակացությունները կլինեն խորհրդատվական բնույթի և կօգնեն դատարանին կայացնել վերջնական որոշում: Նախապես եզրակացությունները կտրվեն դատապարտյալին, ով ինքնուրույն կորոշի՝ արդյոք այս պայմաններում նպատակահարմար է դիմել դատարան, թե՝ կարելի է մի որոշ ժամանակ սպասել աշխատելով շտկել այն գործոնները, որոնք հանձնաժողովների կողմից անբավարար են գնահատվել:

Երկրորդ և երրորդ փուլերում առաջարկվում է ռիսկի գնահատման գործառույթն աստճանաբար փոխանցել պրոբացիոն ծառայությանը՝ նախ լուծարելով Անկախ, այնուհետ՝ Վարչական հանձնաժողովները:

Ներկայումս Արդարադատության նախարարությունը պատրաստել է Կառավարության որոշման նախագիծ, որով փորձ է արվում շտկել իրավիճակը: Նախագծով միակ էական փոփոխությունը եղածից կայանում է գնահատման թերթիկի ներդնումը, որտեղ, ըստ սանդղակի, գնահատվում են տարբեր գործոններ: Ենթադրվում է, որ այս չափանիշներին համապատասխանելու դեպքում Անկախ հանձնաժողովը կկաշկանդվի և չի կարողանա ակնհայտ կամայական որոշումներ կայացնել:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ նախագիծը միտված է բարելավել իրավիճակը և կարող է դիտվել՝ որպես առաջին քայլ բարեփոխումների ճանապարհին, սակայն երբ առաջարկվող նախագիծը համեմատում ենք եղած խնդիրների հետ (տես՝ Պայմանական վաղաժամկետ ազատում. գործընթացի հիմնախնդիրը) պարզվում է, որ այն ոչ միայն չի բարելավում իրավիճակը, այլև վատթարացման մեծ ռիսկեր է պարունակում: 

Մասնավորապես, առաջարկվող նախագծում առկա գնահատման գործիքը մշակվել է առանց իրավիճակի որևէ ուսումնասիրության: Այս պարագայում, երբ պարզված չեն գործիքում նշված չափանիշների ազդեցությունը կրկնահանցագործության ռիսկի վրա, ակնհայտ է, որ գործիքը չի կարող օբյեկիվ գնահատական ապահովել: Միևնույն ժամանակ դատապարտյալը շարունակում է զրկված մնալ բողոքարկման իրավունքից՝ Անկախ հանձնաժողովների դեպքում՝ դե յուրե, իսկ Վարչական հանձնաժողովների դեպքում՝ դե ֆակտո: Այսինքն՝ այս առումով առաջընթաց չի ապահովվի:  

Մյուս կողմից, հաշվի առնելով քրեակատարողական համակարգի կոռումպացման պոտենցիալը, Վարչական հանձնաժողովները (փաստացի` հիմնարկների պետերը) հնարավորություն կունենան կամայական որոշումներ կայացնել, հաշվի առնելով, որ իրենց կողմից մերժման դեպքում դատապարտյալը կվախենա բողոքել, իսկ ապoրինի դրական որոշումը հիմնավորված կլինի նույն հիմնարկի փաստաթղթերով (միջոցառումների մասնակցություն, խրախուսանքնեեր և այլն), որոնց վերահսկումը անհնարին կլինի, իսկ այդ գործոններով միավորներ ստանալը անմիջապես կդառնա առքուվաճառքի առարկա:

Նույնիսկ Վարչական հանձնաժողովի դրական որոշման դեպքում Անկախ հանձնաժողովը հնարավորություն կունենա առանց պատճառաբանության մերժել դատապարտյալի վաղաժամկետ ազատումը, հաշվի առնելով, որ այնտեղ որոշումները ընդունվում են ոչ թե մասնագիտական գնահատման հիման վրա, այլ ոչ-մասնագետների կողմից փակ գաղտնի քվեարկությամբ: Եվ այդ որոշումները կշարունակեն մնալ բողոքարկման ոչ ենթակա:

Արդյունքում, վաղաժամկետ ազատվողների թիվն առանձնապես չի ավելանա: Ուղղակի այն քչերի փոխարեն, որ այսօր կարողանում են ազատվել, կազատվեն նրանք, ովքեր կլինեն վճարունակ։ Վաղաժամկետ ազատման համակարգը կրկին կկոռումպացվի, իսկ դա իր հերթին կբերի ուժեղ հակազդեցության հետագա բարեփոխումների նկատմամբ: