Փաստաբաններն ընդդեմ ՀՀ վճռաբեկ դատարանի. բողոքը շարունակվում է

Փաստաբանները շարունակում են պնդել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կամայական
գործելակերպ է որդեգրել՝ ուշադրություն չդարձնելով իր իսկ կողմից կայացրած
նախադեպային որոշումներին և խոչընդոտելով փաստաբանների գործունեությանը: ՀՀ դատական
դեպարտամենտի ներկայացուցիչները չեն ընդունում մեղադրանքները:

Հիշեցնենք, որ 350-ից ավելի փաստաբաններ արդեն մի քանի օր է տարբեր ակցիաների ու
ասուլիսների միջոցով բարձրաձայնում են ՀՀ վճռաբեկ
դատարանի թերությունների մասին՝ պահանջելով, որ դատարանը հավատարիմ մնա օրենքի
տառին ու լինի կանխատեսելի կառույց ինչպես փաստաբանների, այնպես էլ՝ իրենց
պաշտպանյալների համար:

Հունիսի 11-ին մի շարք փաստաբաններ չեն ներկայացել դատական նիստերի՝ այդպիսով
արտահայտելով իրենց բողոքը, որին ՀՀ դատական դեպարտամենտը հակափաստարկ է ներկայացրել:

Պայքարող փաստաբաններից կազմված հանձնախումբը պահանջում է, որ ՀՀ
վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու դեպքում ներկայացնի
փաստարկներ, ինչպես նաև արձանագրություն կազմի:

«Քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանը
բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ, վճռաբեկ բողոքը համարվում է
ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:
Այսինքն պարզ է, որ քննարկումը տեղի է ունենում նիստում: Մեկ այլ՝ 146 հոդվածի առաջին
մասը, հստակ սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի նիստում վարվում է
արձանագրություն»,- պնդում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը
հայտնում է, որ Վճռաբեկ դատարանը միայն մեկ ապացույց չհետազոտելու արդյունքում
գործը հետ է ուղարկում ստորադաս դատարան, բայց քար լռություն է պահպանում, երբ
ստորադաս դատարանը ընդհանրապես որևէ ապացույց չի հետազոտել. ինչն անընդունելի է:

Փաստաբան Հայկ Ալումյանը
հիշեցնում է Արման Մկրտումյանին, որ ՀՀ 
վճռաբեկ պալատի նախագահ դառնալուց մի քանի օր հետո ինքը հանդիպում է նախաձեռնել  փաստաբանների հետ ու առաջնահերթ խնդիրներից է
համարել հենց այն կամայականությունները, որոնց մասին այժմ բարձրաձայնում են
փաստաբանները:

Ալումյանը նշում է, որ ՀՀ
վճռաբեկ դատարանը շահարկում է ռեսուրսներ չունենալու հանգամանքը, բայց 6 տարի առաջ
այդ ռեսուրսները քիչ են եղել, իսկ կամայականությունները՝ ավելի քիչ:

Փաստաբանները շարունակելու
են բարձրաձայնել  և քայլեր ձեռնարկել արդար
դատավարության սկզբունքները պահպանելու ուղղությամբ: