Առանցքային խնդիր է ընտրական գործընթացում քաղաքական և գործարար շահերի միահյուսման կանխումը

Առանցքային խնդիր է շարունակում մնալ ընտրական գործընթացում քաղաքական և գործարար շահերի միահյուսման կանխումը, ինչպես նաև քաղաքական և բարեգործական գործունեության միատեղման բացառումը. նշել է Սահմանադրական դատարանը՝ իր 2012թ. ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ կայացրած վճռում։ 

Այս վճռով ՀՀ սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» մայիսի 13-ի N 265-Ա որոշումը

Սահմանադրական դատարանը գտավ, որ «ՀՀ ընտրական համակարգի հետագա զարգացման խնդիրներով հանդերձ, 2012թ. ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ ԿԸՀ տրամադրության տակ եղած օրենքով նախատեսված հիմքերն՝ իրենց ամբողջության մեջ, օբյեկտիվ իրավական նախադրյալ են հանդիսացել մայիսի 13-ի 265-Ա որոշումն ընդունելու համար»:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը մայիսի 18-ին դիմել էր ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները՝ բերելով մի շարք փաստարկներ:

Պատասխանող կողմը՝ ի դեմս ԿԸՀ-ի, համարում էր, որ ՀԱԿ դիմումն անհիմն է, քանի որ բերված փաստարկներն ապացուցողական արժեք չունեն և ընդամենը սուբյեկտիվ գնահատականներ են:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ կանխատեսելի էր ՍԴ որոշումը, քանի որ «ընտրակեղծարարությունը կատարվում է պետականորեն համակարգված ձևով, որի մի մասն էլ Սահմանադրական դատարանն է»: ՀԱԿ-ը որոշել է ընտրությունների արդյունքները բողոքարկել, որպեսզի այդ կերպ հանրությանը ներկայացնի իրենց ձեռքի տակ եղած փաստարկները:

ՍԴ որոշումը ներկայացնում է դիմող կողմի բերած փաստարկները, պատասխանողի հակափաստարկները և դատարանի եզրահանգումներն ու գնահատականները:

Հավասարության սկզբունքը նախընտրական քարոզչության շրջանում

ՀԱԿ-ը գտնում է, որ ընտրությունների նախապատրաստման, նախընտրական քարոզչության ողջ ընթացքում և քվեարկության օրը խախտվել է ընտրությունների անցկացման հավասարության սկզբունքը՝ համաձայն ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածի:

Դիմողը պնդում է, որ ՀՀ նախագահը, վարչապետը, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում ընդգրկված այլ պետական պաշտոնյաներն, օգտագործելով վարչական ռեսուրսները, իրենց լիազորությունների կատարմանը զուգահեռ քարոզչություն են արել ՀՀԿ-ի օգտին:

ՍԴ-ն իր որոշման մեջ արձանագրել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուների գրանցումը մերժելու կամ հաստատելու մասին Ընտրական հանձնաժողովների որոշումները կարող են վիճարկվել ՀՀ վարչական դատարանում: ՍԴ-ում թեկնածուների գրանցմանը վերաբերող վեճերն առանձին քննության առարկա չեն կարող դառնալ և որպես ապացուցողական հիմք ընդունվում են Վարչական դատարանի կայացրած ակտերը:

Որոշման մեջ նշվում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից Ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները խախտելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել և Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա չի դարձել: Իսկ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ նախագահի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելու վերաբերյալ Ընտրական օրենսգիրքն այլ սահմանափակումներ չի նախատեսել:

ՍԴ-ն գտնում է, որ առկա ընտրական համակարգի պայմաններում խնդիրը պետք է լուծվի ոչ թե քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին նախընտրական քարոզչությանը մասնակցել արգելելու ճանապարհով, այլ Ընտրական օրենսգրքի 18 և 22 հոդվածների (նախընտրական քարոզչության սկզբունքներն ու սահմանափակումները) պահանջների կատարումը լիարժեքորեն երաշխավորելու միջոցով:

Վերահսկման և բողոքարկման համակարգն անարդյունավետ է. ՀԱԿ

Իր դիմումում ՀԱԿ-ը հավաստի չի համարում ընտրական ցուցակներում ընդգրկված և քվեարկությանը մասնակցած ընտրողների պաշտոնական թիվը՝ ներկայացնելով իր հաշվարկները: Պատասխանող կողմն էլ հակադարձում է, թե դիմողի ներկայացրած թվային տվյալներն ապացուցաողական որևէ հիմք չունեն, բացի այդ, ընտրողների թվի վերաբերյալ դիմողը ժամանակին և օրենքով սահմանված կարգով որևէ դիմում-բողոք չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը պնդում էր, որ տրամադրված կարճ ժամանակում ոչ մի կուսակցություն ի վիճակի չէ քաղվածքներ ու գրառումներ անել, տվյալներ ստուգել, ուստի իրավունքի պաշտպանության այս մեխանիզմը դառնում է անարդյունավետ:

Բողոքարկման իրավունքից չօգտվելը ՀԱԿ-ը հիմնավորել էր ԿԸՀ-ի և դատական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությամբ: «Սահմանադրական դատարանը նման փաստարկը հիմնավոր չի համարում տվյալ գործընթացին մասնակցողի համար, և արձանագրում է, որ առանձին տեղամասերում, այնուամենայնիվ, եղել են նման դիմումներ»,- գրված է ՍԴ որոշման մեջ:

ՍԴ-ն բերում է ԿԸՀ ներկայացրած հակափաստարկները, մասնավորապես այն, որ ընտրողների ստորագրած ցուցակներից նշումներ և քաղվածքներ անելու իր իրավունքը դիմումատուն ողջ ծավալով չի իրացրել. Հայաստանի 1982 ընտրական տեղամասերից ընդամենը 11-ի վերաբերյալ է համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացվել, որից միայն 4-ն է եղել ՀԱԿ վստահված անձանց կողմից: Առկա չէ որևէ բողոք հաստատելու, որ իրավասու որևէ անձի արգելվել է ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին, կամ չի թույլատրվել նշումներ կամ գրառումներ կատարել: Առկա չէ համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ որևէ մերժված կամ չընդունված դիմում:

ՍԴ կողմից ընտրական համակարգի բարեփոխման առաջարկությունները

Գնահատելով Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների արդյունքում առկա առաջընթացը, այդուհանդերձ, ՍԴ-ն գտնում է, որ «առանցքային խնդիր է շարունակում մնալ ընտրական գործընթացում քաղաքական և գործարար շահերի միահյուսման կանխումը, ինչպես նաև քաղաքական և բարեգործական գործունեության միատեղման բացառումը»:

Ընտրացուցակների հետ կապված թերությունների լուծման խնդիրը ՍԴ-ն համարում է ԿԸՀ լիազորությունների շրջանակից դուրս, և գտնում է, որ այն պետք է լինի կա՛մ ընտրական համակարգի փոփոխության, կա՛մ բնակչության պետական ռեգիստրի վարման կարգի բարեփոխման շրջանակներում: