Հունիսի 1. երեխաները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին

Մինչև Շվեդիա մեկնելը դպրոցական Շուշանիկ Բասմաջյանը չէր էլ մտածում, որ ամեն քայլափոխի
կտեսնի հաշմանադմության տարբերանշաններ՝ շենքերում, տրանսպորտային միջոցների
վրա, կտեսնի իր նման երեխաների, ովքեր ունեն հաշմանդամության խնդիր, բայց ազատ դուրս
են գալիս տներից ու տեղաշարժվում են քաղաքով:

«Ինձ թվում  էր, որ Հայաստանում հաշմանդամության
խնդիրներ ունեցողները շատ քիչ տոկոս են կազմում, բայց դրանից հետո, հասկացա, որ նրանք
շատ են։ Ուղղակի նրանց համար, ի տարբերություն եվրոպական երկրների, հատուկ պայմաններ
չեն ստեղծված, որ մեզ նման հավասար իրավունքներով ապրեն: Արդյունքում նրանք մնում են
տանը՝ կտրվելով ամբողջ հասարակությունից, որը շատ լուրջ խնդիր է»,- ասում է Շուշանիկ
Բասմաջյանը:

Շուշանիկը «Հույսի կամուրջ» ՀԿ–ի «Արևածաղիկ» ամսագրի փոքրիկ լրագրողներից է, ով
բարձրաձայնում է երեխաներին հուզող խնդիրների մասին:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պատասխանատու Զառա Բաթոյանը նշում է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, և, առհասարակ, երեխաների իրավունքներով զբաղվելիս առաջին հերթին պետք է լսել հենց իրենց՝ երեխաներին:

Նույն ամսագրի մեկ այլ լրագրող Ռուբինա Դավթյանը, ով այս տարի ավարտել է դպրոցը,
կարծում է՝ երեխաների իրավունքները հիմնականում խախտվում են դպրոցներում՝ այն վայրում,
որտեղ իրենք անցկացնում են օրվա մեծ մասը:

«Օրինակ՝ հատկանշական է ֆիզկուլտուրայի դասը: Շատ դպրոցներում մարզադահլիճը ոչ
բարվոք վիճակում է ու ձմռանը չի ջեռուցվում, որը խոչընդոտում է երեխաների պարապմունքներին:
Երեխաներն էլ մարզահագուստ չեն բերում, քանի որ ուսուցիչները չեն ձգտում դասընթացներն
անցկացնել հետաքրքրիր ձևով: Սա մի հարց է, որտեղ գումարներ պետք չեն, ընդամենը ուսուցիչը
պետք է կատարի իր պարտականությունը»,- համոզված է Դավթյանը:

Ռուբինան բացթողում է համարում նաև դպրոցների ոչ հագեցած լաբորատորիաները, քանի
որ աշակերտներն արդյունքում չեն կարողանում կիրառել իրենց տեսական գիտելիքները:

«Արևածաղիկի» երիտասարդ լրագրողները նաև համոզված են, որ դպրոցներում ուսուցիչների
կողմից կա  խտրական վերաբերմունք: Երեխաները,
նրանց կարծիքով, շատ ավելի հանդուրժող են հաշմանդամության խնդիրներ ունեցողների նկատմամբ,
որը չեն կարող ասել ուսուցիչների դեպքում:

Ոտքերի խնդիրներ ունեցող Արման Գրիգորյանը նշեց, որ հենց խտրական վերաբերմունքի
պատճառով է, որ դուրս է եկել Երևանի թիվ 45 դպրոցից ու ուսումը շարունակել է թիվ 49
դպրոցում: Այստեղ նրան թույլ են տվել մասնակցել ֆիզկուլտուրայի դասընթացին, որի
քննությունից էլ բարձր գնահատական է ստացել: 

«Արևածաղկի» սաներից Մուշեղ Հովսեփյանն առաջարկում է պաշտպանել ստեղծագործելու
իրենց իրավունքը ու դպրոցներում տարածել տարբեր ակումբների, այլընտրանքային կրթության
ու այլ երկրներ մեկնելու միջոցառումների մասին տեղեկություններ, քանի որ երեխաներն
ուզում են շփվել տարբեր երկրների երեխաների հոտ:

Հովսեփյանը շնորհավորելով ԱԺ պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ՝ հիշեցնում
է, որ կատարեն իրենց պարտականությունները ու 5 տարվա ընթացքում գոնե մի քանի անգամ
անդրադառնան երեխաների իրավունքներին: